Image

«Հուսո տուն»-ը՝ արցախցիների կողքին

2020թ․ 44-օրյա պատերազմի օրերին առաջին անգամ լսեցի դեռևս 1990-ականներին հիմնված «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի մասին, որը գործում է Երևանում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչ. Շրջանում՝ Դրոյի փողոց, 22/5 հասցեում։ Ծանոթացա հիմնասրամի տնօրեն Մովսես Պողոսյանի հետ, նրա ղեկավարությամբ գործող կառույցի աշխատանքներին։ Մեծ է այս հիմնադրամի դերը՝ աջակցության կարիք զգացողների համար։ Ինչպես 2020-ին՝ 44-օրյայի օրերին ու դրանից հետո, այնպես էլ այսօր «Հուսո տուն»-ը դարձել է հայրենի տնից բռնի տեղահանված արցախցիների կարևոր բարեգործական աջակիցներից մեկը՝ կարիքավորներին հատկացնելով հագուստ, սնունդ, անհրաժեշտ այլ պարագաներ։ 2020-ին նաև որոշ ընտանիքների հատկացրել էր բնակության ժամանակավոր տարածք։ Օրերս, երբ սկսվեց արցախցիների բռնի տեղահանությունը, «Հուսո տուն»-ը, Մ․ Պողոսյանի գլխավորությամբ գտնվում է Գորիս քաղաքում և դաշտային խոհանոցով տաք սնունդ է մատակարարում տեղահանված մեր հայրենակիցներին։ Ֆեսբուքյան իր էջում Մ․ Պողոսյանը գրել է․ «Սիրելի հետևորդներ, «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի թիմն այս պահին գտնվում է Գորիսում՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար անմիջապես տեղում տաք սնունդ մատակարարելու առաքելությամբ: Ցանկության դեպքում որպես կամավոր կարող եք միանալ մեզ՝ այս մարդասիրական գործունեությանն աջակցելու գործում․․․»: Տեղեկացրեցի Գորիսի պետական համալսարանի դասախոս ընկերոջս՝ Մհեր Քումունցին։ Եվ սեպտեմբերի 29-ին Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցի համաձայնությամբ ու հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Սյուզաննա Հայրապետյանի ղեկավարությամբ ուսանողուհիներ Լիլիթ Սարգսյանը,  Դիանա Մարկոսյանը, Շահանե Հովսեփյանը, Հասմիկ Մանվելյանը, Անի Ղավալբաբունցը, Մադլենա Պողոսյանը, Լիլիա Մելքումյանը, Կարինե Գրիգորյանը և Նելլի Միրումյանն ընդրկվեցին այս աշխատանքներում։ Մ․ Քումունցի տեղեկությամբ՝ սեպտեմբերի 30-ին արդեն այլ խումբ է աշխատել, ու շատ ուսանողներ են պատրաստ կամավոր օգնել «Հուսո տուն բարեգործական կենտրոն»-ի աշխատակիցներին։ Ինչ խոսք՝ այս օրերին բոլորս ենք պարտավոր ցանկացած հարցով օգնել ու աջակցել մեր հայրենակիցներին, ովքեր դարձել են ցեղասպանության զոհ ու թողել հայրենի տունը, հեռացել։ Շնորհակալություն բոլոր աջակիցներին։ Հուսանք՝ շուտով մեր հայրենակիցները կապահովվեն նաև ամենակարևորը՝ բնակելի տարածքով, կհամակերպվեն նոր բնակավայրերում բնակվելուն՝ իհարկե հայրենի Արցախ վերադառնոլու հույսով ու հավատով։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։