Image

355-ամյա պատմություն

«Երկուտասներորդ՝ Ճահուկ գաւառ, որ և ձորն որ Շահապաւնս կոչի»։

 Ստ․ Օրբելյան

 

Արարատի մարզի Նոր-խարբերդի վարչական տարածքում՝ Մասիս-Նուբարաշեն մայրուղու աջակողմյան եզրին արդեն 28 տարի է, ինչ կանգուն է Հազարափրկիչ անունը կրող տուֆակերտ մատուռը։ Այն կառուցվել է «Նախիջևանահայերի Հայրենակցական Միավորում» հասարակական կազմակերպության կողմից։ Ու հուրաքանչյուր տարի հոկտեմբերի երկրորդ կիրակի մատուռի մոտ կազմակերպում է տոնական միջոցառում` համախմբելով նախիջևանցիներին։ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ճահուկ գավառը հազարամյակներ շարունակ եղել է հայոց ոստան ու տուն։

Սյունիքի պատմիչ՝ 13-րդ դարի մեծ մտավորական ու տարածքի լավագույն գիտակ Ստեփանոս Օրբելյանն իր «Սյունիքի պատմություն» գրքում /Երևան 1986թ․Գլուխ-Գ, էջ՝ 70/ գրում է․ «Տասներկուերորդը՝ Ճահուկ գավառը, որը և Շահապոնք կոչվող ձորն է»։ Նույն գլխում հիշատակում է նաև Շահապոնից բերդի մասին, որը եղել է Սյունիք աշխարհի կարևոր ամրոցներից մեկը։ Ճահուկ գավառի ան-վան առաջին ստուգաբանողը եղել է ճահուկցի կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցին, ում մասին Ալիշանը գրում է. «Ղազար կաթողիկոս՝ բնիկ երկրին՝ ախորժե ստուգաբանել. «Վասն» պա-տուականութեան տեղեացն ճահ և ըմբոն, այսինքն՝ գեղեցիկ հարկաւոր և կարի պատշաճ»։ Անվանահիմքը «ճահ» կամ «ջահ» նշանակում է «ջոկ», «խումբ» կամ «առանձին»։ Երևի գա-վառը Նախիջևանից անջատվելու կապակցությամբ է ստացել այդ անունը, որովհետև նրա մեջ մտնող մի շարք գյուղեր առաջներում եղել Նախիջևան գավառում։ Գավառը մինչև 18-րդ դարը ունեցել է 334 հայկական գյուղ։ Համանուն գավառ կար նաև Կորճեքում։ Ստեփանոս Օրբելյանը Շահապոնից ձոր անվան հետ կապված գրում է․ «․․․անվանված պարսիկ Շահապի կողմից, որ գաղթի պատճառով եկել էր Սյունյաց նահապետների մոտ»/էջ՝ 71/։ Իր գրքում այս անուններին մի քանի անգամ է անդրադառնում պատմիչը՝ կարևորելով գավառի ու այդ տարածքում գոյություն ունեցած վանք-սրբատների դերը։ Գավառի մասին իր «Պատմություն» գրքում տարբեր առիթներով տեղեկություն է տալիս նաև 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին։ «Մայրաքաղաք Նախիջևանին մոտիկ մի գավառ կա, որ կոչում են Շահբունոց ձոր, այս գավառում մի գյուղ կա, որ կոչվում է Օծոպի, այս գյուղի մոտ վաղեմի ժամանակներից շինված կա մի վանք Սուրբ Աստվածածին անունով, որ կոչում են Օծոպու վանք»/Երևան 1988․ էջ 334/։ Սուրբ Աստվածածինը եղել է եպիսկոպոսանիստ, գտնվել է ներկայիս Շահբուզի շրջանի Օծոփ գյուղից 600 - 700 մ արևելք, բարձրադիր լեռնաբլուրի լանջին։ Վանքն առնչվում է նաև Գրիգոր Լուսավորչի Աջի՝ Էջմիածին հասնելու հետ։ Ըստ ավանդության Օծոպի վանքի/Ստ․ Օրբելյանի մոտ հիշատակվում է Ածապ/ վանահայր Վրթանեսը /վախճանվել է Հայոց ՋԽԲ թվին․ 942+551=1493/ հասել է Աղթամար և այնտեղից գաղտնի Էջմիածին հասցրել Լուսավորչի Աջը, որը մինչ Էջմիածին հասնելը, հանգրվանել է նաև Ճահուկ գավառի, հատկապես Շահապոնից ձորի վանքերում։ Հնարավոր է նաև՝ Հազարափրկիչում։

