Image

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից սերտած դասերը եւ անտարբեր դիտորդների միջազգային համայնքը

ՏՈՐՈՆՏՈ, 21 սեպտեմբերի, 2023 թ: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խաղաղ բնակչության դեմ իրականացված ռազմական գործողությունները վատթարացել են, քանի որ Ադրբեջանը սկսել է ուղղակի զինված հակամարտություն։ Դա տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղը Հայաստանից կապող միակ ճանապարհը շրջափակելուց եւ հայերին` տեղի բնիկ ազգաբնակչությանը, կյանքի համար անհրաժեշտ հիմնական ռեսուրսներից զրկելուց հետո: Մեծ տերությունների և իրավապաշտպան կազմակերպությունների մեծ մասը տեղյակ է եղել 2022 թվականի դեկտեմբերից սկսած 9-ամսյա շրջափակման մասին, որն արվել է հսյերին էթնիկ զտման ենթարկելու մտադրությամբ։ Գերտերությունները նաև հրապարակային հայտարարություններ են արել վերջին օրերին իրավիճակի սրման առնչությամբ՝  առանց հստակ անուն տալու եւ դատարպարտելու տեղի ունեցող ոճրագործությանը։ Սա այն դեպքում, երբ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն նշում է,-«Կան լուրջ հիմքեր պնդելու համար, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ տեղի է ունենում ցեղասպանություն»։ Շրջափակման վերաբերյալ գերտերություների արած այս հայտարարությունները լոկ դատարկ խոսքեր էին վայրագությունների, շրջափակման եւ ցեղասպանության իրական մտադրության վերաբերյալ։

Ի պատասխան Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի ներխուժմանը՝ երեքշաբթի օրը Միացյալ Նահանգները տարածեց հետևյալ հայտարարությունը.

«…Այս գործողությունները վատթարացնում են առանց այն էլ դաժան մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և խաթարում խաղաղության հաստատման հեռանկարները։ Ինչպես մենք նախկինում հստակեցրել ենք Ադրբեջանին, վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելու ջանքերին: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և քաղաքավարի երկխոսություն սկսել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև»։

Միացյալ Նահանգները այս հայտարարությունը տարածում է, երբ ինքը եւս  որևէ պատժիչ գործողություն չկատարեց Ադրբեջանի Հանրապետության դեմ Լաչինի միջանցքի շրջափակման համար, որը մարմնական և հոգեկան լուրջ վնաս է հասցրել Լեռնային Ղարաբաղի հայերին և դիտավորյալ ստեղծել կյանքի այնպիսի պայմաններ, որոնքը հաշվարկված են ֆիզիկական ոչնչացման հանգեցնելու համար: Սա այն դեպքում, երբ Արդարադատության միջազգային դատարանը ժամանակավոր միջոց է ընդունել պարտավորեցնելով Ադրբեջանին՝ «ձեռնարկել բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար»: Հարկ է նաև նշել, որ Միացյալ Նահանգները դեմ չեղավ ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելուն՝ լավ իմանալով, որ այդ զենքերը օգտագործվելու են ցեղասպանության հանգեցնելու մեծ հավանականություն ունեցող հակամարտությունում։

Թեև միջազգային հանրությունը և խոշոր տերությունները ընդունում էին այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենում ցեղասպանական գործողություններ, նրանք չկարողացան իրականացնել որևէ իրական միջամտություն, գործողություն կամ կանխարգելիչ միջոց: Սա հանգեցնում է շատ վտանգավոր և մտահոգիչ օրինաչափության, երբ ազգային պետությունները դառնում են ականատեսներ, հանցագործության վկաներ՝ առանց միջամտելու կամ կանխաչգելելու քաղաքական նպատակահարմարության համար շարունակվող ցեղասպանությունները: Լեռնային Ղարաբաղի խնդիրը հատկապես սրվում է, երբ նայում ենք այն ցեղասպանություններին, որոնց ենթարկվել է հայ ժողովուրդը նորագույն պատմության ընթացքում, և որոնք կարող են կրկնվել։

Օրինակ՝ 1913-1916 թվականներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, անդրադառնալով 1915 թվականի հայերի ջարդերին, զգուշացրել է օսմանյանիշխանությունների մտադրությունների մասին՝ հայտարարելով հետևյալը.

