Image

Դիոկղետիանոսը մեղադրում  է

Եթե հարկ է լինում  ընտրություն կատարելու խայտառակության և պատերազմի միջև...

 

Հռոմ, 286 թվական. Հայոց ապագա արքա Տրդատը  համբավավոր Կոլիզեում  70 հազար հանդիսատեսի աչքերի առջև մենամարտում է բոլոր կենդանիների արքա համարվող առյուծի հետ և հաղթում: Մենամարտին ներկա էր  աշխարհակալ Հռոմի Դիոկղետիանոս իմաստնագույն կայսրը , ով զգաց, որ միայնակ կառավարել այդ մեծածավալ կայսրությունն անհնար է, ուստի կայսրությունը կիսեց երկու հավասարազոր կայսրերի միջև, ովքեր կրում էին Օգոստոս  տիտղոսը։

Հետագայում հրաժարվում է գահից, սկսում է վարել մասնավոր կյանք՝ իր իսկ այգում կաղամբ ու բողկ աճեցնելով՝ մնալով  միակ կայսրը, ով ինքնակամ է  հրաժարվել գահից։ Նա   ուրախությամբ շնորհավորում է քաջազուն այրին և տեղեկացնում վաղուց սպասված լուրը՝ Հռոմը Նասիբինում պայմանագիր է կնքել պարսիկների հոտ, որի կետերից մեկով՝ պարսիկները հրաժարվում են Հայաստանի նկատմամբ որևէ նկրտումներից  և չեն առարկում Հայաստան աշխարհում Տրդատի գահակալության դեմ: Ապա աշխարհակալ կայսրության խոհեմ տիրակալի իրավունքով իրեն թույլ է տալիս խորհուրդներ տալ  Հռոմեական ժողովրդի և սենատի հավատարիմ բարեկամ երկրի /որպիսին այդուհետ Հայաստան պետությունն  է ճանաչվում/տիրակալին: Այդ խորհուրդները  երբեք չեն կորցրել  և չեն կորցնելու իրենց թարմությունն ու ճշմարտացիությունը, դրանք հիանալիորեն վերաբերվում են ոչ միայն  անցյալ դարերին ու անցյալ տիրակալներին, այլև հետագա բոլոր ժամանակներին ու երկրների հետագա  բոլոր տերերին: Լսենք Դիոկղետիանոսին և խորհենք՝ մի՞թե նա նաև ԱՅՍՕՐՎԱ  ՀԱՄԱՐ  ՉԻ  ԱՍԵԼ: - Եթե հարկ լինի ընտրություն կատարել խայտառակության և պատերազմի միջև,- ասում է կայսրը,- առանց հապաղելու ընտրիր պատերազմը, քանզի եթե ընտրես խայտառակությունը, ապա, միևնույն է, պատերազմը ևս կստանաս: Բազմախորհուրդ ու հստակ այս միտքը մեկնաբանության կարիք ունի՞... Եթե չունի, ուրեմն, ասացեք, Մենք՝ ԱԶԳՈՎԻ, ո՞րն ընտրեցինք օրեր առաջ և դրանից էլ շատ օրեր, շաբաթներ, ամիսներ ու տարիներ առաջ: Մենք պաշտպան կանգնեցի՞նք թուրքի անհագ երախում մեր իսկ կամազրկության մեղքով հայտնված մեր անպաշտպան հայրենակիցներին, անվտանգ հեռվից /միայն առաջին հայացքից է անվտանգ երևում/ մենք չե՞նք դիտողն եղել, թե ինչպես են անպատվում, խողխողում, հայրենազրկում իրենց բնօրրանում խաղաղ կյանք տենչացող բազմահազար արցախցիներին: Կարո՞ղ էինք օգնել: Հարկավ դժվար էր: Ազերբայջան պետություն կոչվող խունտան մեր անգործության, թուլակամության, անհեռատեսության / էլի ու էլի շատ ...թյուն-ներ ինքներդ հավելեք/  պատճառով, ավելի ճիշտ՝ շնորհիվ , աստիճանաբար տիրել էր ու զենքով ամրապնդել դեպի Արցախ տանող բոլոր ճանապարհները, ձյունառատ սարերը: Այո, այո, այն ձյունառատ սարերը, որոնք, այսօրվա ՏԻՐԱԿԱԼԻ կարծիքով, մեզ բոլորովին ՊԵՏՔ ՉԵՆ: Ահա ինչու էր դժվար /բայց, համոզված եղեք՝  ոչ անհնարին/: Դժվար էր նաև բազմաթիվ այլ պատճառներով: Տեսնենք այդ պատճառների մասին ինչ է մեր Տրդատին ասում հռոմեացի Դիոկղետիանոսը:     

