Image

Վայք-Գորիս հարազատ ճանապարհով

«Հազար հողմեր ձեզ չեն մաշի․․․»

Գուսան Աշոտ

 

Սեպտեմբերի 21-ից մեզ համար անհավատալի նոր իրականություն սկսվեց։ Ո՞վ կարող էր պատկերացնել, որ մի օր արցախցին պետք է լքի իր հազարամյա բնօրրանը, այն էլ կյանքի սպառնալիքի տակ, ամիսներ շարունակ շրջափակված լինելուց, սովից, կենցաղային վատ պայմաններից, տառապանքից ու հոգեկան ծանր ապրումներից հետո։  Երբ մենք ստիպված լքեցինք Բերձորը, թվում էր, թե ավելի վատ չի լինում, բայց արի ու տես, որ ականատես եղանք նոր ցեղասպանության։

Սեպտեմբերի 30-ին «TCF» ընկերության թիմակիցներից ոմանցով մեկնեցինք Գորիս և Վայք։ Մեզ հետ տարանք բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ և տաք ծածկոցներ։ Հավաքագրել էինք ընկերության ողջ թիմով և այլ կարեկից հայրենակիցներով, ովքեր արձագանքել էինք սոցցանցերում հայտարարությանը։ Մեկնելու նպատակներից էր նաև 2 օր կամավորություն անելը, օգտակար լինելը՝ ինչով կարող ենք։ Առավոտյան շուտ արևի ծագելու հետ ճամփա ընկանք։ Թվով 13 հոգի էինք, բոլորս էլ մեր անձնական պատմություններով։ Մեր մեքենայում 5 հոգով էինք, մի փոքր անհանգիստ էինք, քանի որ չգիտեինք, թե մեզ ինչ է սպասվում ժամեր անց։ Տարբեր թեմաներ քննարկեցինք, հետո Բադալյան Մարիամը Պայքարին հարցրեց՝ ինչպես է որոշվել իրեն հենց այդ անունով կոչել։ Պայքարի հայրը, ով ծնվել է Արևմտյան Հայաստանում (այժմյան Թուրքիայում)՝ Շրնախում, հետապնդվել է թուրքական իշխանությունների կողմից, 19 տարեկանում բանտարկվել, 3 տարի անց հաջողվել է փախչել բանտից․ լողալով հատել է Հունաստանի սահմանը։ Թուրքիայում ունեցել է թերթ «Պայքար» անունով։ Հետագայում էլ որդուն է կոչել Պայքար՝ հայոց պայքարի գաղափարով։ Պայքարն այժմ ապրում է Հայաստանում։

Մեզ հետ նույն մեքենայում մեր նոր թիմակից Հակոբն էր, ով մոտ 1 տարի է, ինչ ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան։ Նրա ծնողները ծագումով պարսկահայեր են։ Պարսկաստանում ապրել չեն ցանկացել ու տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ էլ իր ամբողջ կյանքն ապրել է Հակոբը։ Սակայն նրան հարազատ չեն եղել ամերիկյան, ամերիկահայերի բարքերը, ընդհուպ, մինչև նա սկսել է մերժել իր հայ լինելը։ Տարիներ հետո այնպես է ստացվում, որ գալիս է Հայաստան 1 ամսով, 1 ամիսը դառնում է 2, 3․․․ 1 տարի․ Հակոբին Հայաստանում պահում են հայերը։ Պատմությունը հարազատ էր նաև Նադյային, ով Հայաստան է տեղափոխվել Կիևից՝ Ռուս-Ուկրաինական պատերազմի պատճառով, ու, թեև, Հայաստանը շատ է սիրում, սակայն սրտում պահում է մանկության տաքուկ հուշերը հարազատ քաղաքից։ Միմյանց պատմությունները լսելով՝ հասանք Եղեգնաձոր, որտեղ մեզ հյուրընկալեցին Դավիթի ծնողները։ Բոլորս հիացած էինք Դավիթենց գեղեցիկ ու խնամված բակով, գեղեցիկ տնակով, որից հրաշալի տեսարան էր բացվում։ Բնականաբար հնչեց հարցը․ «Ինչու՞ ես սա թողել ու տեղեփոխվել Երևան», պատասխանը՝ սպասելի՝ համայնքում հեռանկարները ավելի քիչ են։ Մինչ նոր հանդիպում ասելով Դավիթի ծնողներին՝ շարժվեցինք առաջ։ Քիչ հետո արդեն Վայքում էինք։