«Երբ թուրքական իշխանությունները տեղահանությունների վերաբերյալ հրամաններ էին արձակում,  նրանք պարզապես մի ամբողջ ցեղի մահվան հրամաններ էին տալիս, նրանք դա քաջ գիտակցում էին և ինձ հետ զրույցներում որեւէ հատուկ փորձ չէին անում այդ փաստը թաքցնելու համար»:

Համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի՝ Մորգենթաուի  հիշատակված «մահվան հրամանը» ըստ էության ցեղասպանություն է: Մորգենթաուն գրել է նաև Հայոց ցեղասպանության գլխավոր ճարտարապետներից մեկի՝ Թալաթ Փաաշայի հետ ունեցած զրույցի մասին, ով իրեն ասել էր հետեւյալը,- «Ձեր վիճելն անօգուտ է։ Մենք արդեն ազատվել ենք հայերի երեք քառորդից... Թուրքերի ու հայերի ատելությունը հիմա այնքան ուժեղ է, որ մենք ստիպված ենք նրանց վերջ տալ։ Եթե ​​մենք չանենք դա, նրանք կծրագրեն իրենց վրեժը»։ Ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների տրավման փոխանցվում է նրանց ժառանգներին, որոնք այսօր ապրում են Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և աշխարհասփյուռ Սփյուռքում։

 

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է, ում գործողությունները Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովուրդի դեմ արտացոլում են Թալեաթի քայլերը ավելի քան 100 տարի անց Լաչինի միջանցքը շրջափակելու, հայերին իրենց ապրուստից զրկելու, տներից բռնի տեղահանելու և պատերազմը՝ որպես Լեռնային Ղարաբաղի հանձնումը պարտադրելու միջոց։ Այս հանցագործությունների և անպատժելիության շարունակականությունը շատ ակնհայտ է դառնում, երբ տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը այժմ ապավինում Թուրքիայի՝ Օսմանյան կառավարության իրավահաջորդի լուռ աջակցությանը: Թուրքիան չպատժվեց այն ժամանակվա խոշոր տերությունների կողմից 1915 թվականին իր գործած հանցագործությունների համար՝ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, և այժմ էլ տեսնում ենք նույն անպատժելիությունը, որը տրվել է Ադրբեջանին այսօրվա խոշոր տերությունների՝ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ռուսաստանի և ԵՄ-ի կողմից:

Հաշվի առնելով այսօր Լեռնային Ղարաբաղում այսօր տեղի ունեցող հանցագործությունների նկատմամբ անգործությունը, ինչպես Թուրքիայի դաշնակից Գերմանիայի դեպքում էր 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ, այսօրվա գերտերությունները եւս մեղսակից են դառնում  հայության դեմ այս պահին իրագործվող ցեղասպանությանը։ Այսօրվա գերտերությունների մատուցած արջ ժառայունունը հիշեցնում է 1915թվականի գերտերությունների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի հայտարարությունը, որով դատապարտում էին Օսմանյան կայսրությանը մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների համար՝ նշելով հետեւյալը․

 

«․․․Միևնույն ժամանակ Կոստանդնուպոլսում Օսմանյան կառավարությունը դաժան վերաբերմունք է ցուցաբերում անվնաս հայ բնակչության նկատմամբ։ Հաշվի առնելով մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի այդ նոր հանցագործությունները, Դաշնակից կառավարությունները հրապարակայնորեն հայտարարում են Բարձրյն Դռանը որ իրենք անձամբ պատասխանատվության են ենթարկելու Օսմանյան կառավարության բոլոր անդամներին և նրանց գործակալներին այս հանցագործությունների համար, որոնք ներգրավված են եղել  այս կոտորածներում»։

Որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, որն կոչված է իրազեկելու եւ կանխարգելելու ցեղասպանությունները կրթության և գիտության միջոցով, մենք ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպես են մեծ տերությունների անտարբերությունը և քաղաքական նպատակահարմարությունը քաջալերում այսօրվա և ապագայի մեղավորներին: Ստորև ներկայացնում ենք միջազգային հանրության որոշ հայտարարություններ, որոնք ոչ այլ ինչ են, քան անգործություն և քաղաքական նպատակահարմարություն քաջալերող արտահայտություններ․

ՌՈՒՍԱՍՏԱՆ. «Ռուսաստանը «մտահոգված է» Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությամբ՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի երկշաբաթյա շրջափակման պատճառով… - Դմիտրի Պեսկով, 9 դեկտեմբերի, 2022թ.

«ԱՄՆԵՍԹԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ»․ «Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չզրկվի սննդամթերքից և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներից»: - «Ամնեսթի ինթերնեյշնլ», 9 փետրվարի, 2023 թ․

ԳԵՐՄԱՆԻԱ. «Մարդկային կյանքերը չեն կարող դառնալ աշխարհաքաղաքական լծակներ», - Բունդեսթագի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մերլ Սփելերբերգ

ՄԻԱՑԱԾ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. «Միացյալ Թագավորությունը խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքի շարունակական խափանումներով, որոնք սպառնում են կյանքեր փրկող դեղամիջոցների, առողջապահական խնամքի և այլ կարևոր ապրանքների և ծառայությունների մատակարարմանը, ինչը հումանիտար հետևանքներ կունենա տեղի բնակչության համար»: - Դեսպան Ջեյմս Կարիուկի, 16 օգոստոսի, 2023թ

ՖՐԱՆՍԻԱ. «Ես դատապարտում եմ այս շրջափակումը։ Մենք միշտ ասել ենք, որ աջակցում ենք ժողովուրդների ինքնիշխանությանը: Ֆրանսիան միանշանակ դատապարտել է 2020 թվականի պատերազմը և կազմակերպել բազմաթիվ մարդասիրական գործողություններ…» - Նախագահ Էմանուել Մակրոն, 25 օգոստոսի, 2023 թ.

Այս բոլոր հայտարարությունները, չնայած Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի սահմանմանը, ըստ էության խաղաբառեր են «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման շուրջ՝ հանուն քաղաքական նպատակահարմարության։ Անցյալի հանցագործությունների անպատժելիությունը շարունակում է խթանել ներկայիս և ապագա բռնությունները: Ինստիտուտը մտահոգված է, որ միջազգային հանրությունը հերթական անգամ դատարկ հայտարարություններ է անում՝ դատապարտելով Ադրբեջանի հանցագործությունները՝ առանց որևէ իրական շոշափելի աջակցություն և օգնություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ցեղասպանական բռնությունների դեմ պայքարում։

Մենք՝ Ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտում (Զորյան ինստիտուտի բաժին) ցեղասպանության և մարդու իրավունքների հարցրեով զբաղվող գիտնականների հետ ամբողջ աշխարհում շարունակում ենք մեր աշխատանքն ու էներգիան ներդնել ցեղասպանության հանցագործության կանխարգելման գործում: Անչափ հուսահատեցնող է, որ չնայած ակադեմիական հետազոտություններին և Լեռնային Ղարաբաղում հնարավոր ցեղասպանության մասին վաղ նախազգուշացումներին, գերտերությունները՝ որպես անտարբեր դիտորդներ, շարունակեցին սպասարկել իրենց աշխարհաքաղաքական շահերը՝ ի հաշիվ մարդկային կյանքերի, ինչպես դա արվեց մյուս  ցեղասպանությունների՝ Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, Ռուանդայի ցեղասպնաության պարագայում։ Հետևաբար, մենք կոչ ենք անում գերտերություններին և միջազգային հանրությանը այլևս չդառնալ անտարբեր դիտորդ այն իրադարձությունների, որոնք կարող են վերածվել ցեղասպանության, այլ  առաջին իսկ նշանների դեպքում ձեռնարկել կանխարգելիչ գործողություններ, ինչպիսիքը պետք է արվեին Լաչինի միջանցքի շրջափակման դեպքում։

Մենք հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վայրագությունների պատճառը ՄԱԿ-ի տարածքային ամբողջականության և ինքնորոշման երկու սկզբունքների բախումն է։ Այնուամենայնիվ, դեռևս ուշ չէ, որ  գերտերությունները ներգրավվեն և դառնան երկու կողմերի միջեւ հաշտեցման հաստատման կատալիզատորներ: Միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում  եւ պետք է ապահովի, որ Ադրբեջանը թույլ տա Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդին ապրելու իր պապենական հողի վրա ինքնակառավարման իրավունքով՝ թույլ տալով ծաղկել մշակութային, սոցիալական և տնտեսական ողջ ներուժով: Մեծ տերությունների նման երաշխիքները պետք է պաշտպանված լինեն պատժիչ դրույթներով՝ Ադրբեջանին հետ պահելու նման համաձայնագիրը երբևէ խախտելուց՝ այդպիսով կանխելով ցեղասպանությունը:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։