Image

Եռաբլուրը՝ խնկարկվող զավակատուն

Երկու օր առաջվա՝ «Լռության օրհնանքն ու պարտադրանքը» հրապարակումիցս հետո ընթերցողներիցս մեկը թե՝ ի վերջո համարձակվեցի՞ր Եռաբլուր գնալ։ Պատասխանում եմ․ ո՛չ, չհամարձակվեցի, բայց գնացի։ Հետո թղթին հանձնեցի անասելի ծանր ապրումներս։ Հիմա ցավով վերակրկնում եմ դրանք։ Ցավով, բայց անհրաժեշտաբար։ Որովհետեւ մեզ եւ ընդհանրապես աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի համար Եռաբլուրը երդման տեղ պիտի լինի։

Գնացի։ Խոստում տվեցի, բառ տվեցի, գրավոր, ինքս ինձ, փաստեցի, որ ուժ գտնեմ, որովհետեւ բառն ինձ համար կնիքի ուժից էլ վեր է։ Կարծում եք՝ համարձակվեցի՞ Եռաբլուր մտնել… Գնացի։ Տաքսուց իջա, գումարը մեկնեցի վարորդին, ասաց՝ պետք չէ։ Կանգնեց կողքիս, ծխեց, նստեց մեքենան, շարժիչը միացրեց, հետո հանգցրեց, եկավ կանգնեց կողքիս, նորից ծխեց,  կրկին ծխեց՝ երեւի 4-5 անգամ ու գնաց…

… Հորաքույր եմ ունեցել՝ Ձայնիկ անունով։ Նրան երբեք չեմ ճանաչել։ Մահացել էր մինչ ծնողներիս ամուսնանալն ու իմ լույս աշխարհ գալը։ Երբ ծնվել եմ, ինձ փորձել են անվանակոչել նրա անունով, պապս չի թողել. «Աղջկաս ճակատագիրը թոռիս մի կպցրեք»։ Տոհմիս ու տոհմակիցներիս կյանքի վեր ու վարը քչփորելու սովորույթն ունենալով՝ Ձայնիկի թեման միշտ լուռ շրջանցել եմ։ Ցավը խորն էր, ես էլ բավականաչափ հասուն չէի գաղտնիքները նրբորեն իմանալու։ Հազար կորուստ տեսած ադեիս (մշո բարբառով՝ տատ) հաճախ եմ աչքերը սրբելիս տեսել, քթի տակ միշտ դնդնում էր՝ Ձայնիկի անունը տալով։ Մի երեկոյան, երբ ոչխարների գլուխները բռնում էի, որ տատս կիթ աներ, ուղիղ հարցրեցի. «Ձայնիկն ինչի՞ց է մահացել»։ «Աքսորից եկավ, հիվանդ էր, ինքն ու իրեք լաճն էլ գնացին»,- շարունակեց դնդնալ։ «Տարիները ցավը չե՞ն թուլացրել» (հիմար հարց տվեցի)։ «Ո՜նց կթուլացնեն, Ձայնիկիս զավակատունն էլ մեռավ»,- ու առաջին անգամ տատիս ձենով լացելիս տեսա։ Ուժ չունեցա նրան գրկել, գոմից դուրս փախա, իբր՝ վա՜յ, ես քաղաքում ապրող մարդ, գոմից էս ի՜նչ հոտ է գալիս։ Օրեր անց միայն բարեկամներիս հարցնում եմ՝ «Ինչու ադես ասաց՝ իրեք լաճ, երկու երեխա չի՞ ունեցել»։ Բարեկամներս թե՝ «չէ, մի լաճն էլ զավակատանն էր»։ Աստված իմ՝ փաստորեն՝ հորաքույրս մահանալիս հղի է եղել, ես էլ անընդհատ պապուս հոգին հանելու համար ասում էի՝ «աղջկադ շատ ես սիրել, լավն է եղել շատ, գիտեիր, ես էդքան լավը չեմ լինելու, նրա անունը ինձ չտվեցի՞ր»…

Ցավը չէր թուլացել, որովհետեւ «զավակատունն էլ էր մեռել», որովհետեւ հորաքրոջիցս հետո մնալիք հետքն էլ փրկել չէր հաջողվել, որովհետեւ զավակատան լաճն էլ էր մեռել…

Եռաբլուրի մուտքի մոտ սպասեցի ոտքերիս ուժ գա, սրտի դեղ խմեցի, խորը շունչ քաշեցի, որոշեցի մինչ մտնելս քայլել մի քիչ։ Մեր ազգի զավակատունն էլ սա է։ Ներսում մեր որդիներն են, որ չհասցրեցին սաղմնավորել հազարավոր զավակատներ ու առաջին կամ կրկին անգամ տեսնել զավակատների նոր էակներին…

Մեր ազգի զավակատունն էլ Եռաբլուրն է։ Խնկարկվող զավակատունը։ Բայց մեր զավակատունն անհետք չէ։ Մեր զավակատան գործը կա ու այդ գործը շարունակելու պատասխանատվությունը։

Հայրենիքի մի մշտական կամավոր ռազմիկի եմ ճանաչում, նա ու նրա զինակիցները հազար անգամ հաղթել են մահին։ Ասում է՝ «հենց տեսնում եմ թուլանում ենք՝ Նժդեհի խոսքերն եմ կրկնում.- Երբ պատերազմի դաշտում քեզ մենակ ես զգում, հե՛տ նայիր եւ կտեսնես, որ քո հետեւից գալիս են մեր բազում նահատակները.- էլ ո՜ր մի զինվորը կթուլանար՝ իմանալով, որ իրեն հետեւում են Նժդեհի, Անդրանիկի, Սերոբի… հոգիները»… 

Հիմա մենք ո՜նց թուլանանք, մեր հետեւում, մեր կողքին, մեր աչքի առաջ մեր ազգի զավակատունն է՝ Եռաբլուրը։ Մեզ ո՜նց էդ թուլանալու իրավունքը տանք։ Անիրավունք, ապաշնորհ, չարդարացված «իրավունքը»։

Իրավունք ունե՞նք։ Բա մեր ազգի զավակատան լաճերին ի՜նչ պատասխան տանք։ Իրավունք  ունեի՞ էդպես թուլացած Եռաբլուր մտնել։ Ասենք թե սրտի դեղերը մի հինգ-տասը րոպե ուժ «ձեւացնեին»։ Էստեղ գալիս պիտի խոսք ունենաս։ Էստեղ գալիս պիտի ասես՝ տղե՛րք, էս ձեր գործի շարունակության իսկական առաջին ապացույցը, էսպես արվեց ու էսպես կարվի, մեկ էլ կգամ երկրորդ ապացույցը ձեռքիս, մեկ էլ՝ երրորդ…

Նայում եմ ձեռափերիս ու բան չկա՝ մեկ հատիկ ոլորած ծխախոտից զատ։ Իսկ դա ապացույցը չէ, դա թուլությունն է։

Իսկ Եռաբլուրին թուլություն պետք չէ։ Ապացույց է պետք։ Ապացույցը ստանալ է պետք։ Որ այստեղ բերենք իբրեւ փաստ՝ նրանց գործի արժեքի ու մեր լինելիության իրավունքի։ Որովհետեւ մեր հետեւում, մեր կողքին, մեր աչքի առաջ մեր ազգի զավակատունն է՝ խնկարկվող զավակատունը։ Որի հիշատակն անմար պահելու համար, որին արժանի լինելու համար մեզ հետ ստանալ է պետք… ապացույցները։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։