Օծոպ կամ Օծոփ գյուղի Սուրբ Աստվածածինը, որ կոչվել է նաև Քամու խաչ վանք, կառւցվել է 12-13-րդ դարերում։ 1292 թվականին այստեղ ընդօրինակված Ավետարանի հիշատակարանում եկեղեցին անվանված է Սուրբ Աստվածածին։ Ինչ վերաբերում է Արարատի մարզում կառուցված Հազարափրկիչ սրբավայրին, այն կրում է պատմական Հազարափրկիչ վանական համալիրի անունը։ Պատմական հազարափրկիչ վանքը մինչև 1980-ականների սկիզբը կանգուն էր ու գտնվում էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի/պատմ․ Ճահուկ գավառի Շահապոնք/ շրջանում՝ Գյոմուր գյուղից 5 կմ հյուսիս-արևմուտք՝ Շահբուզ-Սիսիան մայրուղու աջ կողմում։ Այժմ այս վանական համալիրը հիմնահատակ ավերվել է ադրբեջանցիների կողմից։ Վանական համալիրը հայկական քիչ ուսումնասիրված պատմական հուշարձաններից է եղել, այդ իսկ պատճառով վերջինիս մասին քիչ տեղեկություններ են հայտնի։ Այն կազմված է եղել մի շարք շինություններից՝ եկեղեցի, մատուռ, պարիսպ, գերեզմանատուն և այլն։ Կառուցվել է 11-ից 12-րդ դարերում։ Վանքի սրբատաշ ու կոպտատաշ բազալտից կառուցված եկեղեցին ունեցել է երկհարկանի դամբարան-եկեղեցու հորինվածք՝ մուտքը՝ արևմուտքից։ Ընդունված կարգի համաձայն՝ Սուրբ խարանի աջ ու ահյակ եղել են ավանդատներ։ 17-րդ և 19-րդ դարերում վանքի առանձին կառույցներ վերանորոգվել են։ Խորհրդային տարիներին ադրբեջանցիները հաճախ են փորձել ավերել վանական համալիրը, սակայն տեղում դեռևս բնակվող մեր հայրենակիցները պահպանել են Շահապունքի հայության հազարամյա սրբավայրերից մեկը, ուխտի գնացել։ Արցախյան շարժման հենց սկզբում Նախիջևանի ադրբեջանական իշխանությունների կողմից սկսվեցին հալածանքներ տեղում մնացած հայության հանդեպ, և մեր հայրենակիցներն ստիպված հեռացան հայրենի տնից։ Եվ 1989թ․ դեկտեմբերին Երևանում մի խումբ նախիջևանցիների կողմից կազմավորվեց «Նախիջևանահայերի Հայրենակցական Միավորում» ՀԿ-ն, որը մինչ օրս կարողանում է համախմբել նախիջևանցիներին։ Այս տարի ևս մարդաշատ էր Հազարափրկիչ մատուռի մոտ։ Եղան ելույթներ։ ՀԿ վարչության նախագահի տեղակալ, Արարատի մարզի բաժանմունքի պատասխանատու Բաբաջան Բաբախանյանը ներկաներին շնորհավորեց տոնի առթիվ, սակայն նշեց՝ առաջվա պես այսօր համերգային մաս չի լինելու՝ ցավ հայտնելով Արցախում վերջերս կատարված ողբերգական իրադարձությունների, արցախահայերի բռնի տեղահանման համար։ Ներկա էին «Նախիջևանահայերի Հայրենակցական Միավորում» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը, ՀԿ հիմնադիրներից պատմաբան, մատենագետ, հայագետ, նախիջևանագետ, լրագրող, մշակութաբան, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ նախագահի մրցանակաբաշխության հումանիտար գիտությունների 2010 թվականի մրցանակակիր, Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Արգամ Այվազյանը, ովքեր իրենց ելույթներում կարևորեցին հայրենակցականի դերը նախիջևանահայերին համախմբելու գործում։ Անդրադարձան օրվա խորհրդին, որ յուրաքանչյուր տարի հոկտեմբերի երկրորդ կիրակի իրականացվող միջոցառումը՝ ուխտագնացությամբ, տոնական