-Մենք՝ երկրի տիրակալներս,- ասում է նա,-պետք է լինենք կենդանի մարմնացումը մեր ժողովուրդների բոլոր արժանիքների և ոչ ՝թերության, թուլության: Այդ բեռը հարմար է միայն աստվածների ուսերին, դժբախտաբար, այն պետք է կրի ընդամենը մարդը:

Լավ է ասված: Եկ խորհենք՝ մեզանում ինչպե՞ս  է  եղել 32տարիներին, ինչպե՞ս է հենց այսօր: Ունեցել ենք, այժմ ունենք երկրի  ղեկավար, որոնց թվացել է ու թվում է, թե իրենց հողեղեն կճեպում մարմնավորում են իրենց ժողովրդի բոլոր արժանիքները, զերծ են թերությունից, իրենք Աստված են՝ առանց ժողովրդին ծառայելու ծանր բեռի:   Շարունակենք հետևել կայսրի խորհուրդներին: Բայց, մի միջանկյալ միտք՝ անդիմադրելի ցանկություն հղացավ մեջս  խորհուրդներ բառը փոխարինել մեղադրանքներ բառով:  Այն, ինչ երեկ ընդամենը խորհուրդներ էին, այսօր հնչում են այլ կերպ, շառաչում ու մտրակում են մեղադրանքների տարափով: Մենք կայսրից իմանում ենք, որ կառավարելու համար երկրի ղեկավարը պիտի իրեն շրջապատի ոչ թե  նիզակներով /այսօր՝ ոստիկանական ուժերով/, այլ համընդհանուր սիրով: Ունենալով այդ սերը՝ պիտի զգուշանա այդ սիրուց: Այն վտանգավոր է, գլխապտույտներ է առաջացնում, ինչը հատուկ է եղել մեր երկրի բոլոր կառավարիչներին անխտիր: Այո, իշխանությունը չափազանց մեծ առավելություններ է տալիս մարդուն, այդ պատճառով սրիկաները ձգտում են ժողովրդի արյունը ծծելով կառչել դրան, ինչպես տիզը: Երկրի տերը իրենից պիտի հեռացնի քծնողներին՝ այդ հոգեկան բորոտությունը տարածողներին: Թույլ շրջապատ ընտրելով՝ իշխանավորը մահվան է դատապարտում իրեն /հավելենք՝ նաև իր ժողովրդին/, քանզի փորձության ժամին հենարան չի ունենում:

Էլ ո՞րն ասենք...Թերևս կարևորներից մեկը ևս՝ «Հաճախ եղնիկի ղեկավարած առյուծների բանակը  ջախջախվում է առյուծի ղեկավարած եղնիկների բանակից»:  Մի՞թե այդպիսի «առյուծ» ղեկավար, հրամանատար  ունենալու ժամանակը չի եկել:  Վաղուց է եկել և հարկ է, որ այդ ժամանակը հանկարծ չանցնի, այլապես՝   էլի երկար ժամանակ ճակատագրի թմբուկների վրա  կքաշվի մեր՝ պարտվածներիս, կաշին:

Վերջին միտքն էլ թող լինի մի պատասխանը այն հարցի, թե ինչ կարելի է անել, ինչ պետք է անհապաղ անել: Այլապես պետք է համակերպվենք /ազգովի/ այն մտքի հետ, որ ժամանակին հեռատեսորեն նկատել և զգուշացրել է մեծանուն  Հրանտ Մաթեւոսյանը. «Քոնն ուրիշին չտա՛ս։ Ինչքան տվեցիր՝ տանելու են, ինչքան տարան՝ խփելու են, ինչքան խփեցին՝ ուժեղանալու են, ուժեղացան՝ քամահրելու են...»:

Դե, այսօր այդպես էլ անում են: Իսկ մենք՝ լուռ ականատեսն ու մրուրաըմբոշխողն ենք հրեշավոր այդ իրականության:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։