Բազմազավակ ընտանիքի Սերոբը
Քաջերի յարութիւնն է մահը:
Գարեգին Նժդեհ
Հաճախ եմ անդրադառնում Քաշաթաղի շրջանում ծնված ու հասակ առած երեխաներին, երիտասարդներին՝ նրանց ներկայացնելով ԼԱՎԱԳՈՒՅՆ մակդիրով։ Այդ երիտասարդներից էր Սերոբ Մարատի Մազուլյանը՝ բազմազավակ ընտանիքից, ով իր հայրենասիրությամբ աչքի էր ընկնում դեռևս մանկուց։ Քաշաթաղի վերահայացման սկզբում Սերոբի՝ արդեն բազմազավակ ծնողները վերաբնակվեցին շրջանի հյուսիսային հատվածի Զորախաչ գյուղում, որն ընկած է Բերձոր-Քարվաճառ ճանապարհի մոտավորապես 60-րդ կիլոմետրի վրա։ Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք գավառի այս բնակավայրն ունեցել է դարերի պատմություն, որտեղ պահպանվել է միջնադարյան եկեղեցի, խաչքարեր, այլ հուշարձաններ։ Մարատի և Մարգարիտայի 6-րդ զավակը ծնվեց այս գյուղում 1997թ․ օգոստոսի 24-ին։ Մարատն իր տղաներին հայ հայդուկ հերոսների անունով էր կնքում։ Երկրորդ որդուն կոչեց Սերոբ։
2005 թ․ նրանց ընտանիքը տեղափողվեց Քաշաթաղի շրջանի մեկ այլ պատմական գյուղ՝ Վաղազին, որի մասին հիշատակվում է նաև Գտչավանքի հայտնի արձանագրությունում։ Վաղազինի դպրոցի բոլոր դասարաններում Մարատի 12 զավակներից կային։ Դպրոցում կազմակերպված ցանկացած միջոցառում առանց նրանց չէր կայանում։ «Սերոբը նույնպես համեստ ու ընկերասեր էր դպրոցում», -ասում է քույրը՝ Լիլիթը։ Վաղազինի անտառապատ սարերում ու ձորերում անցավ Սերոբի մանկությունը, պատանեկությունը։ Եվ այս սար ու ձորերը տպվեցին նրա հոգում որպես հայրենիք, և որն էլ պետք է սիրեր, հարկ եղած դեպքում պաշտպանել։ Դպրոցում ստացել է հիմնական կրթություն։ 2017թ․ հունվարի 16-ին Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատում հերթական զորակոչն էր։ Քաշաթաղի շրջանում միշտ էլ զորակոչը կազմակերպվում էր տոնական։ Զինկոմիսարիատից հետո նորակոչիկներն այցելում էին Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի, մոմ վառում, ստանում հոգևոր հովիվ Հյար աթանասի օրհնանքը։
Այնուհետև Բերձորի Արցախյան առաջին գոյամարտում նահատակված հերոսներին նվիրված հուշահամալիրում ծաղիկներ էին խոնարհում և հարգում նահատակների հիշատակը։ Այստեղ էլ կայանում էր երաժշտական մասը։ Տասնյակ տղաների շարքում նաև Սերոբն էր՝ ծնողների, քույր-եղբայրների ուղեկցությամբ։ Մշտապես լուսաբանել եմ շրջանայի զորակոչերը։ «Մերան» շրջանային թերթում օրվա մասին լրատվությամ մեջ կա հետևյալը․ «Վաղազինից բազմազավակ ծնողներ Մարատ և Մարգարիտա Մազուլյանները բանակ էին ճամփում իրենց երկրորդ որդուն՝ Սերոբին։ Ունեն 12 երեխա, որից 5-ը տղաներ են։ Մայրը մաղթեց, որ խաղաղություն տիրի ողջ աշխարհում, որ իր որդին և նրա ընկերները, բոլոր զինվորները ծառայեն խաղաղ պայմաններում և տուն գան ողջ ու առողջ»։ Այդպես էլ եղավ, Սերոբը տուն եկավ ողջ ու առողջ։ Հետո տեղափոխվեց Ստեփանակերտ՝ աշխատելու։ Արցախյան 44-օրյա պատերազմին հազարավոր քաշաթաղցիներ մասնակցեցին, որոնց շարքում էր նաև Սերոբը։ Կռվեց քաջաբար, ողջ մնաց, բայց արդեն չկարողացավ Վաղազին-տուն գնալ։ Պատերազմից հետո առանց կռվի թշնամուն հանձնվեց Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևը, որտեղ էր նաև Վաղազինը։ Հազարավոր տեղահանվածների պես Հայաստանի Հանրապետություն տեղափողվեցին նաև Մազուլյանները և բնակություն հաստատեցին Արարատի մարզի Տափերական գյուղում։ Քույրը գրում է․ «Դեռ մանկուց Հայրենիքի հանդեպ սերը շատ մեծ է եղել և այդ պատճառով ձգտել է ծառայել իր հայրենիքում»։
Երկար չմնաց Տափերականում, պայմանագրային ծառայության է անցել Արցախում՝ նշանակվելով Ն զորամասի երկրորդ գումարտակի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատարի տեղակալ։ Չնայած բոլոր դժվարություններին՝ մեր տղերքը պաշտպանում էին Արցախի սահմանները։ Վերջին 9-ամսյա շրջափակումն էլ չընկճեց տղերքին․ հայրենին ավելի թանկ էր։ Արցախյան վերջին ողբերգական իրադարձությունների շրջանակում մեծ ցավ է նաև, որ հերոսաբար կռվող շատ տղաներ կորցրեցինք, առավել մեծացավ համընդհանուր Եռաբլուրը։ 2023 թ․ սեպտեմբերի 19֊ին սկսվեց Արցախյան վերջին, կործանարար պատերազմը, երբ թշնամին տասնյակ անգամ մեծ ուժերով հարձակում գործեց Արցախի սահմանի բոլոր ուղղություններով։ Հերոսաբար կռվեցին հայոց քաջերը, մեծ կորուստներ պատճառեցին թշնամուն, սակայն եղավ այն, ինչ ունենք այսօր։ Սեպտեմբերի 20-ին վերջին մարտը տվեց նաև Սերոբն ու համերժ մնաց Արցախի պաշտպան։ Տուն բերեցին Հերոսի դին։ Սեպտեմբերի 29-ին Սերոբին հուղարկավորեցինք Եռաբլուրում՝ հերոս զինվորին վայել կարգով, նույն պատերազմում մարտիրոսված տասնյակ քաջորդիների շարքում։