Image

Դավիթաշենում

Երկար տարիներ, աշխատելով Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի կրթության համակարգում, այնուհետև շրջանային «Մերան» թերթում, շատ էի մասնակից լինում Ուսուցչի օրվան նվիրված միջոցառումների։ Հայաստանում Ուսուցչի օրը, 2010 թվականի մայիսի 21-ի օրենքի լրացմամբ, տոնվում է հոկտեմբերի 5-ին։ Ցավոք, ավելի քան 30-ամյա Արցախի Հանրապետությունն այլևս հիշողություն է։ Իր տնից ու հայրենիքից հեռացել է արցախցին։

ՀՀ տարբեր մարզերում ու Երևանում են այսօր տեղավորվել, հիմնական մասը՝ ժամանակավոր կացարաններում։ Արցախցի հազարավոր աշակերտներ այսօր ունեն կրթությունը շարունակելու խնդիր։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, ինչ խոսք, սիրով ու ջերմությամբ են ընդունում ՀՀ բոլոր վայրերում։ Երևանի Դավիթաշենի վարչական շրջանում նույնպես շատ արցախցիներ են ժամանակավոր տեղավորվել, և տարածքի հանրակրթական, մշակութային, մարզական դպրոցներն արդեն համալրվելեն արցախաբնակ աշակերտներով, մանկապարտեզները՝ նոր սաներով։ Դավիթաշենի վարչական շրջանի Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Մարիամ Մկրտչյաny եղեկացրեց՝ վարչական շրջանում գործող 6 հանրակրթական դպրոցներ այս օրերին Արցախից տեղահանված ընդհանուր մոտ 130 աշակերտ է ընդունվել։ Ամենաշատը՝ 40 աշակերտ, ընդունվել են Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոց։ Համենատաբար քիչ աշակերտ՝ ընդամենը 6 հոգի, ընդունել է Դավիթաշեն գյուղի Աշոտ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցը։ Մ․ Մկրտչյանն ուրախությամբ նշեց՝ բոլոր դպրոցներում տնօրենները, ուսուցիչները, աշակերտները մեր հայրենակիցներին ընդունել են սիրով ու ջերմությամբ, աջակցել գրենական պիտույքներով, դասագրքերով։ Մ․ Մկրտչյանն տեղեկացրեց նաև՝ վարչական շրջանում գործող արվեստի դպրոցում, որը կրում է Ավետ Տերտերյանի անունը, նույնպես տեղահանված արցախցի երեխաներ են ընդունվել՝ առայժմ 2 հոգի։ Սակայն կան այլ դիմողներ ևս։ Ինչ վերաբերում է նախադպրոցական տարիքի երեխաներին մանկապարտեզներում ընդունելուն՝ Մ․ Մկրտչյանը տեղեկացրեց՝ այժմ տարածքում գործում են 5 մանկապարտեզ, որից թիվ 61-ը գտնվում է հիմնանորոգման ընթացքում, և շուտով կավարտվեն շինարարական աշխատանքները։ Այս օրերին Արցախից տեղահանված 3 երեխա է ընդունվել մանկապարտեզ, իսկ 8 հոգի հերթում են։ Ասաց՝ առայժմ հիմնականում ընդունում են 2018թ․ ծնված երեխաներին՝ ավագ խմբերում։ Երբ կավարտվի թիվ 61 մանկապարտեզի հիմնանորոգումը, արդեն մնացած երեխաներին կընդունեն։ Դավիթաշենի վարչական շրջանի դպրոցները նաև պատրաստ են ընդունելու արցախցի մանկավարժների։ Արդեն 2 մանկավարժ սկսել է աշխատել։ Դպրոցներում հիմնականում կա ինֆորմատիկայի ուսուցչի պահանջարկ, զինղեկների, այլ մասնագետների։

Օրվա ընթացքում այցելեցի նաև Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց։ Տնօրեն Վիոլետա Բեջանյանի աշխատասենյակում էին կրթօջախի ուսուցիչները․ շնորհավորում էին միմյանց իրենց մասնագիտական տոնի առթիվ։ Իհարկե՝ վերջին իրադարձությունները շատ են խաթարել մեր առօրյան, բայց պետք է նայել առաջ։ Վ․ Բեջանյանը տեղեկացրեց՝ իր ղեկավարած կրթօջախ էլ մոտ 4-տասնյակ արցախցի աշակերտ է ընդունվել՝ սկսած սեպտեմբերի 29-ից։ 1-9-րդ դասարանները համալրվել են արցախցիներով։ Արմատներով արցախցի Վ․ Բեջանյանը ծանր է տանում իրողությունը, սակայն նաև ինքն ու ուսուցչական անձնակազմը, հատկապես աշակերտները մեծ սիրով են ընդունում նորեկներին, ծափողջյուններով։ Ա․ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանը նշեց՝ անհնար է առանց հուզմունքի ընդունել նորեկներին։ Պետք է արվի առավելը, որ տառապանքի միջով անցած, տուն ու հայրենիք թողած մեր հայրենակիցները հնարավորինս շուտ ձերբազատվեն ստրեսներից, իրենց զգան հարազատ տանը։ Ուսուցչի օրվա առթիվ Ա․ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում կայացած երեկոյի ընթացքում Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը շնորհավորել է ՀՈԱԿ-րի, ՊՈԱԿ֊րի տնօրեններին և հուշանվերներ հանձնել այն մանկավարժներին, ովքեր բազմամյա մանկավարժական գործունեություն են ծավալել հանրակրթական դպրոցներում։ Ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Դավիթաշենի վարչական շրջանի ԿՄՍԲ պետ Մարիամ Մկրտչյանը․ «Ծնունդով, բնույթով, էությամբ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵ՛Ր, ուսուցանողի, կրթողի, նվիրյալի կարևորագույն դերն ստանձնած պատվելի՛ ՐԱԲՈՒՆԻՆԵՐ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։ Տոնը ձերն է, տոնի խորհուրդը` վերստին բարձրաձայնելու, գնահատելու, մեծարանքի խոսքեր ասելու այն առաքելության համար, որն ստանձնել եք դուք։

Հարգելի՛ ուսուցիչներ, վեհ է նպատակը, որին ջանում եք հասցնել ձեր սաներին, արդար ու լուսավոր է ուղին, որը ցույց եք տալիս նրանց, անգնահատելի է այն նվիրումը, որը դրված է ձեր աշխատանքի հիմքում։ Մութ ու ցուրտ տարիներ, պատերազմ, արհավիրք....., ոչինչ, ոչինչ չխանգարեց ձեզ` հաստատուն քայլերով, գլուխը բարձր, արցունքն աչքերում խեղդած, բայց ժպիտը երեսին` կանգնելու աշակերտների կողքին և շարունակելու կրթական գործընթացը։ Ձեզ անսպառ եռանդ, տոկունություն` առաքելություն դարձած աշխատանքն իրականացնելու ճանապարհին։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։