 Քաղաքը մարդաշատ էր, մի քիչ քաոսային․ սպասելի էր, բռնի տեղահանված արցախցիները Գորիսից հետո Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում էին։ Ամենուր կարելի էր տեսնել մեծ ու փոքր մեքենաներ՝ բեռնված տարբեր իրերով։ Ով ինչ մեքենայի վառելիք գտել էր, այդ մեքենայով էլ դուրս էր բերել մարդկանց։ Ավտոբուսներով եկածները, տեղ չլինելու պատճառով, իրենց հետ կարողացել էին բերել միայն մեկ երկու տոպրակ անձնական իրեր։ Հասանք հավաքագրման վայր՝ Վայքի Մշակույթի տուն։ Ճանապարհի 2 կողմերում կային բազմաթիվ մեքենաներ, որոնց շուրջ հավաքված էին արցախցիները՝ տարբեր տարիքի, միևնույն վիշտը սրտում, ոմանք աչքերից սրբում էին հոսող վիշտը։ Տեսարանը ցավալի կոչել նշանակում է ոչինչ չասել։ Բարկություն, ցավ, ափսոսանք, կարեկցանք, բոլոր զգացումները խառնվում են, դիմանալու չի երբ տեսնում ես դեդո-բաբոներին 80 անց, 100-ին մոտ, ամբողջ կյանքում իրենց հողում ապրած, բազմաթիվ զրկանքներ տեսած ու այդպիսի հասակում հայրենազրկված։ Տեղում աշխատում էին Կարմիր խաչը, վայքեցի և այլ վայրերից եկած կամավորները։ Մինչ սպասում էինք, որ մեզ դիմավորեն ու փոխանցենք մեզ հետ բերած օգնությունը՝ զրուցեցի մի տատիկի հետ, միայնակ սպասում էր մեքենային, որպեսզի ուղևորվի տղայի մոտ՝ Հրազդան քաղաք։ Տատիկը ծնվել է Բաքվում, Բաքվի ջարդերի ժամանակ, երբ երեխա էր դեռ, ընտանիքի հետ փախել է Ստեփանակերտ, ամուսնացել է Ասկերանում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո վերադարձել է Ասկերան, բայց միայնակ, քանի որ ամուսինն իրենից ավելի մեծ է և ունի առողջական խնդիրներ։ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին վերսկսված պատերազմի պատճառով լքել է տունը։ Մեզ դիմավորեցին, որոշեցինք, որ մի մասը կմնա Վայքում, գործն այստեղ շատ էր, համակարգման կարիք կար։ Մնացածս շարժվեց դեպի Գորիս։ Շատ էի կարոտել դեպի Գորիս տանող ինձ հարազատ ճանապարհը, գրեթե 2 տարի չէի անցել այդ կողմերով։ Ճանապարհն ինչպես միշտ զարմանալի էր, տաք եղանակ Վայքում, անձրևոտ եղանակ Սիսիանի կողմերում։ Կանգնեցինք զանգերի մոտ, քամոտ էր, օդը մաքուր, խմեցինք աղբյուրի սառը ջրից ու շարժվեցինք առաջ։ Իմ նոստալգիկ տրամադրությունը փոխվեց, երբ տեսանք ճաանապարհից դուրս եկած ու կողաշրջված մեքենան, վթար էր եղել։ Հավաքված զինվորականները փորձում էին հանգստացնել 13 տարեկան Նարեկին, ով տեղի ունեցածից շոկի մեջ էր։ Տղան արցախից էր, պապի հետ Վայքից էին վերադառնում, գնացել էին ընտանիքը հաշվառելու համար։ Հետդարձի ճանապարհին պապը վատ էր զգացել, ու ճանապարհի թաց լինելն էլ նպաստել էր, որ վթարի ենթարկվեն։ Պապին