Image

Հերոսի ծննդյան օրն է

«Զորակա՛ն, կռվիր այնպես, որ կարողանաս ասել զենքի ընկերներիդ՝ ինձ պես կռվեցեք»։

 Գարեգին Նժդեհ

 

2019թ․ Մայիսյան Եռատոնից 2 օր առաջ հերթական անգամ Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի շրջանային կառույցի ներկայացուցիչներով՝ ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ մեկնեցինք Ջրականի զորամաս, որի հետ համագործակցում էր մեր Քաշաթաղի շրջանը։ Զորամասի մարտական հերթափոխի գծով տեղակալ, փոխգնդապետ Արգամ Գևորգյանի հետ, ով արդեն 12 տարի ծառայում էր Հայոց բանակում, հասանք առաջնագիծ՝ Արաքսի ափին։

Հենակետերից մեկի պատասպանատու, լեյտենանտ Սևան Ղազարյանը դիմավորում է մեզ, զորամասի ներկայացուցչին զեկուցում իրավիճակը, որ արտակարգ որևէ դեպք չի պատահել, իր հրամանատարությամբ հենակետի զինվորները կատարում են սահմանի պաշտպանությունը: Սահմանապահներին ողջունեցին մեր պատվիրակության անդամները, նրանց հանձնեցինք իրենց հասանելիք նվերները Մայիսյան Եռատոնի առթիվ։ Բոլոր արկղերում կային նամակներ՝ գրված քաշաթացի դպրոցականների կողմից։  Զրուցում եմ առաջնագիծը պահող մեր զինվորների հետ, լուսանկարում եմ տղերքին, լուսանկարվում ենք միասին։ Լեյտենանտ Ս. Ղազարյանն ավարտել էր Վ. Սարգսյանի անվ. ռազմական համալսարանը և արդեն 8 ամիս ծառայում էր բանակում: Կարևորում է զինվորականի գործը և գոհ է ծառայությունից:  

 -Մենք պետք է պահենք մեր սահմանը՝ դժվարությունները հաղթահարելով, -ասում է լեյտենանտը: Սիրով է ներկայացնում ի զինվորներին՝ երևանցի Հրաչ Առաքելյանին, ով 1 տարի 4 ամիս արդեն ծառայության մեջ էր, ախուրյանցի Կարեն Սաֆարյանին, թալինցի Խաչատուր Գրիգորյանին, ում մի քանի օր էր մնացել, որ զորացրվեր,  գյումրեցի Դավիթ Դավրիշյանին, հարևան հենակետի պատասխանատու, կրտսեր սերժանտ, արարատցի Մերուժան Ասրյանին, մյուս տղաներին։ Լեյտենանտ Սևան Ղազարյանը շատ էր կարևորում տղերքի միասնությունը, հարազատությունը, բարեկամաման կապը հարևան հենակետերի զինվորների հետ։ Սևանին ու զինվորներին հատկապես շատ ուրախացրեցին դպրոցականների նամակները։ «Մեր պարտքն է՝ պաշտպանել հայրենիքը», -ասում են զինվորները: Որոշ ժամանակ մնացինք սահմանապահների հետ, ծանոթացանք պայմաններին․ տղերքն իրենց համար բաղնիք էին կառուցում Արաքսի ափին։ Հրաժեշտ տվեցինք սահամանապահ մեր քաջերին՝ հավատով Հայոց սա­հ­մանի դռները միշտ փակ կլինեն թշնամու առջև: Բայց եղավ Արցախյան 44-օրյա կործանարար պատերազմը։ Եվ մեծ ցավ եմ ապրում, երբ իմանում եմ՝ այդ պատերազմում հերոսաբար կռվել ու անմահացել են նաև զինվորականներ՝ սպաներ ու շարքայիններ, որոնց հանդիպել եմ զորամասերում, առաջնագծում։ Ֆեսբուքյան էջում տեղադրել էի նաև լեյտենանտ Սևան Ղազարյանի լուսանկարը՝ չիմանալով, որ քաջորդին 2020թ․ ստացել էր ավագ-լեյտենանտի կոչում, և օրեր անց մարտիրոսվել ռազմադաշտում՝ հավերժ Արցախի սահմանապահը մնալով։ Սևանի մայրը՝ Կարինեն, տեսել էր այդ լուսանկարը և գրեց որդու մարտիրոսվելու մասին։

44-օրյա պատերազմում Քաշաթաղի շրջանից զոհվեցին մոտ 80 հոգի՝ ժամկետայիններ, կամավորականներ, պահեստազորայիններ։ Վակունիս գյուղից 18-ամյա Ժիրայր Գագիկի Մարգարյանը, ով 6 քույրերի միակ եղբայրն էր ու ավագը, նույնպես անմահացավ։ Սևանի զոհվելու մասին ինձ տեղեկացրեց նաև Ժիրայրի մայրը՝ Նաիրան՝ նշելով՝ Սևանը եղել է որդու հրամանատարը։ Սևան Հրաչիկի Ղազարյանը ծնվել է ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Առատաշեն գյուղում, 1996թ․ հոկտեմբերի 30-ին։ Եղբայրների՝ Նորայրի, Սևակի ու Արամիկի հետ հասակ առել հարազատ գյուղում։ 2003-2011թ․թ․ ընդունվել և ավարտել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն-հիմնարկը։ Այնուհետև ուսումը շարունակել է Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում և ավաևտել 2014-ին։ Նույն թվականին ընդունվել և 2018-ին ավարտել է երևանի Վազգեն Սարգսյանի անվ․ ռազմական համալսարանը։ Ստանալով զինվորական կոչում՝ ցանկություն է հայտնել ծառայել Արցախի զորամասերից մեկում։ Եվ 8 ամիս անց Սևանին հանդիպեցինք Արցախի հարավարևելյան զորամասի թիվ 1 հենակետում՝ որպես պատասխանատու և քաջ սպա։ Մայրը տխրությամբ է ասում՝ պատերազմն սկսելուց օրեր առաջ էր ստացել ավագ-լեյտենանտի կոչումը, բայց չհասցրեցինք շնորհավորել, չհասցրեցինք նաև ամուսնացնել։ Պատերազմի առաջին օրվանից Ջրականի զորամասի շատ սպաներ կռվեցին թշնամու դեմ և օրեր շարունակ պահում էին դիրքերը։ Բայց շատերը նաև նահատակվեցին։ Սևանի մայրն ասում է՝ որդու հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 15-ին, հնարավոր է՝ Հադրութի տարածքում են եղել ավագ-լեյտենանտն ու իր զինվորները։ Հերոսի մասին պատմել են նաև՝ վերջին օրը ոտքից վիրավորվել է, սակայն իր զինվորներին, ովքեր եղել են նորակոչիկներ, մենակ չի թողել։ Երկար ժամանակ ծնողները տեղեկություն չունեին իրենց որդուց։ 2021թ․ մարտի 26-ին ճանաչվել է աճյունը։ Հուղարկավորված է հայրենի գյուղի գերեզմանոցում։ Հերոսին նվիրված հուշարձան են կանգնեցրել Առատաշենում։ Հետմահու արժանացել է Արիության մեդալ և «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Հերոսի ծննդյան օրը ծնողները, հարազատները, բարեկամներն այցելեցին հերոսի շիրիմին, ծաղիկներ խոնարհեցին, խնկարկեցին։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։