Հերոսի 66-ամյա տարեդարձին
«Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա:
Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է»:
Մ․ Մելքոնյան-Ավո
Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան պատերազմի լեգենդար հերոս, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, համայն հայության պարծանք Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի շիրմաքարի մոտ բազմամարդ էր։ Լրացավ Հերոսի ծննդյան 66 ամյակը, որից 30-ը՝ երկնային։ ԱՄՆ Կալիֆոենիայի Վիսեյլիա քաղաքում է ծնվել Ազգային Մոնթե-Ավոն, ում ծնողներն ԱՄՆ էին տեղափողվել Արևմտյան Հայաստանից՝ Հայոց մեծ Եղեռնի պատճառով։ 1969-1970 թվականներին ընտանիքով ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներում, այցելել Արևմտյան Հայաստան՝ իր պապերի ծննդավայրը։ Այդ ժամանակից էլ դարձավ ազգի զինվորը։ Արցախյան գոյամարտի տարիներին մեծ էր Ավոյի գործը, և այդ էր պատճառը, որ կարճ ժամանակում դարձավ ազգի սիրելի հրամանատարներից մեկը՝ «պարգևատրվելով» ԼԵԳԵՆԴԱՐ կոչումով։
Հերոսաբար մարտիրոսվեց 1993թ․ հունիսի 12-ին Աղդամ-Ակնա քաղաքի մոտակայքում՝ Մարզլի կոչվող գյուղի մատույցներում։ Հուղարկավորված է Եռաբլուրում։ Եվ Հերոսի շիրմին այցի էին եկել մարտական ընկերները, հարազատներ, արցախցիներ, ինչպես նաև երիտասարդներ ու պատանիներ, երեխաներ, ովքեր իրենց համար ամենահերոս են հռչակել Ավոյին։ Մարտական ընկերներից Մարտիրոս Ժամկոչյանը, ով Արցախյան գոյամարտի տարիներին մշտապես Արցախում էր, որդու հետ էր հարազատ ընկերոջ շիրիմի մոտ։ Հիշողություններ պատմեց։ Ավոյի մարտական ընկեր, Գուրգեն Մելիքյանը, ով երկար տարիներ ղեկավարել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը, այժմ էլ տնօրինում է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամը, Բերձորում հիմնել էր Հերոսի անվան պուրակը՝ հուշակոթողով, որի վրա փորագրված է «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը» հանրահռչակ խոսքը, նույնպես ներկա էր։ Կարևորեց Ավոյի դերը նաև այսօր, որ նրա ոգով նոր սերունդ է կյանք մտնում, և հավատ հայտնեց՝ Արցախը հետ ենք բերելու։ Այդ էին վկայում երեխաների ու պատանիների, երիտասարդների ներկայությունը։ Ջավախքեցի մի տղա Հերոսի անունն էր կրում՝ Մոնթե, ծաղիկներ խոնարհեց եբոր հետ Ավոյի շիրմաքարին, խնկարկեցին։ Ասաց շատ է լսել լեգենդար անվանակցի մասին։ 9-րդ դասարանցի 2 պատանի՝ Ռուբենն ու Վահանը վերջնական որոշել են՝ զինվորական են դառնալու։ Եկել էին այցի Հերոսի շիրմին ու ոգեշնչվելու նրա գաղափարներով, նվիրվածությամբ։
ՀՀ ԵԿՄ Աբովյանի տարածքային բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի մի աղջնակ նույնպես եկել էր ոգեշնչվելու, հնարավոր է՝ զինվորական դառնա։ Մի փոքրիկ տղա էլ մոր, պապի ու իրենից ավելի փոքր քրոջ հետ էր եկել։ Ծաղիկներ խոնարհեց Ավոյի նկարի դեմ։ Պապն ասաց՝ առավոտվանից որոշել էր՝ անպայման այցի գար Ավոյի շիրմին։ Այստեղ հանդիպեցի Ավոյի նվիրյալ զինվորներից Սարոյին, ով 1993թ․ հունիսի 12-ին եղել էր նրա հետ և ծանր վիրավորվել։ Սարոն հետագայում էլ մնաց Արցախի Պաշտպանության բանակում, այնուհետև աշխատում էր ամենակարևոր օղակներից մեկում՝ փրկարար ծառայությունում։ Բոլորս ենք տեղյակ՝ ինչ հերոսություն դրսևորեցին Արցախի փրկարարները 44-օրյա պատերազմի ընթացքում ու հետո, վերջին ողբերգական իրադարձությունների ժամանակ ու հետո։ Սարոյին առաջին անգամ հանդիպել եմ 1993 թ․ հուլիսի 23-ին՝ Ավոյի նահատակության 40-րդ օրը։ Սարոյի ու զինակից այլ տղաների հետ եղանք Ակնայում։ Պատմեցին տղերքը՝ այդ օրվա մասին, ինչպես ընկավ Ավոն, ու մեր ոզգն ունեցավ անդառնալի մեծ կորուստ։ Մինչ մայրամուտ շատերն այցելեցին Եռաբլուրում հանգչող Հերոսի շիրմին, ծաղիկներ խոնարհեցին, խնկարկեցին․․․