օգնել էին զինվորականները, կանչել էին շտապ օգնություն։ Պապը անշարժ, բայց գիտակից պառկած էր գետնին, զինվորականները ծածկոցով ծածկել էին։ Տղան շատ էր հուզված․ «Դեդո, վախեցի վեչ», փորձում էր պապին գոտեպնդել։ Երեխային տեղափոխեցինք զինվորականների մեքենան, ծանր սրտով շարունակեցինք ճանապարհը։ Հասանք Գորիս, որտեղ մարդաշատ էր, սակայն քաոս չկար․ սովոր է գորիսեցին առաջին գծում լինել, գիտի ինչ անել նման իրավիճակներում։ Գորիսի հրապարակի կենտրոնում՝ Գուսան Աշոտի հուշարձանին մոտ, ծածանվոմ էր Արցախի դրոշը, «Հազար հողմեր ձեզ չեն մաշի» գրությունն անվանի աշուղի հուշարձանին խորհրդանշական էր։  Հրապարակի ամբողջ տարածքում կարելի էր տեսնել վրաններ, որտեղ մարդկանց տարբեր տեսակի աջակցություն էր տրամադրվում, տեղում էին Կարմիր խաչը, ՄԱԿ-ը, World Vision-ը, VIVA բարեգործական հիմնադրամը, «Հուսո տուն»-ը, տարբեր ՀԿ-ներ, անհատներ, լրատվականներ։ Համակարգումը կատարվում էր Սյունիքի մարզպետարանի և Գորիսի համայնքապետարանի կողմից։ Տեղում էին նաև շտապ օգնությունը, ոստիկանությունը։ «Արարատ գնացողները թող մոտենան մեքենային», «Երևան գնացող ավտոբուսը շուտով կշարժվի», -բարձրախոսներից լսվում էին կամավորների ձայները։ Մի աղջնակ հարցազրույց տալուց հետո օպերատորի խցիկով նկարում էր շուրջը կատարվողը, հարցազրույց վերցնում մյուսներից։ Փոքրիկը կարողացել էի գտնել իր մի բուռ ուրախությունը։ Մի փոքր այն կողմում հավաքված էին ընտանիքներ, սպասում էին իրենց հերթին, որ ուղևորվեն։ Փոքրիկները կարողանում են ցրվել, ուրախանալ, բոլորի ուշադրությունը, սերը, հոգատարությունը դեպի իրենց են ուղղված։ Ամբողջ ցավը կարելի էր տեսնել մեծերի աչքերում, տղամարդ, կին, տարեց․․․ Թեքվեցի մյուս կողմ․ տարեց մարդիկ խառնաշփոթից քիչ հեռու նստած զրուցում էին, բոլորը տղամարդիկ էին, միայն մի կին կար, ում ձեռքին գեղեցիկ վարդ էր․ պապիկներն, անկախ ամեն ինչից, փորձել էին ուրախացնել տատիկին, ով ժպտում էր․ հաջողվել էր։ Առանձնանում էին գորիսեցի դպրոցական կամավորները, տաք բորշչ ու թեյ էին հյուրասիրում, զրուցում արցախցիների հետ՝ ինչպես մեծը մեծի, նայում ու հիանում էի երեխաներով։ Անգնահատելի է կամավորների գործն այս ընթացքում։ Ոմանք օրեր շարունակ գիշերային հերթափոխով դիմավորել են մարդկանց, աջակցել, սփոփել, սեր ու ջերմություն փոխանցել։ Մեր թիմի մի մասը ուղևորվեց Կոռնիձոր, ես, Արետը ու Արինը մնացինք Գորիսում, պետք է իրեր տանեինք Գորիսի դպրոցներից մեկում ապաստանած տեղահանվածներին։ Մեզ ուղեկցեց գորիսեցի Դավիթը։ Հասանք դպրոցի մոտ, պարզվեց՝ պետք է սպասել տնօրենի գալուն, մինչ այդ զրուցում էինք։

