Image

Եռաբլուրում օդը շատ է ծանրացել

Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով: Քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է..

Աշոտ (Բեկոր) Ղուլյան,

 

Եռաբլուրում, որտեղ օդը, սկսած 2020թ․ հոկտեմբերից ծանրանում էր ու ծանրանում, այսօր՝ 2023թ․ սեպտեմբերի 21-ին, որն է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման օրը, առավել ծանր էր ու լի նախատինքով։ Տոնը դարձավ սգո օր։ «Խոնարհ հերոսները» ֆիլմաշարի հեղինակ ու ռեժիսոր Սամվել Թադևոսյանի հետ այցելեցինք Սրբավայր։ Այստեղ էին մեկտեղվել Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, խաղաղ տարիներին վախճանված մեր քաջորդիների Սուրբ հոգիները, որոնք հազարավոր են, ու միասին մեզ պարտադրում են՝ տեր կանգնել Արցախին։ Պարտադրում են, եթե ոչ՝ չեն ներելու ոչ մեկիս, խռով են մնալու։ Սա է իրողությունը։ Շրջում եմ Սուրբ-հանգստարանում, կանգնում Անմահ հերոսների շիրիմների մոտ, նայում սառը քարին քանդակված նրանց լուսե դեմքերին ու ներողություն եմ հայցում, կոկորդս խեղդվում է արցունքից, բայց․․․ Գնդապետ Ռոբերտ Գևորգյանի շիրմաքարն առաջինն էր, որ մոտեցա։ Հերոս-Նահատկն իր հրամանատարությամբ գործող ոստիկանության ջոկատով բազում մարտերի մասնակցեց ու միշտ հաղթում էր։ 1993-ին Լաչինի միջանցքի պահապանների շարքում էր։ Այստեղ հանդիպեցի նրան։ Մեկ տարի անց վիրավորներին Հորադիզից ուղեկցելիս ընկավ թշնամու ծուղակը։ Վիավորներին փրկեց՝ ինքը միայնակ կռվեց թշնամու դեմ ու անմահացավ՝ մնալով անձնազոհ ու հայրենանվեր զինվոր-ոստիկանի կերպարում։ Քաջորդու հոգին շատ էր տխուր ու պահանջկոտ։ Ներողություն եմ խնդրում նրանից, Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի /ԲԻԽ/ անդամ այն քաջորդիների հոգիներից, որոնց հետ 1989-91 թվականներին Բերդաձորն էինք պաշտպանում։ Ստեփանը, ում սպանեցին 1991թ․ հունվարի 17-ին այտեղ հերթապահող «խաղաղապահ» կոչվող խորհրդային զինվորականները, Նորագավիթում է հուղարկավորված, բայց նրա հոգինել է միացել Անդրանիկի, Սաքոյի, Անուշավան Գրիգորյանի/սպսնվեց թուրք-խորհրդային զինվորների կողմից 1991թ․ մայիսի 15-ին մեծ Շեն գյուղի իր տանը՝ հղի կնոջը պաշտպանելու պատճառով/, Վարդան Բախշյանի, Անուշավան Հարությունյանի, Նորիկի․․․ հոգիներին ու նախատում են մեզ, դժգոհում, որ այսօր արդեն դատարկ է Բերդաձորի Եղցահողը, մնացած գյուղերը հոգեվարքի մեջ են։

 

