Image

Մարտկոցը գործում էր անվրեպ

Երեք տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 9-ին ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմը, ավելի ճիշտ՝ կնքվեց հրադադար, թե զինադադար, միևնույն է՝ հիմք դրվեց, որ այսօր հայաթափ է Արցախը։ Նույն 2020թ․ նոյեմբերի 9-ին մեր քաջորդիները կռվում էին հերոսաբար ու հավատում էին հաղթանակի, բայց եղավ հակառակը։ Նույն օրը նաև շատերն ընկան մարտադաշտում։ Քաշաթաղի շրջանից նոյեմբերի 9-ն զոհվեցին տասնյակ քաջեր, որոնց շարքում էր Համլետ Հաննիբալի Հովհաննիսյանը։ Հայոց Արվական գյուղը դարերի պատմություն ունի։ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճ գավառի այս բնակավայրում է մանկության ու պատանեկության տարիներն անցկացրել Համլետը։ Ծնվել է 1993թ․ հոկտեմբերի 7-ին ՀՀ Արթիկ քաղաքում, մտավորականի ընտանիքում։

1997 թվականին Հանիբալ Հովհաննիսյան և Վարդիթեր Հակոբյան ամուսիններն իրենց 2 որդիների՝ 1-ամյա Արմենի ու Համլետի հետ տեղափոխվեցին Արցախի Քաշաթաքղի շրջանի Արվական գյուղ, որը գտնվում է Հոչանց գետի աջափնյա բարձրադիր ձորակներում։ 18-րդ դարակեսին հայաթափված այս գյուղը ժամանակին եղել է հայոց շեն ու մարդաշատ բնակավայրերից մեկը, և ազատագրվեց 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին։ Գերության տարիներին գյուղն անվանափոխվել էր Ալխասլի։ Արցախյան գոյամարտի ժամանակ վեր էր ածվել թշնամական ռազմական հենակետի, որտեղ թուրքերն ունեին շտաբ։ 93-ի գարնանը ներկա էի՝ ինչպես Մասիսի ջոկատի տղաները քշեցին թուրքերին այստեղից՝ թշնամու շտաբից վերցրեցինք նաև դրոշը։ 1 տարի անց վերստին հայացավ Արվականը, և շուտով գյուղում սկսեց գործել դպրոցը։ Հաննիբալն այստեղ եկավ որպես պատմության ուսուցիչ։ Հետագայում տնօրինեց դպրոցը, ղեկավարեց գյուղական համայնքը, և հայրենասիրությամբ դաստիարակեց որդիներին։ Պատահական չէ՝ որդիները՝ Համլետն ու Արմենը, ընտրեցին զինվորականի ճանապարհը։ Չնայած փոքր թվով աշակերտ ուներ Արվականի դպրոցը, տեղակայված էր հարմարեցված ոչ բարվոք վիճակ ունեցող շենքում, այնուամենայնիվ ուներ լավ ուսուցիչներ, ու շրջանավարտները դառնում էին պետական բուհերի ուսանողներ։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համլսարան ընդունվեցին Հանիբալլի որդիները։ Համլետն այստեղ սովորեց 2009-2013 թվականներին։ Ավարտելով ռազմական բուհը՝ ծառայության անցավ Արցախի Մարտունի-2 զորամասում որպես հրետանային մարտկոցի հրամանատար։ 2016 թվականին կապիտան Համլետ Հովհաննիսյանը 122մմ ականանետային դասակի իր մարտկոցով մասնակից եղավ Ապրիլյան քառօրյային, հետագա մարտական գործողություններին ու մեծ վնաս հասցրեց թշնամուն, պարգևատրվեց պատվոգրով։ Ծառայությանը զուգահեռ՝ շարունակում է ուսումն Արցախի պետական համալսարանում՝ իրավագիտության բաժնի մագիստրատուրայում՝ 2020թ․ ստանալով քրեա-իրավաբանական մագիստրոսի որակավորում։ Նույն թվականին Հ․ Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող ականանետային մարտկոցը ճանաչվել է լավագույն։ Արցախյան վերջին պատերազմի առաջին օրվանից