Հարցնում եմ․

-Շա՞տ են էս պահին Գորիսում արցախցիները։

-Ամբողջ քաղաքում լիքն են, -ասաց Դավիթը։

-Հյուրանոցներու՞մ։

-Ոչ միայն, տներում էլ։ Մարդիկ գալիս էին ուշ ժամի, շատ անգամ տեղ գտնելը դժվար էր լինում, գիշերը ժամը 4-ին մարդկանց մեր տուն էինք տանում, որ գոնե հանգստանան մի փոքր, լվացվեն, առավոտյան ուղեկցում էինք՝ ուր պետք է։

-Իսկ մարդիկ կա՞ն, որ ուզում են Գորիսում մնալ, -հարցրեց Արետը։

-Կան, բայց հիմնական մասը ուզում է գնալ Երևան կամ Երևանին մոտ։ Դե հասկանալի է՝ մարդիկ վախենում են, ուզում են ապահով տեղ գնալ։ Մարդ կա 4-րդ անգամ է բռնագաղթում․ Բաքվից Շուշի, Շուշիից Ստեփանակերտ, Ստեփանակերտից էլ հետո սա։ Սյունիքի ու Զանգեզուրի միջանցքի շուրջ խոսակցություններն էլ ավելի են լարում վիճակն էստեղ։

Դավիթը պատմեց, որ սարսափելին առաջին 3 օրերն էին։ Մարդիկ սոված, երկար ճանապարը վախը սրտներում անցած հասել էին Գորիս։ Ուղղակի նստել էին հրապարակում, հենց գետնին, ոչ ոք ոչինչ չէր անում, չէր ասում, կարծես 1915 թվականի լուսանկարներից կադր լիներ։

