Գորիսում
Օրերս եղա Գորիսում։ Նախ ասեմ՝ Արցախի, իմ հարազատ Քաշաթաղի կարոտը սրտումս անցա Երևան-Գորիս ճանապարհով, որի ամեն մի մետրը ծանոթ է։ 30 և ավելի տարի շարունակ անցել եմ այդ ճանապարհով ու հասել Արցախ։ Այս անգամ Գորիսի պետական համալսարանում պետք է ներկա լինեի շուտով տպագրվող գրքի քննարկմանը։
Գորիսի պետական համալսարանի դասախոս, բ.գ.թ. դոցենտ Մհեր Քումունցի և իմ հեղինակած «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» (անգլերեն) գրքի վրա աշխատում ենք արդեն մի քանի ամիս: Բերձորում բնակվելու և աշխատելու մոտ 25 տարիների ընթացքում հասցրել եմ լուսանկարել ու ուսումնասիրել Քաշաթաղի տարածքում հայտնի ու նորահայտ հարյուրավոր պատմամշակութային հուշարձաններ, որոնք մեր պապերի թողած ժառանգությունն են։ Գիրքը, որը շուտով լույս կտեսնի, ներկայացնում է Քաշաթաղի շրջանի պատմական բնակավայրերում, դրանց հարևանությամբ պահպանված հայոց մասին պատմող վանքերի, եկեղեցիների, մատուռների, բերդ-ամրոցների, կամուրջների, աղբյուրների, ինչպես նաև հայ պատմիչների մասին տեղեկատվություն: Գրքի քննարկմանը ներկա էին համալսարանի դասախոսներ, ուսանողներ, ովքեր հարցեր ուղղեցին գրքի հեղինակ-բանախոսներին, հանդես եկան առաջարկություններով։ Մինչ համալսարան հասնելը՝ այցելեցի Գորիսի պանթեոն, որտեղ հուղարկավորված են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված մեր Անմահ հերոսները։ Դժվար է ու ծանր․ քարե սառը սալիկներից քեզ են նայում երիտասարդ տղաների ժպտուն ու խոհուն, տխուր ու երազկատ աչքերը։
Տղաներ, որ հերոսացան ու դարձան Հավերժի Ճամփորդ, դարձան պատմություն, համալրեցին Լուսե բանակի շարքերը։ Այդ օրը՝ 2020թ․ հոկտեմբերի 20-ին է նահատկվել Արեն Կարենի Միրզոյանը։ Ծնունդով գորիսեցի Կարենը՝ ում ճանաչեցի Արցախում ու մտերմացանք, ընկերացանք, երկար տարիներ ընտանիքով բնակվում էր Արցախում՝ Շուշի, Ստեփանակերտ։ Անմահ հերոս որդին՝ Արենը, մեր ազգի լավագույն երիտասարդներից էր, ով մարտիրոսվեց հայրենիքը պաշտպանելիս։ Պանթեոնի հերոսների շարքում է՝ իր ժպտուն աչքերով։ Բերձորցի եղբայրներ Վահագն և Վանիկ Վահանի Բաբայանները հուղարկավորված են իրար մոտ։ Վահան Բաբայանը Տեղ գյուղից էր։ Արցախյան առաջին գոյամարտի ազատամարտիկը Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաք էր տեղափոխվել շրջանի վերահայացման սկզբից։ Բազմազավակ ընտանիքի 2 զավակները նույնպես նահատակվեցին 44-օրյայում։ Վահագնը Հայոց բանակի փոխգնդապետ էր, Մարտունու տարածքն էր պաշտպանում պատերազմի օրերին, ու թույլ չտվեց՝ թշնամին խորանա իր պաշտպանած տարածք։ Նահատակվեց պատերազմի վերջին օրը՝ 2020թ․ նոյեմբերի 9-ին թշնամու արկի բեկորներից։ Վանիկը նահատակվեց նույն օրը, գրեթե նույն ժամին Բերձորում։ Պատերազմի ողջ ընթացքում թշնամուն չհաջողվեց ճեղքել Բերձորի պաշտպանների դիրքերը։ Սակայն քաղաքը հաճախ էր ռմբակոծվում պատերազմի հենց առաջին օրվանից։ Վերջին ռումբն ընկավ քաղաքի Ազատության հրապարակում, որտեղ էլ ռումբի բեկորներից խոցվեց Վանիկը։