կապիտան Համլետ Հովհաննիսյանի մարտկոցը գործեց անվրեպ՝ մեծ կորուստներ պատճառելով թշնամուն։  Հեշտ չէր այս պատերազմում պահել կրակակետը, ու կռվել հերոսաբար։ Պատերազմի  չորրորդ օրը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով ու շարունակել խոցել թշնամու ռազմական հենակետերը, տեխնիկան։ Նույն օրերին Արցախի հարավային սահմանում էր իր զինվորների հետ մարտնչում Համլետի եղբայրը՝ ինժեներասակրավորական վաշտի հրամանատար, կապիտան Արմեն Հովհաննիսյանը։ Մինչ պատերազմի սկսվելը՝ Քաշաթաղի շրջանում կազմակերպել էինք մաշված անիվների հավաքում և ուղարկում էինք առաջնագիծ։ Ջրականի տարածքում հաճախ Արմենն էր ընդունում ուղարկվող անիվները։ Առաքիչները վերադառնում էին ու տեղեկացնում՝ ինչքան նվիրված էր ծառայում քաշաթաղցի կապիտանը։ 2019 թվականին Համլետն ամուսնացավ բերձորցի Մարիամ Վարդանյանի հետ, ով ավարտել էր Բերձորի Վ․ Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգը, այնուհետև՝ ԱրՊՀ ֆիզիկայի բաժինը և աշխատում էր հարազատ դպրոցում։ Արցախյան վերջին պատերազմը հազարավոր ճակատագրեր խեղեց, հազարավոր երիտասարդներ խլեց մեզանից, հազարավոր ընտանիքներ կործանեց։ Պատերազմի վերջին օրը թշնամին մեծ ուժեր էր կուտակել Արցախի Մարտունու շրջանի տարածքում, և հազարավոր արկ ու ռումբ էին պայթում հայոց հողում, հայ զինվորի գլխավերևում։ Նոյեմբերի 9-ին Մարտունու շրջանի «Ղուրուչուղ» կոչվող բարձունքում/Մարտունի քաղաքից 10-12 կմ հեռավորության վրա/ անմահության ճամփան բռնեց նաև Համլետ Հանիբալլի Հովհաննիսյանը։  Հուղարկավորված է Երևանում՝ Եռաբլուր պանթեոնում իր նման հազարավոր քաջորդիների շարքում։ Նկարագրելով ամուսնուն՝ Մարիամը տեղեկացնում է՝ խելացի, հանգիստ, համեստ, ընկերասեր, ներողամիտ, զինվորների հետ ընկերական էր, զորամասում հարգված։ Նույն նոյեմբերի 9-ին 1 ստորագրությամբ թշնամուն հանձնվեց նաև Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածը, որտեղ է Արվական Հայոց պատմական գյուղը՝ մոտը՝ Կատոսավանքը։ Այստեղից հեռացավ նաև Հաննիբալ Հովհաննիսյանի ընտանիքը՝ տանելով միայն հիշողություններ այստեղ ապրած 23 տարիների մասին ու ծանր ապրումներ, հավերժի ճամփորդ դարձած որդու կարոտը, վերստին կորցրած հայրենիքի ցավը։ Վերջերս Աբովյանում հանդիպեցի քաղաքային համյնքի աշխատակիս Կոմիտաս Գրիգորյանին, ում որդին՝ Դավիթ Գրիգորյանը, նույնպես 44-օրյա մատերազմի մարտիրոսներից է։ Կոմիտասն ասաց՝ որդին Համլետի հրամանատարությամբ է ծառայել, ու նրանց մարտկոցը պատերազմի ողջ ընթացքում գործել է անվրեպ։ Նոյեմբերի 9-ին Քաշաթաղի շրջանից հերոսաբար մարտիրոսվեցին նաև Վակունիս գյուղի Վուրգ Ոսկանյանի անվան դպրոցի զինղեկ, ավագ-լեյտենանտ Հարություն Պետրոսյանը, Բերձորի բնակիչ, Հայոց բանակի փոխգնդապետ Վահագն Բաբայանը, ում եղբայր Վանիկն էլ նահատակվեց նույն օրը, գրեթե նույն ժամին Բերձորում՝ թշնամու արձակած ռումբի բեկորներից։ Իսկ ընդհանուր, Քաշաթաղի շրջանը 44-օրյա պատերազմում տվեց մոտ 75 նահատակ, կան անհայտ կորածներ։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։