Մեր զրույցն ընդհատվեց․ մոտեցավ մի մեքենա, պարզ է՝ Արցախից տեղահանվածներն են։ 60-ին և 40-ին մոտ 2 տղամարդ, ուզում էին իմանալ՝ տեղ կա՞ դպրոցում։ Ասացինք, որ պետք է սպասել տնօրենին, սկսեցին հումորներ անել, Դավիթը ևս մեկ անգամ զարմացավ, թե ինչպես են կարողանում նույնիսկ այս իրավիճակում հումորներ անել․ «Զարմանալի ուժեղ մարդիկ եք»։ 60-ին մոտ տղամարդը պատմեց, որ Մարտունու շրջանի գյուղերից են, թողել են ամեն ինչ, մի կերպ փախել Ստեփանակերտ։ Ստեփանակերտում տիրող քաոսի մեջ սպասել են, մինչև հնարավոր է եղել դուրս գալ։ Գազի պայթյունից մահացել է նաև իրենց հարևանի տղան, որդեկորույս ծնողին մի կերպ են համոզել դուրս գալ Ստեփանակերտից։ Իրենք ընտանիքով էին, պապը, տատը, որդին, հարսը և 2 մանկահասակ տղա թոռները։ Արետը մեքենայից խաղալիք, ուտելիք, երեխայի հագուստ փոխանցեց, փոքրիկները ուրախացան, մեզ հետ չզրուցեցին, մի քիչ ամաչկոտ էին։ Արետի համար հատկապես երեխաների վիճակն էր ծանր, ինքն էլ 2 փոքր դուստր ունի։ Արետը ծնվել ու մեծացել է Թուրքիայում։ 1915 թվականի ջարդերի ժամանակ իր պապի կյանքը փրկել է թուրք հարևանը, տվել իր ազգանունը, սակայն ասել, որ երբեք չմոռանա իր ծագումն ու հայ լինելը։ Տարիներ անց պապի համար հայ աղջիկ է գտել, ամուսնացրել։ Արետը մի քանի տարի է՝ ինչ Հայաստանում է, այստեղ գտել է իր տունը, կազմել ընտանիք։ Բակում դեռ սպասում էինք, եղանակը Գորիսում հրաշալի էր, սիրտս լցվեց տխրությամբ, որ այսպիսի ժամանակ եմ եկել Գորիս, երանի ուղղակի այցելած լինեի, վայելեի ամեն պահը, ավաղ։ Ահա և եկավ տնօրենը, տեղավորեցին նոր ժամանած ընտանիքին, փոխանցեցինք մեր բերած իրերը, շարժվեցինք հետ՝ դեպի Վայք․ ես, Արետը, Արինը։ Արինը մի քանի ամիս է, ինչ Հայաստանում է։ Եկել է Պարսկաստանից, ծնողներն էլ պարսկահայեր են։ Այնտեղ եղբոր հետ ռեստորան են ունեցել, սակայն միշտ մտածել է Հայաստանում ապրելու մասին։ Պարսկաստանում օրեցօր ավելի ճնշող դարձող միջավայրը նպաստում է վերջնական որոշում կայացնելուն, արդեն այստեղ է։ Գորիսում առաջին անգամ էր, քաղաքը սիրեց, ափսոս այսպիսի ժամանակ ենք եկել։ Մթնեց, Սյունիքին բնորոշ մառախուղը խորհրդավոր ու դանդաղ իջավ սարերից ու պատեց ճանապարհը։ Նամակ ստացանք․ «Պատահար Սիսիան-Երևան ճանապարհին։ Սյունիքի մարզային փրկարարական ճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել․․․ տեղի է ունեցել ՃՏՊ․․․վարորդին մոտեցրել են շտապ օգնության ավտեմեքենային, վերջինս հոսպիտալացվել է․․․ առողջական վիճակը գնահատվել է կայուն»։ Ինչ լավ է, պապն ու թոռն ապահով են այժմ։ Ժամեր անց հասանք Վայքի մշակույթի տուն։ Մեր՝ տեղում մնացած թիմակիցները կարողացել էի համակարգել ամբողջ ընթացքը, թեև բավականին բարդ էր եղել։ Դահլիճում դրված դաշնամուրից հանկարծ Կոմիտաս հնչեց, Արետն էր։ Արդեն 4-րդ կատարումն ընդհատեց մի կամավոր տղա, տուն էր փնտրում իրեն ծանոթ արցախցի գյուղապետի համար, ով հանել էր գյուղի ողջ բնակչությանը, տեղավորել Հայաստանում, բայց իր ընտանիքի հետ դեռ դրսում էր։ Փոխանակվեցին հեռախոսահամարներով, հուսանք շուտով կգտնվի տուն։ Գյուղապետը շատ էր ցանկանում լինեն Երևանի մոտ, այդ տարածքներում էր տեղավորել իր համագյուղացիներին։ Մեր թիմակիցներին համակարգման աշխատանքներում օգնել էին վայքեցի և այլ տղերից ժամանած կամավորներ։ Կամավորների մեջ էր արցախից տեղահանված 14 տարեկան մի աղջնակ, ով եռանդուն աշխատել էր ամբողջ ընթացքում։ Կամավորներից մի քանիսը որոշեցին գիշերել մշակույթի տան դահլիճում, նրանց իրենց տուն էր հրավիրում վայքեցի մի կին։

-Մեր տունը մեծ է, բոլորով կտեղավորվենք։ 44-օրյաին 30 մարդ կարողացել ենք տեղավորել։ Տանը շատ չենք, ես եմ, սկեսուրս, երեխաներս։ Ամուսինս ու ամուսնուս եղբայրը զոհվել են 44-օրյաին, մենք Քաշաթաղի շրջանում էինք ապրում, Իշխանաձոր գյուղում։

-Ինչպե՞ս թե, ես էլ այդ գյուղում նոր էի սկսել դասավանդել, երբ սկսվեց պատերազմը – ասաց կամավոր աղջիկը։

-Վա՜յ, ես հիշեցի քեզ, աշխարհագրության ուսուցիչ էիր։

-Այո․․․։

Գրկախառնվեցին, բոլորս հուզվեցինք։ Մշակույթի տանը գործերն ավարտեցինք և ուղևորվեցինք մեր թիմակից Եվայենց տուն։ Եվան Վայքից է, մեր մի մասին հյուրընկալել էր իրենց տանը։ Մի փոքր հանգաստացանք, զրուցեցինք, լռեցինք՝ ամեն մեկն իր մտքերով։ 2 ժամ անց վերադարձան Կոռնիձոր գնացած մեր թիմակիցները։ «Կոռնիձորում շատ տխուր էր, մեքենաներ արդեն չէին գալիս, փակում էին Կոռնիձորի ճանապարհը։ Մնացել են Կարմիր խաչի հատ ու կենտ մեքենաները, որ Ստեփանակերտից անօգնական մնացած, վիրավոր մարդկանց են հանում»․ -պատմեց Համբարձումյան Մարիամը և շարունակեց -Բերձորը Կոռնիձորից երևում էր, լավ լուսավոր էր»։ 

