Image

Հոբելյանական 30-րդը

«Այս ամենի դիմաց խնդրում եմ՝ առողջ լինեք․․․»։ Այս խոսքերն ուղղեց ներկաներին, հատկապես կենտրոնի շահառուներին իր ելույթում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի տնօրեն Մովսես Պողոսյանը։ Հոկտեմբերի 25-ին «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում կայացավ «Գթության խոհանոց» ծրագրի հոբելյանական 30-րդ շրջանի պաշտոնական բացման արարողությունը։

Այս մարդասիրական ծրագիրը հիմնադրվել է 1994թ․ Երևանի պատվավոր քաղաքացի, գերմանացի լեռնափրկարար Գերհարդ Մայերի կողմից։ Ծրագրի շահառուներ են Երևանի շուրջ 230 սոցիալապես խիստ անապահով բնակիչներ, սիրիահայեր և Արցախից բռնի տեղահանվածներ։ 30 տարիների ընթացքում «Գթության խոհանոց»-ն ունեցել է ավելի քան 23000 շահառու։ Հոբելյանական արարողության առթիվ կենտրոն էին ժամանել Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության պատվիրակությունը՝ նախագահ Բարբարա Բոշի ղեկավարությամբ, ինչպես նաև՝ ներկայացուցիչներ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից, Հայկական Կարմիր Խաչի ընկերությունից, «Պարենի համաշխարհային ծրագիր»-ից, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լուսինե Ազարյանը և այլ հյուրեր։ Ներկա էին նաև կենտրոնի շահառուները, ովքեր տարվա ցուրտ ամիսներին օգտվում են «Գթության խոհանոց»-ից» Մինչ կսկսվեր արարողության պաշտոնական բացումը, հյուրերը ծանոթացան «Հույսով լի և առողջ մանկություն» ծրագրում ընդգրկված Արցախից բռնի տեղահանված շահառու երեխաների ձեռքի աշխատանքներին, որոնք ցուցադրված են կենտրոնում։ Հյուրերը երեխաներին նաև փոքրիկ նվերներ հանձնեցին։ Ընթացքում «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի կանաչապատ տարածքում, որը պատված է վարդերով,  տնկվեց հայ և գերմանացի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող ծառը՝ Բարբարա Բոշի ղեկավարությամբ ժամանած պատվիրակության կողմից։ 1 տարի առաջ՝ 2022թ․ հոկտեմբերի 26-ին նմանատիպ եղևնի տնկվեց Գերմանիայում «Գթության խոհանոց կառավարման կոմիտե»-ի նախագահությունն ստանձնած Օստաբլի նախկին նահանգապետ Կլաուս Պավելի ղեկավարած պատվիրակության կողմից։ Կ․ Պավելը նույնպես ներկա էր արարողությանը։

Ներկա հյուրերը, այդ թվում նաև ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հող լցրեցին ծառի արմատներին ու ջրեցին։ Հյուրերը ծանոթացան նաև կենտրոնի խոհանոցի պայմաններին։ Մ․ պողոսյանը գովեստով խոսեց խոհարարների մասին, ովքեր մեծ սիրով են աշխատում։ Այդ օրը նրանց օգնում էին երիտասարդ կամավորականները։ «Գթության խոհանոց»-ի բացման արարողության հանդիսավոր մասից առաջ  արցախցի երգչուհի Լիլիթ Ավանեսյանը ներկայացավ «Իմ Արցախ» երգով։ Բացման խոսքով հանդես եկավ «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի տնօրեն Մովսես Պողոսյանը։ Ողջունելով ներկաներին՝ Մ․ Պողոսյանն անդրադարձավ իր ղեկավարած կենտրոնի 30-ամյա գործոնեությանը, որ այդ ընթացքում բազում բարեգործական ծրագրեր են իրականացրել։ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ  Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր ողջույնի խոսքում կարևորեց կենտրոնի դերը հատկապես վերջին տարիներին, երբ «Հուսո տուն»-ն իր հյուրընկալ հարկի տակ շատ արցախցիների է ընդունել։ Վերջին ողբերգական իրադարձությունների ժամանակ «Հուսո տուն» բարեգործականի անձնակազմը տնօրենի գլխավորությամբ Գորիսում էր, և նրանց դաշտային խոհանոցը սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 2-ը ծառայում էր բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, նրանց աջակցող կառույցների աշխատակիցների։ Հոկտեմբերի 6-ից կենտրոնը տաք և կալորիապես հարուստ սնունդ է հատկացնում Արարատի մարզում բնակություն հաստատած արցախցիներին։ Այնուհետև Սրբազանը հոգևոր հայրերի հետ Տերունական աղոթքով օրհնեց կենտրոնի աղ ու հացը, անձնակազմին՝ մաղթելով Տերը զորավիգ լինի մեր հայրենիքին, հայ զինվորին, ազգին հայոց։ Ներկաներին ողջունեց ու «Հուսո տուն» կենտրոնում գործող «Գթության խոհանոց»-ի և այլ բարեգործական ծրագրերի մասին ներկայացրեց Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության պատվիրակության նախագահ Բարբարա Բոշը։ Շնորհակալություն հայնտնեց բոլոր նրանց, ովքեր այս 30 տարիների ընթացքում իրենց ներդրումն են ունեցել «Գթության խոհանոց» ծրագրի իրականացման գործում։ Շնորհակալություն հայտնեց Մովսես Պողոսյանին ու նրա տնօրինությամբ գործող անձնակազմին, որ այդ տարիների ընթացքում կարողացել են օգնել ու աջակցել հազարավոր կարիքավորների։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչ պարոն Ֆլորիան Ֆոգթը։ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռիխտերի անունից շնորհավորեց արարողության առթիվ, նշեց ընդամենը 3 ամիս է, ինչ Հայաստանում է և ծանոթանում է հայոց երկրին։ «Գթության խոհանոց» ծրագրի հոբելյանական 30-րդ շրջանի պաշտոնական բացման արարողությունն ավարտվեց տոնական ճաշի հյուրասիրությամբ, որի ընթացքում հեղինակային երգերով հանդես եկան «Բարդերի ակումբ»-ի երգիչները։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։