Շատ են 44-օրյա պատերազմում նահատակվածները՝ հազարներ են, ու բոլորը դատապարտում են մեզ, որ 44-օրյա կռվի ողջ ընթացքում անառիկ պահեցինք Քարվաճառն ու Քաշաթաղը, Ակնան ու Տիգրանակերտը, Կովսականի ու Քաշունիքի որոշ հատվածներ, շատերն ընկան հերոսաբար պաշտպանելով հայրենի երկիրը, իսկ մեր իշխանությունները դրանք հանգիստ հանձնեցին թուրքին՝ հայտարարելով՝ Արցախն Ադրբեջանի մաս է, մեզ խաղաղություն է պետք։ Տխուր է, ողբերգական, բայց իրողություն, իսկ մենք լռում ենք, շատերը գտնում են՝ այդպես էլ պետք է լինի։ Իսկ խաղաղության փոխորեն 2022թ․ եղան արդեն հարձակումներ Հայաստանի Հանրապետության վրա, և՝ այն տարածքներից, որոնք թուրքին հանձնել էինք հոժարակամ։ Ու դարձյալ հարյուրավոր զոհեր, ովքեր համալրեցին Սուրբ նահատակների շարքերը։ Շատերը Եռաբլուրում են։ «Վարդանանք» կամավորական ջոկատի հրամանատար Մանվել Խաչատրյանը՝ Ճուտը, 7 զինակիցների հետ նահատակվեց 2022-ի սեպտեմբերին Ջերմուկը պաշտպանելիս։ Դեռևս պատանի, զինվորագրվեց Արցախի ազատագրման պատերազմին, մասնակցեց բոլոր պատերազմներին։ Շիրմաքարին նրա մշտաժպիտ դեմքն է, բայց արդեն պահնջկոտ։ Դուստրը՝ Ռուզաննան, գրում է․ «33 տարի կյանքիդ ամենալավ տարիները նվիրեցիր Արցախին ու Հայաստանին, 33 տարի ապրեցիր Արցախով ու Հայաստանով… Արյուն թափեցիր էտ հողի համար… Արցախն էսօր էլ չկա, Պապ։ Կներես, որ քո, պապիիս ու մեր տղերքի ազատագրած Արցախն էլ մերը չի… Հազար երանի ձեզ որ չտեսաք… Դու չէիր կարող, դու չէիր դիմանա…»։ Արցախյան պատերազմի առաջին օրերից Մարտակերտի շրջանում զինվորական հոսպիտալում վիրաբույժ ծառայած Արցախ Բունիաթյանը, ով փրկել է բազում քաջորդիների կյանքեր, վախճանվեց 2012-ին։ 1996 թվականին հիմնել էր Քաշաթաղի բուժմիավորումը և գլխավորում էր այն։ Այդ միշտ բարի ու հանդուրժող Նժդեհականն այս անգամ այլ հայացքով է նայում իր սառը շիրմաքարից, որի մյուս կողմում նրա խոսքն է գրված․ «Զինվորի արյունը հոսել, դաջվել էր կանաչին։ Տեսնես ու՞մ արյունն է․ դա մեր բոլորի արյունն է․․․»։ Եվ մեր բոլորի արյունով ողողված Սուրբ հողը՝ Արցախը, հանձնում ենք։ Մոնթեն չի ներում, ասում էր․ «Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։ Ասում էր, բայց չլսեցինք, անտեսեցինք խոսքը մեծ զորավարի, ով Արցախյան առաջին պատերազմի ընթացքում իր հերոսությամբ ու նվիրվածությամբ կարողացավ ստեղծել ամուր բանակ ու անառիկ պահել Մարտունու շրջանը, ազատագրել Քարվաճառը։ 1993թ․ հունիսի 12-ին նահատակվեց՝ մեզ ժառանգելով ազատ Մարտունի, այլ տարածքներ։ Զորավար Անդրանիկի հոգին ավելի է խռովել, դեռևս Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակ նա հեռացավ հայրենիքից՝ չհանդուրժելով անարդարությունը։ Այսօր առավել է պահանջկոտ։ Սոսե Մայրիկն էլ է տխրել, երբ դավաճանեցին Սերոբին, նա կռվեց, որ պաշտպանի սիրելի ամուսնուն ու մեծ հայրենասերին։ Իսկ այսօր Եռաբլուրում տխրել ու չի ներում ոչ մի դավաճանի։ Սպարապետ Վազգեն Սարգսյանը, ով 1992թ․ ամռանը, իր կոչով, ստեղծեց մահապարտների ջոկատ, ու փրկեցինք Արցախը, նույնպես չի ներում մեզ։ Սպարապետի շիրմի հարևանությամբ է քաղաքական ու հասարակական գործիչ, «Անկախության բանակ»-ի հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմը։ Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիրը վախճանվեց 1997 թ․ ընդամենը 47 տարեկան հասակում՝ չդիմանալով արդեն ստեղծված քաղաքական ոչ ճիշտ իրողությանը։ Միշտ զգուշացնում էր՝ պետք է ունենանք ազգային, հայրենանվեր իշխանություն։ Այսօր նրա կինը չի դադարեցնում լացը։ Դուստրը՝ Անուշը, գրում է․ «․․․Չի լացել /երբեք/, որովհետև կյանքի նպատակ է ունեցել։ Այսօր լալիս է, ասում է «...