Նայում էի նրա նկարահանածը, ու թվում էր՝ երազ է, իմ հարազատ Բերձորը կարելի է տեսնել միայն հեռվից, անճանաչելի դարձած, դեռևս ամայի, բայց լուսավոր։ Քնեցինք, լուսացավ։ Արթնացանք, զրուցում էինք Մարիամի հետ։ Մարիամը, ով «TCF» ընկերության համահիմնադիրն է, պատմեց, որ իր մեծ տատն ու պապը Մուշից են եղել։ Նրանց հաջողվել է փրկվել Արևմտյան Հայաստանում սկսված կոտորածից։ Մարիամը լավ է հիշում, մեծ տատի արցունքները։ Այդպես էլ Էրգիր ասելով մինչև խոր ծերություն ապրեց տատը ու մահացավ կարոտը սրտում։ Մարիամին անվանակոչել են հենց Մեծ Տատի անունով։ Պատուհանից աղմուկ լսվեց, դուրս նայեցինք։ 2 մեքենա էին կանգնած, շուրջը փոքրիկ երեխաներ էին աղմկում, տեղահանվածներն էին, երևի մեքենաներում էին գիշերել։ Մարիամը խնդրեց սպասել, ներքև իջեցրեց հագուստ, ուտելիք, խաղալիքներ, որոնց վրա փակցրել էինք «ես քզնհետում» գրությամբ պիտակներ։ Գուցե, տարիներ անց, այս երեխաներին ջերմությամբ գրկի անցյալից մի դրվագ, երբ հիշեն փափուկ խաղալիքն ու գրությունը։ Նախաճաշեցինք, շարժվեցինք մշակույթի տուն։ Մուտքի մոտ Նարեն իր հետ վերցրեց մի ծաղիկ, որ երեկ նվեր էր ստացել Վայքում սպասող մի ընտանիքից։ Ծաղիկներն իրենց տան բակից էին բերել, մեկը նվիրել են Նարեին։ Ի տարբերություն նախորդ օրվա՝ մարդիկ քիչ էին, մեծ մասին արդեն տեղափոխել էին տարբեր մարզեր։ Օգնեցինք տեղում տեսակավորել մնացած հագուստը, ընթացքում մարդիկ էին մոտենում, մեկին տաք հագուստ էր պետք, մյուսը ծածկոցի կարիք ուներ, 3-րդը կոշիկ էր փնտրում, մի տատիկ՝ Նոռա բաբոն, իր ընտանիքի անդամների համար հագուստ էր փնտրում, օգնեցինք, օրհնեց մեզ․ «Աստված ձեր գլխին բոլ-բոլ լցնի, որ բաբոյին օգնեցիք ղաշանգ նամեր գտաք»։ Բակում արցախցի փոքրիկների փոքր խումբ զիլ աղմկում էր, միացանք իրենց, խաղացինք, գրկեցինք, ստացանք իրենց ջերմությունը, փոխանցեցինք մեր սերը։  Նարեն, ով ևս մեզ հետ էր, եկել էր Ամերիկայից։ Ծնվել ու մեծացել է ԱՄՆ-ում այնտեղ էլ սովորել է կինեմատոգրաֆիայի արվեստը։ Ավելի քան 60 կարճամետրաժ ֆիլմերի ռեժիսոր, պրոդյուսերը 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ մեկնել է Արցախի Քաշաթաղի շրջանում գտնվող Ծիծեռնավանք գյուղի համանուն վանական համալիր և վավերագրել բնակավայրն ու սրբատունը հայաթափումից րոպեներ առաջ։ «Ես պետք է վավերագրեի այդ պահը։ Թվում էր՝ հայտնվել էի 1915 թվական և ականատեսն էի՝ ինչպես են իմ նախնիները բռնի տեղահանվում Արևմտյան Հայաստանից, կորցնում իրենց տունը, վանքերը, հողերը։ 2023 թ․ դեպքերի ժամանակ Փարիզում իմ վարձած գեղեցիկ տանը, որից բացվում էր տեսարան դեպի շողշողուն Էյֆելյան աշտարակ, զգում էի ցավ ու անզորություն։ Արտաքին աշխարհը շողում էր, իսկ ներոսում ցավ ու դատարկություն»։ Արցախ գնալ այս անգամ չէր կարող, ու որոշեց չեղարկել ճամփորդությունը, գալ Հայաստան, որպեսզի վավերագրի այս անգամ էլ Արցախի հայաթափումը։ Նարեի համար ցավալի է, որ աշխարհն իրեն հարմար պահի է միայն արդար։ «Առաջ ես ինձ սփոփում էի մտքով, որ աշխարհը չգիտի 1915 թվականին տեղի ունեցածի մասին, բայց այժմ ինքս ինձ խաբել չի հաջողվում», -ասում է Նարեն։ Հարցազրույց է վերցնում 14-ամյա մի աղջնակից, ով պատմեց, թե ինչպես են դուրս եկել Արցախից, իր 18 ամյա եղբայրն է մեքենան վարել։ Հայրն իրենց գյուղի համայնքապետն է, այդ ընթացքում այլ ընտանիքների է տեղափոխել։

