Image

Երբ հայրենիքը վտանգված է

Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացավ ու հավերժի ճամփով գնաց նաև Լևոն Ռուբենի Պետրոսյանը, ով պատերազմն սկսելու երկրորդ օրը կամավոր մեկնեց ճակատ՝ նույնիսկ չհասցնելով հրաժեշտ տալ ընտանիքին։ Վերջերս Գավառում տեղի ունեցավ Կինոբեմադրիչ, ռեժիսոր, ազատամարտիկ Սամվել Թադևոսյանն «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարի շրջանակներում նկարահանված «Անմահության հետքերով» վավերագրահերոսական ֆիլմի առաջին ցուցադրությունը՝ նվիրված այս պատերազմում անմահացած քաջորդիներից Անդրանիկ Կարենի Գրիգորյանին՝ ծնած Գավառի Արծվաքար թաղամասում։ 

Ներկա էին նաև  Անդրանիկի հետ նույն պահին, նույն արկից նահատակված Լևոն Պետրոսյանի մայրը՝ Ռուզաննան և կինը՝ Սերինե Զարգարյանը։ Երևանից Գավառ մեկնելիս միասին էինք, պատմեցին Լևոնի մասին։ Ծնվել է 1991թ․ հոկտեմբերի 12-ին Երևանում։ Սկզբում հաճախել է Երևանի Հովհաննես Շիրազի անվան թիվ 169 միջնակարգ դպրոց, այնուհետև ուսումը շարունակել է Արարատի մարզի Խաչփառ գյուղի միջնակարգ դպրոցում։ Մանուկ ու պատանի տարիներին զբաղվել է սպորտով․ հաճախել է բռնցքամարտի ու կարատեի դասընթացների, մասնակցել մրցումների, աչքի ընկել։ Ավարտելով դպրոցը՝ 2009-2011թթ․ զորակոչվել է Հայոց բանակ՝ ծառայության անցնելով լեգենդար «Եղնիկներ»-ում որպես կապավոր։ Ծառայության ընթացքում նույնպես աչքի է ընկել որպես իսկական զինվոր, արժանացել պարգևների, մայրը՝ շնորհակալագրերի զորամասի հրամանատարության կողմից։ Զորացրվելուց հետո զբաղվել է ավտոմեքենաներ վերանորոգելով՝ դառնալով լավ վարպետ։ 2016թ․ ամուսնացել է Սերինե Զարգարյանի հետ։ Ունեն 2 դուստր․ այժմ Ռուզաննան 6 տարեկան է, հաճախում է դպրոց, իսկ Լիանան 4 տարեկան է։ Շատ են կարոտում հայրիկին, հաճախ են այցելում շիրմին։ Խաչփառում է հուղարկավորված հերոսը։   Լևոնի մայրը պատմում է՝ 44-օրյա պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ի երեկոյան շտապ տուն է եկել, ասել, որ գնալու է ու միացել առաջնագիծ մեկնող կամավորականներին։ Սարի Թաղի կամավորական ջոկատի տղաների հետ հասել են Մարտակերտի շրջան՝ Մատաղիսի տարածք, որտեղ արյունալի մարտեր էին ընթանում։ Գավառում  «Անմահության հետքերով» ֆիլմի առաջին ցուցադրության օրը նաև ներկա էին նույն կամավարականներից։ Պատմեցին՝ ինչ հերոսություն է ցուցաբերել հրետանային մարտկոցի արհեստավարժ հրամանատար Անդրանիկը՝ մեծ կորուստներ՝ մարդկային ու տեխնիկայի, հասցնելով թշնամուն։ Խիզախորեն է կռվել նաև Լևոնը։ Բոլոր տղաներն են եղել մեկը մյուսին թիկունք ու մի քանի օր պաշտպանել շատ կարևոր բարձունք՝ թույլ չտալով թշնամուն առաջ խաղալ։ Սակայն հոկտեմբերի 2-ին թշնամին թիրախավորել է Անդրանիկի մարտկոցը՝ բազում արկեր ուղարկելով։ Անդրանիկի հայրը՝ Կարենը, ով նույնպես մասնակցել է պատերազմին այդ օրերին, պատմեց՝ ավագ որդին՝ Մերուժանն էլ մարտնչում էր «Եղնիկներ»-ի տարածքում։ Ընթացքում հեռախոսով կապվել է Անդրանիկի հետ, ով ասել է․ «Հայրիկ ջան թուրքերն ինձ հետևում են, մեր մարտկոցի ուղղությամբ նույնիսկ «ՍՄԵՐՉ» կայանքից են հրթիռակոծել»։ Նշված կայանքի արկի բազում բեկորներից էլ խոցվել են Հերոսները։ Լևոնի կինը՝ Սերինեն, ցավով ու կարոտով է հիշում ամուսնուն, ով եղել է հրաշալի հայր ու ամուսին, ծնողների միակ զավակը, մոր հենարանը։ Ասաց նաև՝ միայն հոկտեմբերի 12-ին՝ Լևոնի ծննդյան օրն են իմացել նրա զոհվելու մասին։ Շրջապատում բոլորն են սիրել ու հարգել Լևոնին՝ իր բարի ու մարդկային լավ բնավորության համար։ Սարի Թաղի կամավորականներն էլ ասացին՝ ընդամենը մի քանի օր են ճանաչել նրան, սակայն մարտական ընկերությունը վերածվել էր հարազատության։ Արցախի Հանրապետության Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է  «Արիություն» մեդալով, իսկ ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից՝ պատվոգրով ու «Արիություն» մեդալով։ Լևոնի հայրական պապն ու տատը մինչև 1988թ․ բնակվել են Գանձակ քաղաքում և ենթարկվելով ադրբեջանցիների հալածանքին՝ վերաբնակվել են Խաչփառ գյուղում, որտեղ էլ դպրոցն ավարտել էր Հերոսը։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։