համերգներով, տոնավաճառներով և այլն, մշտապես կապի մեջ է պահում հայրենիքից հեռացած նախիջևանահայերին և միշտ բորբոք է պահում հայրենիքի կարոտը, ինչու չէ՝ մի օր վերադառնալը։ Այս հարցում Բ․ Բաբախանյանը կարևորեց երիտասարդ սերնդի դերը, որ շարունակեն իրենց պապերի հայրերի նախաձեռնությունը և Հազարափրկիչը մնա մշտապես միավորող սրբատեղի։ Անդրադարձավ նաև իր ասելով 355 տարի առաջ Ճահուկ գավառի պաշտպանության համար մղված մարտերին, որոնց շնորհիվ գավառը մնացել է հայկական։ Որպես հաղթանակի օր՝ Ճահուկ գավառի հայությունը նախաձեռնել է Հազարափրկիչի տոնակատարությունը՝ նվիրված նաև այդ մարտերում նահատակված հայոց զինվորների։ Ուղտավորների հիմնական մասը նախկին նախիջևանցիներ էին, շատերը՝ տարեց։ Ծննդով Գյոմուր գյուղից է 83-ամյա Նուբար մայրիկը՝ ընկերոջս՝ Սուրեն Շահինյանի մայրը, ով խորհր-դային տարիներին է ընտանիքով տեղափոխվել Այնթապ գյուղ։ Մեծ սիրով ու ցավով է պատ-մում սիրելի բնակավայրի, իրենց նշանավոր ուխտավայր-սրբավայր Հազարափրկիչ վանքի մասին։ Չնայած խորհրդային կարգերին, դարերի պատմություն ունեցող ավանդույթը շա-րունակել են իրենց ծննդավայրում։ Ողջագուրվում է նախիջևանցի ծանոթ ու բարեկամների հետ, հիշում են կորուսյալ հայրենիքը։ Այսօր միայն հուշերն են մնացել, և նորակառույց մա-տուռն է դարձել պատմական վանքի փոխարինողը։ Շատերը մատաղացու աքաղաղ ու գառ էին բերել։ Ընկերս՝ Սուրեն Շահինյանը, ով նույնպես ծնվել է Գյումուրում, այժմ աշխատում է Արարատի մարզի կրթության, մշակույթի վարչությունում որպես գլխավոր մասնագետ, պատմեց Հազարափրկիչ վանքի մասին։ Ըստ ավանդության՝ Սյունիքի մելիք Իսրայելի որ-դին՝ Իսրայել Օրին, երբ լսել է Ճահուկ գավառի հայությունը վտանգի մեջ է, հորից զորք է վերց-րել և հասել հայրենակիցներին օգնության, փրկել կոտորածից։ Այդ ժամանակից սկսած տա-րածքի հայերը նշել են Հազարափրկչի տոնը։ Նորակառույց եկեղեցու բակում տեղադրվել են նաև մի քանի խոյատապանաքարեր, որոնք բերվել են Նախիջևանից։ Խոյատապաներն արձանագիր են, հիմնականում 17-րդ դարի շիրմաքարեր են։ Տարածքում կանգուն է նաև հուշակոթող, որի վրա փորագրված են 1941-45թթ., Արցախյան պատերազմներում նահա-տակված քաջորդիների անունները, ովքեր արմատներով եղել են Ճահուկ գավառի Գյոմուր, Գժաձոր և Առինջ գյուղերից։ Այս կոթողի հարևանությամբ էլ Խաչքար-հուշակոթող է՝ «Նախիջևանի Շահապոնք գավառի Հազարափրկիչ հուշակոթող» արձանագրությամբ։ Ընթացքում զրուցեցի Բ․ Բաբախանյանի հետ, ով նաև Արցախյան գոյամարտի ազատամարտիկներից է։ Տեղեկացրեց մատուռի կառուցումից հետո, բացի յուրաքանչյուր տարվա հոկտեմբերյան ուղնագնացությունից, բազում միջոցառումներ են կազմակերպվել, հատկապես իր նախաձեռնությամբ։ Եկեղեցու բակում պատահաբար հանդիպեցի նաև Մնացականին, ով վերջերս է տեղահանվել Ստեփանակերտից․ աշխատում էր «Ազատ Արցախ» թերթի խմբագրությունում։ Պարզվեց Մնացականը, ում ճանաչում եմ վաղուց, արմատներով նախիջևանցի է և երկրորդ անգամ է բռնել գաղթի ճանապարհը։               

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։