Image

«Անմահ հերոսներ» խորագրով

«Ափսոս չէ կյանքը, եթե տալիս ես հող ու ջրի, մատաղ սերնդի խաղաղ կյանքի համար»։

Յուրի Առուստամյան

Սեպտեմբերի 30-ին Երևանում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում, «Անմահ հերոսներ» խորագիրը կրող հուշ-համերգային ծրագրով   հանդես եկավ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության Գեղարվեստական  դաստիրակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի /տնօրեն՝ Տիգրան Բալոյան, գեղարվեստական ղեկավար՝ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Սամվել Բալոյան, ով 40 տարի ղեկավարել է կենտրոնը/ «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը, որը գործում է Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների  թիվ 14 հատուկ դպրոցում /տնօրեն՝ վաստակավոր       մանկավարժ Ալեքսան Ահարոնյան/: Հուշ-երեկոն նվիրված էր Արցախյան առաջին գոյամարտի մասնակից Յուրի Առուստամյանի և 44-օրյա պատերազմի նահատակներ Գևորգ Խաչատրյանի ու Էրիկ Ղարիբյանի հիշատակին, ովքեր ծնվել են սեպտեմբեր ամսին: Էրիկ Ղարիբյանը, ով Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողոության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի սան էր, 2023թ․ սեպտեմբերի 8-ին կդառնար 23 տարեկան, 14-ին Գևորգ Խաչատրյանը կտոներ  22 ամյակը, իսկ 28-ին հրամանատար Յուրի Առուստամյանը մեծ շուքով կնշեր 65-ամյա հոբելյանը, բայց եղան պատերազմներ․․․ Երեկոյին մասնակից եղան նաև ՀՀ ԵԿՄ Էրեբունու բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի սաները՝ հրամանատար Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ։ Դահլիճում Անմահ հերոսների լուսանկարներն էին, Յուրի Առուստամյանի մասին «Երկնային սիրո ուժը․․ հայրենասերը․․» գիրքը․ հեղինակ՝ Լիլիթ Չիբուխչյան։ Երեկոն վարեց Երևանի Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դաշնակահար Նինա Մարգարյանը։ Տեղեկացրեց՝ «Դեպի լույս» և «Կանչ» մանկական համույթները միշտ եղել են զինվորի կողքին: Առանաձանահատուկ են այն համերգները, որոնք նվիրված են եղել Հայ զինվորին: Համերգային ծրագրերով հանդես են եկել Հայաստանի և Արցախի զորամասերում: Հավելեց՝ երեխաները արցախյան զորամասերի համերգները հիշում են գրեթե ամեն օր և կարոտած երազում, որ նորից Արցախում ունենանք համերգներ: Չնայած տեսողական խնդիրներին՝ «Դեպի լույս» համույթի սաները նաև հոգով են տեսնում ու նրանց համար առաջին տեղում է հայ զինվորը, ով հայրենիքն է պաշտպանում, ով նահատակվում է հանուն հայրենիքի ու հայ մանուկների․․․ Մինչ համերգի սկսելը՝ եղավ լռության րոպե։ Համերգն սկսվեց խմբի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի հեղինակած «Հայ զինվոր» երգով, որը բազմիցս կատարել  է Պաշտպանության նախարարության «Զորական» համույթի կողմից։ ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի սաները դահլիճ բերեցին ՀՀ Եռագույնը և ԵԿՄ դրոշը ու պատվո պահակ կանգնեցին Անմահ հերոսների նկարների մոտ։ Ընթացքում հնչեցին ռազմահայրենասիրական երգեր՝ «Հերոս տղերք», «Հպարտ գնացեք», «Գետաշեն», «Արդյոք ովքեր են» և այլն։ Ընթացքում ներկաները ծանոթացան նաև Անմահ հերոսների կենսագրություններին։ Յուրի Գրիգորի Առուստամյանը ծնվել է 1958թ. Սյունիքի Կապան քաղաքում։ 1978-80 թթ․ ծառայել է խորհրդային բանակում՝ Ուկրաինայի Խմելինցկի քաղաքում։ Վերադարձել և ամուսնացել է Զարինե Հակոբյանի հետ, ունեն 2 զավակ՝ որդի Դենիսը և Մարինա դուստրը։ Աշխատել է մի շարք բնագավառներում։ 1991թ.  առաջիններից էր, որ կամավորագրվեց և մասնակցեց Արցախի ազատագրման և պաշտպանման մարտերին։ Մասնակցել է Շուշիի, Լաչինի միջանցքի  ազատագրմանը, այնուհետև Սյունիքի տարածաշրջանի մի շարք գյուղերի՝ Դավիթ Բեկ, Եղվարդ, Ճակատեն, Հանդ, Սրաշեն, Շիկահող, Ծավ, պաշտպանական ու Կովսականի, Միջնավանի, Ռազդարայի, Հորադիզի, Կուբաթլուի ազատագրական մարտերին։