Վերջում մնացած 2 ընտանիքները՝ մանկահասակ երեխաների հետ ուղևորվեցին Էջմիածին, գուցե հետո գնան Ռուսաստան, դեռ պարզ չէ։ Վերադառնում ենք Երևան, ես Համիդի, Քրիստինեի և Հակոբի հետ ուղևորվեցի։ Ճանապարհին արցախցիների կանգնած մեքենայի հանդիպեցիք, Համիդը հարցրեց ընտանիքի կարիքները, երեխաների համար իրեր տրամադրեց։ Համիդը ազգությամբ պարսիկ է, երկար տարիներ ապրում է Հայաստանում, այստեղ էլ ընտանիք է կազմել։ Առանձնանում է իր հոգատարությամբ և ամեն ինչում օգնելով, 2 օրերի ընթացքում կնոջ՝ Քրիստինեի հետ հիմնականում երեխաների հետ էին զրուցում, իրեն բնորոշ հոգատարությամբ գրկում էր Համիդը երեխաներին, հումորներ անում, ուրախացնում։ Ճանապարհի ընթացքում զրուցեցինք Ավարայրի ճակատամարտից, Սուլթան Համիդից, Արշակունիներից, Ալեքսանդր Մակեդոնացուց, Ռուս-Պարսկական պատերազմից, թուրքերից, Երևանի խանությունից, Երասխի դիրքերից․․․

Վերջապես տանն ենք։ 2 օրը թվաց 2 տարի, անհավանական մի երազ՝ լի ողբերգությամբ, սիրով, հոգատարությամբ։ Տարօրինակ, գուցե և ակնհայտ պատճառներով մեր թիմի «ինտերնացիոնալ» հատվածն էր մեկնել առաջնագիծ։ Ցավալի է գիտակցումը, որ մեզ բոլորիս միավորում է գաղթի պատմությունը՝ մեր, մեր նախնիների։ Քիչ անց կարդացի՝ ալիևը հրամայել է քանդել «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, իսկ ես մի կարգին նկար էլ չունեմ հուշարձանի մոտ, իմ՝ լուսանկարվել չսիրող հիմար բնավորությունը․․․

Հազար հողմեր մեզ չեն մաշել։ Այս դժվար օրերին պետք է լինել հոգատար միմիանց նկատմամբ, ամենաքիչը ուղղակի լռել։ Դեռևս դժվարությունների վերջը չի երևում, ապագան անկանխատեսելի է, պետք է լինել սթափ, հիշել, որ դժվար ու ձախորդ օրերը գալիս են, բայց անցնում են։

Հազար հողմեր մեզ չեն մաշել․․․չեն մաշի։

 

Վարսենիկ Ըռքոյան

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։