այլևս ապրելս իմաստ չունի, կյանքիս ողջ նպատակը ջուր դարձավ, հորդ կյանքի ամբողջ իմաստը արժեզրկում են, մեր երկիրն այլևս..., հորդ ի՞նչ պատասխան եմ տալու...»։ Մորս արցունքները չեմ ներելու, ոչ մի բան ու ոչ մեկին չեմ ներելու։ Ու սա զգացմունքային գրառում չէ, սա հետագա քայլերիս ու նպատակներիս անքակտ վերահաստատումն է։ Հայաստանը՝ որպես անկախ պետություն լինելու է ու կյանքս այդ նպատակին է ծառայելու։ Որևէ երկրի դրոշի տակ Հայաստանը տեսնել ցանկացող յուրաքանչյուրը ոխերիմ թշնամիս է, անկախ նրանից ընկերս է, բարեկամս, թե՝ հարազատս․․․»։ Անհայտ կորած զինվորների հուշաքարի մոտ առավել անտանելի վիճակ է․․․ Ու՞ր են տղերքը՝ մարտի ելած։ Բոլոր պատերազմների մասնակից ու Քաշաթաղի առաջին բնակիչներից Կարինե Աղեկյանը, ով, չնայած տարիքին, մասնակցեց նաև 44-օրյա պատերազմին, վախճանվեց հրադադարից օրեր անց՝ չդիմանալով ողբերգական իրողությանը, լուռ նայում է շիրմաքարից, ու նրա մշտարդար ու պահանջկոտ հայացքին արդեն դժվար է դիմանալ։ Դուշման Վարդանը՝ Շուշիի ու Բերձորի ազատագրողը, նախատինք արտահայտող հայացքով է նայում մեզ՝ ողջերիս, որ անիմաստ թողեցինք արդար պայքարը և հանձնեցինք միշտ պայքարող, միշտ Հայստանի կարևոր մաս կազմող հերոսական Արցախը։ Նրա հարևանությամբ է ննջում անվանակիցը՝ Վարդան Ամալյանը՝ լուսե մի տղա, ով մարտիրոսվեց Շուշիում 44-օրյայի ժամանակ։ Միշտ հանդուրժող ու բարի պատանին նույնպես մռայլ է այսօր։ Երբեմն աչքերս փակ եմ անցնում 18-20 տարեկան լուսե դեմքերով մեր նահատակների շիրնաքարերի մոտով։ Դժվար է, անտանելի։ Բերձորցի ֆուտբոլիստ Ժորա Սարգսյանը, ում խաղը շատ էի սիրում, ով մարտիրոսվեց հերոսաբար, ժպտադեմ է, բայց պահանջկոտ․ իր ու մարտական ընկերների արյամբ ողողված հողն ու՞մ ենք թողնում։ Եռաբլուրում հանդիպում եմ Քաշաթաղի շրջանի Կովսականում բնակված ամուսիններ Գևորգ Հավհաննիսյանին ու Կարինե Խաչատրյանին։ Ծաղիկներ էին խոնարհում ու խնկարկում 2017թ․ մարտի 30-ին Արցախ-Հայաստանի սահմանը հերոսաբար պաշտպանելիս նահատակված իրենց Գոռ որդու շիրիմին։ Խնկաբույրն էլ է ծանր։ Շատ շիրիմների այցելեցինք․ պետք է լավ հիշենք Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի խոսքը․ «․․․մի նռնակ ունեմ, օղակը քաշած սպասում եմ իրենց, երբ գան, ես իրենց մաման... Ով էլ որ այս դիրքը հանձնի... Ես այս դիրքը չեմ հանձնելու․․․»։ Իսկ այսօր հանձնում ենք շատ դիրքեր՝ առանց օղակը քաշելու։ ՏՂԵՐՔ, եթե կարող եք՝ ներեք․․․ Առավել դժվար է Արցախի տարածքում հուղարկավորված քաջորդիների համար, նրանց անհանգիստ հոգիներն ավելի են պահանջկոտ ու դատապարտող․ «․․․ու՞մ եք թողնում մեր շիրիմները․․․»․․․ Աստվածն էլ չի ներելու։

 

Հ․ Գ․ Երբ Եռաբլուրուրում էի, այստեղ այցելեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդը՝ հոգևորականների ուղեկցությամբ։ Տերունական աղոթքով դիմեց Առ Աստված, որ Տերն ընդունի բոլոր նահատակների հոգիները և դասի սրբերի կարգում։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։