Աջակցություն

Ամենածանր օրերն ենք ապրում այս օրերին։ Հայաթափվում է հայոց աշխարհի մի հատվածը ևս՝ Արցախը։ Տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու նպատկով շատերն են այս օրերին օգնում ավտոմեքենայով, բնակարանային խնդիրներ լուծելով և այլ ծրագրերով։ Շատերն էլ կազմակերպել են անհրաժեշտ պարագաների ու սննդի հավաքում։
Երևանի Այգեձոր 70 հասցեում արցախցի Սաիդա Պողոսյանը, համախոհների ու կամավորականների համագործակցությամբ, ձեռնարկել է աջակցության հարթակ, որտեղ էլ արդեն բավականին սնունդ ու հագուստ, մանկական կեր, հիգիենայի և այլ պարագաներ է հավաքվել։ Ս․ Պողոսյանը մշտապես է եղել Հայոց բանակին աջակից՝ սկսած 2016 թվականի Ապրիլյան Քառօրյայի օրերից։ Իսկ խաղաղ ժամանակներում շարունակել է աջակցությունը բազմազավակ ու կարիքավոր ընտանիքներին։ Ծնունդով հադրութեցի ու ազատամարտիկի դուստր՝ Ս․ Պողոսյանը նվիրյալ կամավորական ու հայրենասեր ամուսնու հետ, չնայած ունեն մանկահասակ երեխաներ, այսօր ամեն ինչ անում են՝ որոշակի թեթևացնելու մեր հայրենակիցների խնդիրները։ Երբ փակ էր «Կյանքի ճանապարհ»-ը, և Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, տեղի էին ունենում բողոքի գործողություններ, այլ իրադարձություններ, Սաիդան նույնպես այդ տարածքում էր ու նաև մասնակցեց հացադուլի։ Այսպիսին է հայ դուստրը, կինը, մայրը՝ օրհասական պահերին պետք է հնարավորության սահմաններում դառնա աջակից դժբախտության ու դժվարության մեջ գտնվող հայրենակիցներին։ Այգեձորում ներկա եմ եղել կատարվող աշխատանքներին։ Յուրաքանչյուր օր 10 և ավելի կամավորականներ են աշխատում՝ տեսակավորելով սնունդ ու հագուստ, գրենական ու այլ պիտույթներ։ Հավաքել են նաև մեծ թվով վառելիքի ու ջրի պլաստմասե ամաններ, որ հասցվի ճանապարհին գտնվողներին։ «Պարտականություն է արածս, ասում է Սաիդան, յուրաքանչյուր ոք պետք է փորձի ինչ-որ ձևով աջակցի մեր հայրենակիցներին»։ 2020թ․ 44-օրյա պատերազմի օրերին էլ նույն առատությունն է եղել այս տարածքում։ Հետո էլ Արցախից շատ տեղահանվածներ ստանում էին աջակցություն։ Բարեգործական ծրագիրը եղել է շարունակական, սակայն այլ է պատերազմի օրերին, այժմ։ Շնորհակալություն, Սաիդային ու բոլոր նրանց, ովքեր դարձել են տեղահանված արցախցիների աջակից ու սատարող։