1994 թ․ հունվարի 7-ին հերթական առաջադրանքը կատարելիս վիրավորվում է, և գումարտակի տղաների հետ ընկնում շրջափակման մեջ Հորադիզ կայարանում։ Այդ օրվանից անհայտ է հերոսի ճակատագիրը, և ընտանիքն սպասում է նրա վերադարձին։ Յուրին մեծ հայրենասեր էր, դիպուկահար, կապի գերազանց մասնագետ, խորհրդային բանակում ստացել էր համապատասխան կրթություն և սերժանտի կոչում։ Նաև լավ մարզիկ էր՝ թեթև ատլետիկայի չեմպիոն։ Նրա դասակի զինվորները հաճախ են պատմում հրամանատարի խիզախության, հոգատարության, գիտակ լինելու, նվիրվածության մասին։ Յուրային նաև գնդի հրամանատարն է հպարտությամբ ներկայացրել։ Որպես իսկական ռազմիկ՝ 1992թ. ծառայության է անցել Կապանի  N զորամասում։ Անձնվեր ծառայության համար արժանացել է մի շարք պետական պարգևների՝ մեդալներ, պատվոգրեր։ Հաճախ է ասել․ «Ափսոս չէ կյանքը, եթե տալիս ես հող ու ջրի, մատաղ սերնդի խաղաղ կյանքի համար»։ Հերոսն այժմ ունի 5 թոռնիկ։ Յուրի Առուստամյանի  այրին՝ Զարինե Հակոբյանը և Վարդուհի Խաչատրյանը ծանոթացել են 2021թ. մայիսի 20-ին «Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում   հիշատակի և խոնարհման միջոցառման ժամանակ: Այդ ժամանակ Զ․ Հակոբյանն աշխատել է ՀՀ Պաշտպանության նախարարությունում որպես զինվորական հոգեբան: Յուրի Առուստամյանին նվիրված երգ է գրել կապանցի Շուշանիկ Մելիքբեկյանը։ Այս երգը գործիքավորվել է Վ․ Խաչատրյանի օժանդակությամբ և հնչեց նաև հուշ-երեկոյի ժամանակ։ Էրիկ Ղարիբյանը ծնվել է 2000թ․ Երևանում: Սովորել  է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցղ երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում: Եղել է աշխատասեր, ընկերսեր և շատ բարի: Դպրոցի ամբողջ անձնակազմը, համադասարանցիները կարոտով հիշում են Էրիկի հումորները և գեղեցիկ անկեղծ ժպիտը: Էրիկը ընտանիքի միակ զավակն էր: «Էրիկի մայրը՝ տիկին Մարիետան, հավատով սպասում է որդու վերադարձին: Մենք ևս հավատով սպասում ենք, որ մի օր Էրիկը կզանգի մայրիկին և կթակի տան դուռը», -Էրիկին ներկայացնելիս ասաց հաղորդավարը: Այնուհետև Էրիկի համար հնչեց Գուսան Հայկազունու «Հայե՛ր, միացե՛ք» երգը․ մենակատար՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի քոլեջի 3-րդ կուրսի ուսանող Արթուր Նիկոլյան: Գևորգ Խաչատրյանը ծնվել է 2001թ. սեպտեմբերի 14 -ին Երևանում։ Սովորել և ավարտել է Արմեն Հովհանիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցը/տնօրեն՝ Նունե Մանուկյան․ ներկա էր միջոցառմանը/, ապա ընդունվել է Երևանի ինֆորմատիկաի պետական քոլեջը, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մոսկվայի Կ. Ի. Սկրյաբինի անվան պետական ակադեմիայում։ Ծնողները տեղափոխվել էին Մոսկվա ապրելու, սակայն Գևորգը հրաժարվել է մշտական բնակություն հաստատել Մոսկվայում և վերադարձել Հայաստան։ 2020թ․ հուլիսի 28-ին զորակոչվել է Հայոց բանակ և ծառայել Արցախի ՊԲ-ում։ Զբաղեցրել է 3-րդ ինքնագնաց հրետանային մարտկոցի 2-րդ կրակային դասակի 5-րդ հաշվարկի նշանառուի պաշտոնը։ Լինելով 2 ամսվա զինծառայող՝ լավ տիրապետում էր 2s1 ինքնագնացին։ Մարտական գործողությունների է մասնակցել Ջրականում, Հադրութում, Վարանդայում։ Զոհվել է 2020թ․ հոկտեմբերի 10-ին 9-րդ կիլոմետր կոչվող հատվածում: Գևորգի հուղարկավորությունից 7 ամիս անց գտնվում են նրա իրերը, որով և պարզվում է՝ նա ոչ միայն եղել է տանկիստ, այլև՝ ֆագոտի ավագ օպերատոր։ Գևորգ Ռուստամի Խաչատրյանը հողարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուշ-երեկոն ավարտվեց «Ապրել խաղաղ» երգով:  Ներկաների երազանքն ու ցանկությունն է՝ այսուհետ լինի միայն  խաղաղություն, մեր երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ, թող կատարվի երեխաների բաղձալի երազանքը, որն ամփոփված էր այդ երգում:

