Image

Մասնակից են նաև արցախցիներ

ՀՀ Երկրապահ կամավորականների միության /ԵԿՄ/ «Պատանի երկրապահ» ակումբի՝ միշտ աչքի ընկնող Զառի վաշտի և «Հանուն սահմանի» հասարակական կազմակերպության /ՀԿ/ համատեղ նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 24-ից Աբովյան քաղաքում գործում է աշնանային ռազմաուսումնական ճամբար: Աշնանային գեղատեսիլ անտառն ավելի է գունագեղ է դարձել և շունչ առել զինվորական հագուստով մի քանի տասնյակ դպրոցահասակ  երեխաներով։ Ճամբարականները հիմնականում Զառ գյուղից են, Աբովյան քաղաքից, մոտակա բնակավայրերից, ինչպես նաև՝ վերջերս Արցախից բռնի տեղահանվածներ:

Ճամբարում երեխաների առօրյան հագեցած է գործնական և տեսական գիտելիքների, առաջին բուժօգնության, մարտավարական, կրակային ուսուցմամբ, ուժային ու ինտելեկտուալ մրցումներով, ժամանցային ծրագրերով և այլն: Ճամբարի բացման օրը երեխաներին այցելել է Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, ողջունել ռազմահայրենասիրական ոգով ճամբարի կազմակերպման գաղափարը, շրջել տարածքում, դիտել երեխաների կողմից ներկայացված ցուցադրական ելույթները և «Հանուն սահմանի» ՀԿ-ին նվիրել քնապարկեր՝ նման բացօթյա ծրագրերում օգտագործելու նպատակով: Հոկտեմբերի 27-ին ճամբարականներին այցելեցին Աբովյանի Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, Փրկարար ծառայության մայոր Անդրանիկ Հովսեփյանը և խմբի պետ, կապիտան Տիգրան Արշակյանը։ ՀՓՋ ներկայացուցիչները պատանիների հետ անցկացրեցին տեսական ու գործնական պարապմունքներ՝ տեղեկացնելով՝ ինչպես գործել երկրաշարժի ժամանակ, դրանից հետո։ Կարևորեցին առաջին բուժօգնությունը։ Այնուհետև կատարեցին գործնական վարժանք՝ գետանցում պարանի միջոցով։ Ուրախալի է, որ ճամբարականների մեծ մասը տեղյակ էին՝ ինչպես գործել երկրաշարժի ժամանակ, կային լավ նշանառուներ։ Ճամբարում էին նաև «Հանուն սահմանի» ՀԿ նախագահ Հովհաննես Մարուքյանը և քարտուղար Տիգրանուհի Դավթյանը։  Օրվա ընթացքում ճամբարականները հրահանգիչների ղեկավարությամբ անցկացրեցին մարտավարական ու շարային վարժանքներ,  կրակեցին օդամղիչ հրացանով։

ՀՀ ԵԿՄ Աբովյանի տարածքային բաժանմունքի փոխնախագահ, Զառի դպրոցի զինղեկ, մայոր Արմեն Սեդրակյանը, ով մշտապես ճամբարականների հետ է։ Ասաց՝ առանձնակի կարևորել են արցախցի երեխաների մասնակցությունը ճամբարին, որ որոշակի թեթևացնեն նրանց ներկա վիճակը։ Նշեց նաև՝ Զառի դպրոցում նույնպես շատ արցախցի երեխաներ են այժմ սովորում, և նրանցից 12 հոգի ճամբարականների շարքում էին։ Ընթացքում զրուցեցի արցախցի երեխաների հետ։ Բոլորն էլ վերջերս են լքել հայրենի տունը։ 13-ամյա Ռուզաննա Աղաջանյանը, ով 16-ամյա Գևորգ եղբոր հետ էր մասնակցում ճամբարին, ցավով է պատմում իր ընտանիքի պատմությունը։ Հայրը՝ ազատամարտիկ Գրիգորի /Գիշո/ Աղաջանյանը, ծնունդով Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից է՝ պատմական Վարանդայի մելիքների նստավայրից։ Մայրը Մարաղայից է։ 1992թ․ Մարտակերտի Մարաղա գյուղում ադրբեջանցիների կողմից իրականացվել է ցեղասպանություն, և ողջ մնացածները հեռացել են այնտեղից, բնակություն հաստատել Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղում, որը 1993-ին էր ազատագրվել ու վերահայացել։ Մոր հայրը՝ Ռոմա Կարապետյանը, եղել է Նոր Մարաղայի գյուղապետը։ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո Նոր Մարաղան էլ հանձնվեց թշնամուն։

Սկսվեց եկրորդ բռնագաղթը։ Նրանց ընտանիքը տեղափոխվել է ՀՀ, այնուհետև վերադարձել են Արցախ և նոր տուն կառուցել Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղում։ Իսկ այժմ վարձով Զառ գյուղում են բնակվում։ Ինքն ու եղբայրները՝ Գևորգն ու 15-ամյա Գոռը, սովորում են Զառի միջնակարգ դպրոցում։ Արդեն համակերպվել են նոր բնակավայրում, բայց հայրենի տան կարոտը խեղդում է։ Մարտունու Ճարտար քաղաքից է Արմենը, ով այնտեղ արվեստի դպրոցում էլ է սովորել։ Ցանկանում է նկարիչ դառնալ․ հավատում է իր ուժերին։ Ծառաշատ տարածքը, որտեղ գործում է ճամբարը, սիրով է տրամադրել ազատամարտիկ Կամո Գրիգորյանը։ Այստեղ հաճախ են կազմակերպում նման ճամբարներ, մարզումներ։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։