Պանթեոնում է հուղարկավորվել նաև բերձորցի 18-ամյա Նարեկը՝ նահատակված 2023թ․ սեպտեմբերի 19-ին Արցախի հյուսիսային սահմանը հերոսաբար պաշտպանելիս։ Նարեկն էլ բազմազավակ ընտանիքից էր։ Քաջորդու շիրմաքարը դեռ չի տեղադրվել։ Օրվա ընթացքում պատահաբար հանդիպեցի Քաշաթաղի շրջանի Ներքին Սուսի գյուղական համայնքի նախկին ղեկավար, ազատամարտիկ Արթուր Փարսյանին, ով իր զինակից ընկերների հետ նոր էր իջել դիրքերից։ Զրուցեցի տղերքի հետ, ովքեր ՀՀ ԵԿՄ Սյունիքի մարզային խարհրդի Գորիսի տարածքային բաժանմունքի անդամներ են, Արցախյան գոյամարտի մասնակիցներ, հայրենի Սյունիքի պաշտպաններ։ Պատմում են այս օրերի մասին՝ ինչպես են հսկում Հայոց սահմանը, երբ թշնամին շատ մոտ է, ավելի հարմար դիրքում։ Իհարկե, տղերքի համար շատ կարևոր է՝ ունենալ դիրքային առավելություն, սակայն պետք է նաև նման պայմաններում հսկել, թույլ չտալ թշնամուն թպրտալ։ Այս առումով կարևորում են ոգու զորությունը։ Արթուրը կարոտով Ներքին Սուս գյուղն է հիշում, որի սահմաններին այսօր կարոտով հեռվից է նայում՝ հույս փայփայելով՝ կրկին վերադառնալ։ 50-ն անց Աշոտ Ալեքսանյանը Գորիսից է՝ ԵԿՄ անդամ։ Ճիշտ է համարում, որ ժամկետային զինծառայողների հետ նաև պայմանագրայինները պաշտպանեն հայրենի սահմանը, հատկապես այս օրերին։ Զինակից ընկերներից ազատամարտիկ Գասպար Բաբայանը Հարժիս հնադարյան գյուղից է։ Կարևորում է իրենց դերը․ հայրենին կորցնելու վտանգի դեմ առնել է պետք։ Նարիկ Գրիգորյանը Տաթևից է․ շտապում էր տուն հասնել․ տանը շատ անելիք ունի, բայց առաջնայինը հայրենիքի պաշտպանությունն է, որն սկսվում է սահմանից։
«Իսկ մեր սահմանը մենք պետք է պաշտպանենք», -ասում է ազատամարտիկ-երկրապահ Արշակ Ներսիսյանը։ Զրույցը տղերքի հետ երկար չի տևում․ հոգնած են, տուն են շտապում։ Արշակ Գրիգորյանն ու Հրանտիկ Ավետիսյանը պատմում են հերթապահության օրերի մասին․ երբեմն թշնամին իրեն լկտի է պահում, սակայն կարողանում են սաստել ու ստիպել, որ ասկյարներն օրերով գլուխները դուրս չհանեն խրամատից։ Օրվա ընթացքում Արթուրի ու ֆուտբոլի մարզումներն ավարտած որդու՝ 5-րդ դասարանցի Դավթի, նրա ընկերոջ հետ այցելեցինք Հին Գորիս։ Դավիթը Ներքին Սուսում դպրոց ընդունվեց։ Առաջին դասարանից միշտ զինվորական համազգեստով էր։ Կարոտում է իր գյուղը, հակարի գետը, որի ափին էր Սերոբ Հանեյանի անվան դպրոցը։ Հին Գորիսի՝ մելիք Օհանի կողմից 18-րդ դարում կառուցած Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մոմ վառեցինք։ Սրբատունը 2009-2013թթ. վերականգնվել է «Երկիր և մշակույթ», «Վիեն Գորիս» կազմակերպությունների և Վիեն քաղաքի տրամադրած միջոցներով: Տիրոջ ձեռքով կերտված Հին Գորիսը՝ ցից-ցից ժայռերով՝ շատերը քարանձավներով, հայի կերտած սրբատներով ու բնակելիներով, որոնք այժմ անմարդաբնակ են, գերում են, ստիպում առաջանալ, նորը գտնել, լուսանկարել․․․ Դավիթն ու ընկերը վազում են աջ ու ձախ, հիանում պատկերներով։ Այժմ Արթուրն ու ընկերները դարձյալ հենակետերում են, հսկում են, որ իրենց զավակները տեր մնան հայրենի երկրին, այլևս գաղթի ճանապարհ չբռնեն։