Համերգից հետո ներկաներին ողջունեցին Յուրի Առուստամյանի այրին՝ Զարինե Հակոբյանը, ով աշխատում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Ասաց՝ դժվար է աշխատել այդ սրբավայրում։ Բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, որ այլևս չընդարձակվի «Եռաբլուր»-ը, սակայն այս օրերին դարձյալ նոր զոհեր ունենք, ու իր աշխատակիցները, որ ցանկանում էին ներկա լինել հուշ-երեկոյին, չկարողացան գալ։ Ելույթից հետո Զ․ Հակոբյանը նվերներ բաժանեց երգչախմբի երեխաներին։ Նորօրյա աշուղ Աստղանուշը՝ Աստղիկ Մելիքբեկյանը, ով հաճախ էր լինում Արցախում, համերգներով հանդես գալիս զինվորների համար, մեծ ցավ է ապրում այսօր։ Այնուամենայնիվ ուժ գտավ ու կատարեց իր երգերից։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Աշուղ Ռազմար Սասունցին՝ Ռազմարա Պանդուխտի Վարդումյանը, կարևորեց նման միջոցառումները և կատարեց իր գրած «Երգ հայ ֆիդայիններուն․ Հայոց սարեր շող է պատել․․․» երգը։ ՀՀ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության սպա, փոխգնդապետ Սպանդար Մարգարյանը հուշ-երեկոն համարեց որպես դաստիարակչական միջոցառում հատկապես այս դժվարին օրերում։ «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանն իր ելույթում հույս հայտնեց, որ արցախցին նորից իր տուն է վերադառնալու, և իր ղեկավարությամբ գործող երգչախումբը կրկին կերգի Արցախում։ Մաղթեց՝ բոլոր զինվորները տուն վերադառնան, այլևս չունենանք Անմահ հերոսներ։ Շնորհակալություն հայտնեց ներկաներին, աջակիցներին, Արամ Խաչատրյան տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանին, բոլոր աշխատակիցներին դահլիճը տրամադրելու և բարեհամբույր վերաբերմունքի համար:  Բանաստեղծուհի Կարինե Ամիրյանը նույնպես անդրադարձավ այս օրերի դժբախտությանը՝ ասելով՝ չենք նահանջելու, չենք հուսահատվելու՝ վկայակոչելով օրվա միջոցառումը։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։