Image

Խաչատրյանական ժառանգությունը՝ հայ ժողովրդի յուրօրինակ անձնագիր հավիտենության մեջ

Ճակատագրով մեզ շնորհվեց հույժ պատվաբեր և պատասխանատու առաքելություն՝ անդրադառնալ համաշխարհային երաժշտության լեգենդ Արամ Խաչատրյանին, այն էլ՝ սյունիքյան դիտակետից:

Մտահղացումը պայմանավորված էր որոշակի հանգամանքներով, և այն կյանքի կոչելու համար նախընտրեցինք մի քանի ուղենիշ:

Այսօր, երբ մեզ վրա են միաժամանակ արշավում արևելյան, արևմտյան և հյուսիսային հորդաները, երբ մեր բնօրրան Սյունիքի շուրջ թանձրանում է մշուշը, մենք նաև մշակույթի ուժով փորձություններին դիմակայելու, մշակույթից ոգի առնելու և գոտեպնդվելու խնդրի առաջ ենք կանգնած: Իսկ մեր մշակույթի անդաստանում ամենահզոր ու հավերժական լուսատուներից է Արամ Խաչատրյանը...

Եվ ուրեմն՝ յուրաքանչյուր հայ, ով շատ թե քիչ առնչություն ունի մեր հոգևոր-մշակութային անցյալին ու ներկային, չի կարող սքանչանք չապրել աշխարհահռչակ կոմպոզիտորի երաժշտությամբ: Ու կամեցանք ընթերցողին մեկ անգամ ևս ապրեցնել, զորացնել նրա ստեղծագործություններով:

Անհրաժեշտություն տեսանք աճող սերդի մեջ յուրովի հասունացնել երաժշտի մեծության գիտակցումը, վերստին հարգանք ընծայել մեծ հային՝ իր անզուգական արվեստի համար, հայ ժողովրդին նորովի և յուրովի աշխարհամեջ հանելու համար:

Ցանկացանք նորովի շեշտել մեզ հպարտություն բերող իրողությունը, որ աշխարհահռչակ երաժիշտը՝ հայ ժողովրդի երգի ոգու հանճարեղ կրողներից մեկը, սերում է Սյունյաց աշխարհի Գողթն-Երնջակ գավառից, որտեղից սերում են նաև հայոց ձայնապետ ու ձայների արքա Կոմիտասը, հայոց աշուղական արվեստի պայազատ ներկայացուցիչ Նաղաշ Հովնաթանը, հայոց առաջնագույն մեծերի շարքին դասված Գարեգին Նժդեհը:

Այդպիսի առաքելությամբ, ինչպես և մեծ հայորդու 120–ամյակը նշանավորելու նպատակադրությամբ էլ ծնունդ առավ «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի հերթական՝ 12–րդ համարը:

* * *

Հայաստանի ամեն մի հատված կարող է հպարտանալ Արամ Խաչատրյանի հետ ունեցած առնչություններով: Այդպիսի զգացողություն ունենք նաև Սյունիքում, ինչի համար բազմաթիվ և լրջագույն հիմքեր կան:

Սյունյաց աշխարհի հետ առաջին առնչությունը կապված է «Զանգեզուր» ֆիլմի հետ՝ 1930–ականներին: Արամ Խաչատրյանը պետք է գրեր և գրեց բակունցյան հուշով նվիրագործված այդ ֆիլմի երաժշտությունը: Ինքն այդ ժամանակ դեռևս չէր եղել Սյունիք-Զանգեզուրում: Բայց ուսումնասիրելով երկրամասի երաժշտական ավանդույթները, երկրամասի պատմությունը, կարողացավ ծնունդ տալ ֆիլմի հայտնի երաժշտությանը, որը, ըստ մասնագետների, լի է ռոմանտիկայով, հերոսական պաթոսով, հագեցած է դրամատիզմով: «Զանգեզուրյան քայլերգը» և «Աշուղի երգը» այնքան հաջողված էին, որ դրանց ստեղծման որոշ սկզբունքներ հետագայում զարգացում ստացան «Ջութակի կոնցերտում», «Սպարտակ» բալետում, այլ ֆիլմերի համար գրված երաժշտության մեջ: Կինոնկարի երաժշտությունից 1938-ին առանձնացվեց «Զանգեզուրյան քայլերգը»՝ փողային նվագախմբի համար:

Մի հետաքրքիր հանգամանք՝ Գորիսում առ այսօր շրջանառվում է կարծիք, թե «Աշուղի երգի» տեքստի հեղինակը Տիգրան Սազանդարյանն է՝ Տաթևիկ Սազանդարյանի հայրը:

1948-ի հոկտեմբերին Արամ Խաչատրյանն այցելեց Սյունիք: Այստեղ նրան ընդունեցին մեծ ոգևորությամբ, թեև այդ ժամանակ կոմպոզիտորը (Դ. Շոստակովիչի, Ս. Պրոկոֆևի, Ն. Մյասկովսկու հետ մեկտեղ) սուր քննադատության էր ենթարկվել Կոմկուսի կենտկոմի կողմից՝ մեղադրվելով ֆորմալիզմի մեջ: Դրանով էր պայմանավորված մեր շրջանների կուսակցական ղեկավարների զուսպ վերաբերմունքն Արամ Խաչատրյանի այցի հանդեպ:

Այցելեց Սիսական տան բոլոր վանքերի գլուխ և շնորհաբաշխության աղբյուր Տաթևի վանք։

Կապանի, Գորիսի, Սիսիանի մի շարք բնակավայրերում, աշխատավորական կոլեկտիվներում հանդիպումներ ունեցավ ասացողների, ժողովրդական երգասանների հետ:

Շրջկենտրոնների մշակույթի տներում տեղի ունեցան երեկույթներ՝ նվիրված Արամ Խաչատրյանին, որոնց մասնակցում էր ինքը՝ կոմպոզիտոր։

Հիացել էր Գուսան Աշոտի երաժշտությամբ, լսել ժողովրդական բազմաթիվ երգերի կատարումներ:

Կոմպոզիտորի վրա մեծ տպավորություն էր թողել հատկապես Գորիս քաղաքը, ինչի վերաբերյալ գրել էր իր հուշերում: Այդ մասին պատմում է նաև Մարգարիտ Հարությունյանը «Արամ Խաչատրյան» մենագրությունում (Երևան 1981թ., էջ 89), նշելով՝ Արամ Խաչատրյանի վրա «Պարզապես ցնցող տպավորություն էր թողել արևից շիկացած, հրաբխային ապարներով ծածկված տարածություններից հետո, մեծ բարձրությունից բացվող Գորիս քաղաքի տեսարանն իր հատուկ գծված փողոցներով, կանաչապատ տներով»:

Զանգեզուրը ժողովրդական երգի, հատկապես երաժշտության շտեմարան է, - Սյունիքից վերադառնալուց հետո գրեց կոմպոզիտորը:

Դրանից հետո Արամ Խաչատրյանը գրեց չորս երգ, այդ թվում՝ «Գարուն Երևան»-ը: Ավելի ճիշտ այդ երգի մեղեդին նոր մակարդակի բարձրացվեց: «Գարուն Երևան»- ի երաժշտության (նաև կոչվում էր «Երգ Երևանի մասին») հիման վրա էին ժամանակին կառուցվել «Գայանե» բալետի 1-ին գործողության սկիզբը և վերջին պատկերը (1942 թ.):

Արամ Խաչատրյանը սերտ կապ է ունեցել տվյալ ժամանակաշրջանի նշանավոր սյունեցիների հետ՝ Աշոտ Սաթյան, Կոնստանտին Օրբելյան, Տաթևիկ Սազանդարյան, Գուսան Աշոտ, Հայաստանի կոմկուսի կենտկոմի 1-ին քարտուղար Սուրեն Թովմասյան, Սերո Խանզադյան, Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Զարեհ Սահակյանց, ավելի ուշ՝ Դանիել Երաժիշտ... Իսկ Համո Սահյանի խոսքը... Մի քանի նախադասության մեջ ամփոփված է աշխարհահռչակ հայի վաստակը՝ «Նա մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ...»: Արամ Խաչատրյանի կերպարի այդպիսի ընկալում կարող էր ունենալ միայն Սյունյաց աշխարհի հավերժական խորհրդանիշներից մեկը դարձած մեծ քնարերգուն:

Շատ գնահատելի է մեկ ուրիշ հանգամանք. Արամ Խաչատրյանի երաժշտությունն այսօր էլ հնչում է Սյունիքի երաժշտական կյանքում:

Նրա անունն է կրում Կապանի թիվ 1 երաժշտական դպրոցը:

Դեռևս թևածում են հուշապատումներ՝ կապված կոմպոզիտորի հետ:

Պարբերաբար տեղի են ունենում Արամ Խաչատրյանին նվիրված գրական-երաժշտական միջոցառումներ, համերգներ: Իսկ Կապանի միջազգային երաժշտական փառատոնը, որ տեղի ունեցավ 2023 թ. հուլիսի 4 -ից 14-ը, հագեցած էր խաչատրյանական ստեղծագործությունների կատարումներով:

* * *

Կոմիտաս–Խաչատրյան առնչությունները քննարկելիս, երաժշտագետներից ու կոմպոզիտորներից շատերն արդարացիորեն նույնացնում էին և են նրանց արմատները՝ նկատի ունենալով Սյունյաց աշխարհի Գողթն գավառը:

Մենք նույնպես անդրադարձանք հոգեհարազատ այդ թեմային:

Գողթնը կամ Գողթանը Սյունիքի մեջ ներառված լինելու մասին, իհարկե, որոշակի հակասություն կա: Ըստ «Աշխարհացույց»-ի՝ գավառը Վասպուրական նահանգի կազմում էր: Սակայն Մովսես Խորենացին Գողթանի իշխանների ծագումը բխեցնում է Սիսական ցեղից: Իսկ Ստեփանոս Օրբելյանը, ցուցադրելով Սյունյաց աշխարհի սահմանները, որպես 11-րդ գավառ նշում է Երնջակն ու Գողթնը՝ միասին։

Մեզ հետաքրքրող հարցը հրաշալիորեն ներկայացնում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանը՝ «Գողթան երգիչներ. Կոմիտաս վարդապետն ու Արամ Խաչատրյանը» վերտառությամբ հոդվածում։

Համարը պատրաստելիս բախվեցինք բանավիճային մի հարցի՝ որտե՞ղ է ծնվել Արամ Խաչատրյանը: Հարցը պաշտոնական պատասխան ունի՝ Թիֆլիսում: Կոմպոզիտորն էլ որպես իր ծննդավայր ներկայացնում էր Թիֆլիսը: Սակայն բանասիրական գիտությունների թեկնածու Արտակ Վարդանյանն այլ տեսակետ է հայտնում. ըստ նրա՝ Արամ Խաչատրյանը ծնվել է Ազայում՝ մատնանշելով մի քանի վկայություն:

Արտակ Վարդանյանի հոդվածին՝ «Որտե՞ղ է ծնվել Արամ Խաչատրյանը», ընթերցողը կարող է ծանոթանալ համարում:

Պարզվում է՝ այդ տեսակետին են նաև Ազա գյուղի բնակիչները, ովքեր 1988–ին տեղափոխվել և ներկայումս բնակվում են Մեղրու տարածաշրջանի Լեհվազ գյուղում: Ազայի բնակիչները, մեզ հետ հանդիպման ժամանակ, քանիցս նշեցին իրենց ծնողներից ու պապերից լսածը՝ Արամ Խաչատրյանը ծնվել է Ազայում, երկու-երեք տարեկան է եղել, որ ընտանիքը վերջնականապես տեղափոխվել է Թիֆլիս:

Շրջանառվում է խոսակցություն, թե 1970-ականներին կոմպոզիտորն այցելել է Ներքին և Վերին Ազա գյուղեր՝ այդ մասին հետագայում գրելով հուշեր, մասնավորապես նշելով՝ «Գնացի այնտեղ, տեսա իմ պապերի երկիրը: Երկինքն այնտեղ կապույտ էր, և մեր տան դուռը տխրալի ճռռում էր... Երբ ես ստեղծում էի «Ջութակի կոնցերտը», հոգով ու մտքով Գողթնում էի... Լսում էի մորս ձայնը...»: Ցավոք, մեզ չհաջողվեց գտնել Արամ Խաչատրյանի այդ հուշագրությունը:

Վերը նշվածով հանդերձ՝ չէի ցանկանա հարցը դարձնել բանավեճի թեմա, մանավանդ որ ինքը հարցին տվել է ավելի խորիմաստ և ընդգրկուն պատասխան. «...Իմ ամբողջ ստեղծագործությունը, իմ ամբողջ կյանքը պատկանում է իմ հարազատ ժողովրդին, իմ հայրենիքին...» (Վաղարշակ Գոգորյանին 1965 թ. գրած նամակից)։

* * *

19–րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարասկզբին սաղմնավորվեց հայկական կոմպոզիտորական դպրոցը, արևմտահայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր՝ Տիգրան Չուխաջյան, ազգային դասական կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր՝ Կոմիտաս վարդապետ: Մեր տաղանդավոր պրոֆեսիոնալ կոմպոզիտորներից առաջիններն էին նաև Նիկողայոս Տիգրանյանը, Մակար Եկմալյանը, Քրիստափոր Կարա-Մուրզան, Արմեն Տիգրանյանը:

Ազգային երաժշտական ստեղծագործության ասպարեզում այդ ժամանակաշրջանում առաջադիմական ձգտումներն առավել ուժով, տաղանդով ու լիակատարությամբ արտահայտեցին Կոմիտաս վարդապետը և Ալեքսանդր Սպենդիարյանը, ովքեր էլ, ըստ Արամ Խաչատրյանի, հանդիսանում են հայկական դասական երաժշտության հիմնադիրները, ովքեր էլ նախանշեցին գլխավոր ուղիները՝ հայկական երաժշտական ստեղծագործության զարգացման ճանապարհին:

Իհարկե, հետագայում ասպարեզ եկան բազմաթիվ տաղանդավոր հայ կոմպոզիտորներ, բայց այդ ժամանակաշրջանում հայկական երաժշտության ամենաակնառու նվաճումները կապված են հայ նոր կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Արամ Խաչատրյանի հետ:

Խաչատրյանական ժառանգությունն ամբողջովին ներկայացնելը, միանշանակ, վեր էր հանդեսի սույն համարի հնարավորություններից: Այդուհանդերձ փորձել ենք որոշակի պատկերացում տալ կոմպոզիտորի երաժշտական գանձարանի մասին: Փորձել ենք ցույց տալ, որ Արամ Խաչատրյանի ձեռքբերումները 20-րդ դարի խոշորագույն վարպետների ստեղծագործությունների շարքում են (Իգոր Ստրավինսկի, Սերգեյ Պրոկոֆև, Դմիտրի Շոստակովիչ, Մորիս Ռավել, Բելլա Բարտոկ, Յան Սիբելիուս, Ռիխարդ Շտրաուս, Բենջամեն Բրիտտեն...):

Համարում ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների ասույթներն Արամ Խաչատրյանի, նրա առանձին ստեղծագործությունների մասին: Հանրագումարում կրկին համոզվում ենք՝ Արամ Խաչատրյանը 20–րդ դարի խոշորագույն կոմպոզիտորների համաստեղության մեջ է:

Կարևորեցինք Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ըստ ժանրերի և ըստ ժամանակագրության ներկայացնելը:

Մեր ընթերցողին մատչելի ձևով ներկայացրինք մի քանի գործ։

Խոսքն առաջին հերթին «Գայանե» բալետի մասին է (առաջնախաղը՝ 1942 թ. դեկտեմբերի 3–ին, Պերմում՝ Լենինգրադի Կիրովի անվան թատրոնի ուժերով): «Գայանեն» դարձավ նոր էջ խորհրդային բալետի պատմության մեջ, ավելին՝ այն մտավ երաժշտախորեոգրաֆիկ արվեստի համաշխարհային գանձարան:

Երաժշտագետների միանշանակ կարծիքով՝ «Գայանեն» ավելի հարուստ և գեղեցիկ դարձավ շնորհիվ վերջաբանի և նրա եզրափակիչ ժողովրդապարային այնպիսի տեսարանի, ինչպիսին նշանավոր «Սուսերով պարն» է:

Հակիրճ տեղեկություններ ենք առաջարկում «Սպարտակ» հերոսաողբերգական բալետի մասին, որն արժանի տեղ գրավեց 20–րդ դարի լավագույն բալետների շարքում: Առաջին անգամ բեմադրվեց 1956 թ. դեկտեմբերի 27–ին՝ Լենինգրադի Կիրովի անվան օպերայի թատրոնի բեմում, թեև երեք տարի առաջ էր կոմպոզիտորն ավարտել պարտիտուրան։

Համառոտ տեղեկություններով անդրադառնում ենք Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար 1941-ին գրված երաժշտությանը՝ վալսին:

Անդրադառնում ենք Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիային՝ գրված 1943–ին, որը կոչվում է նաև «Զանգով սիմֆոնիա»: Սակայն այդ ստեղծագործությանը, ավելի ճիշտ ստեղծագործության 3-րդ մասին անդրադառնում ենք բոլորովին այլ նկատառումով:

 ...Սգո վիթխարի երթ է, հերոսների հիշատակին ռեքվիեմ, համաժողովրդական վշտի ընդհանրացված արտահայտություն: Հիմքում Ավետիք Իսահակյանի խոսքերով հայկական ժողովրդական «Որսկան ախպեր» երգն է:

Կարեն Սմբատյանի օրագրային պատառիկներից իմանում ենք, որ 2-րդ սիմֆոնիայի այդ հատվածը կոմպոզիտորը ձոնել է Գարեգին Նժդեհին, և այդ գաղտնիքը (իբր) բացել է ինքը՝ Արամ Խաչատրյանը, 1964-ին...  Դա, իհարկե, ընդունում ենք իբրև վարկած, որը հավելյալ հիմնավորման կարիք ունի։

Կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության մեջ որոշակի տեղ է գրավում կինոերաժշտությունը: Թեման հանգամանալից ներկայացնում է բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը:

Անդրադառնում ենք Չարենց-Խաչատրյան առնչություններին՝ հիմքում ունենալով 1935 թ. Համո Բեկնազարյանի նախաձեռնությամբ նկարահանված առաջին հնչուն ֆիլմի՝ «Պեպո»-ի երաժշտությունը:

 Համարը պատրաստելիս հետաքրքիր մի փաստ ի հայտ եկավ, որն իմանում ենք Գեորգի Խուբովի «Արամ Խաչատրյան» մենագրությունից (Երևան 1977 թ ):

«Ֆիլմի ուշագրավ դրվագներից է Պեպոյի սրտառուչ–արտահայտիչ երգը (խոսք՝ Եղիշե Չարենցի): Այդ երգը թափանցում է ժողովրդական զանգվածների ամենախորքերը, փոխանցվում շուրթերից շուրթ, ապրում զանազան տարբերակներով՝ որպես «սեփական» երգ, ժողովրդական երգ:

...Ֆիլմի նկարահանումից մի քանի տարի անց ֆոլկլորային արշավախումբը Լեռնային Ղարաբաղում ձայնագրում է Պեպոյի երգը, որը երգում էր (իր տարբերակով) գյուղացի–հովիվը: Այն հարցին, թե որտեղի՞ց է իմանում նա այդ երգը, հովիվը պարզամտորեն պատասխանում է՝ Ո՞նց թե որտեղից: Ախր էդ բոլորն էլ գիտեն:

Ախր էդ ժողովրդի երգն ա... Այս փաստը (ինձ հաղորդել է բանահավաքների արշավախմբի մասնակիցներից մեկը) անչափ ուշագրավ է...»: - Գրում է Գ. Խուբովը:

Չարենց-Խաչատրյան առնչությունները, ըստ Հովիկ Չարխչյանի, չի սահմանափակվում միայն «Պեպո» կինոյի համար գրված «Ձկնորսի երգով»:

Չարենց–Խաչատրյան ճանապարհը խաչվել է ևս մեկ անգամ՝ ծնունդ տալով նոր երգի, ինչի համար Արամ Խաչատրյանն ընտրել է Չարենցի «Բալլադ գեղջկական»-ի 18 տողը:

Եվ մի էական նորամուծություն համարում. առաջին անգամ ընթերցողը հնարավորություն է ստանում QR–կոդի միջոցով հաղորդակցվել Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից մի քանիսին («Սպարտակ» բալետ, «Գայանե» բալետ (որի մեջ՝ «Սուսերով պարը»), «Դիմակահանդես»-ի վալս, «Զանգեզուրյան քայլերգ», 2-րդ սիմֆոնիայի 3-րդ մաս, «Ձկնորսի երգը»):

* * *

Համարում ներկայացնում ենք Արամ Խաչատրյանի կյանքի ուղին՝ համառոտ, բայց և կենսագրության հիմնական դրվագներն ընդգրկող:

Առանձին հոդվածով ներկայացվում է նրա դիրիժորական և մանկավարժական գործունեությունը:

Լուսանկարներով ներկայացվում է հին Թիֆլիսը, հատկապես Կոջորի արվարձանը, որտեղ մանկության և պատանեկության տարիներին ապրել է Արամ Խաչատրյանը:

Լուսանկարներով ներկայացնում ենք նաև հայոց մեծերին, համաշխարհային ճանաչում ունեցող դեմքերին, որոնց հետ առնչություններ է ունեցել կոմպոզիտորը: Տեղեկություններ ենք հաղորդում գերդաստանի մասին:

Հանդեսի այդ բաժնում տեղ է գտել նաև մատենագիտությունը՝ բաղկացած երկու մասից՝ ա) կոմպոզիտորի հեղինակած հոդվածներ և ելույթներ (ոչ ամբողջական ցանկը), բ) Խաչատրյանի մասին գրականությունը (մեր ձեռքի տակ եղածը):

* * *

Հրապարակում ենք այլ նյութեր ևս, որոնք հավելյալ հնարավորություն են ընձեռում՝ ավելի հանգամանալից ծանոթանալու կոմպոզիտորի կերպարին, երաժշտության ոլորտում հայ ժողովրդին ծառայելու գործում նրա մեծ վաստակին:

Առավել ուշագրավ են Խաչատրյանի նամակները, որոնցից մի քանիսին ընթերցողը կարող է ծանոթանալ:

Խաչատրյանն արժանացել է Խորհրդային Միության բարձրագույն պարգևներին՝ երաժշտական մշակույթի զարգացմանը մատուցած ծառայությունների համար։

Արժանացել է Խորհրդային Միության գրեթե բոլոր հանրապետությունների պետական բարձր պարգևների։

Արժանացել է գնահատանքի աշխարհի մասշտաբով: Մի խոսքով՝ նրա վաստակի գնահատությունը (և՛ կենդանության օրոք, և՛ հետմահու) ներկայացվում է համարում:

Արամ Խաչատրյանի կերպարն ունեցել է նաև պլաստիկական և գեղանկարչական արտացոլումներ, որոնց մի մասը տեղ է գտել համարում:

Տվյալ թեմայի վերաբերյալ ամբողջական պատկերացում է տալիս արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սաթենիկ Մելիքյանը: Իսկ շապիկին պատկերված է Մարտիրոս Սարյանի վրձնած հայտնի դիմանկարը (1944 թ., կտավ, յուղաներկ, 100x81 սմ, Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարան, Մոսկվա):

Ուշադրության արժանի ևս մի փաստ. դեռևս 1976 թ. հուլիսի 21-ին՝ կոմպոզիտորի կենդանության օրոք, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի որոշմամբ կոմպոզիտորի տուն-թանգարան ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են սկսվել: Տուն-թանգարանի մասին նույնպես ընթերցողը կարող է ընդհանրական տեղեկություններ ստանալ:

1978 թ. մայիսի 1-ին Մոսկվայում վախճանվեց Արամ Խաչատրյանը, նրա մարմինը տեղափոխվեց Հայաստան և մայիսի 6-ին հողին հանձնվեց Կոմիտասի անվան պանթեոնում:

1979 թ. Առնո Բաբաջանյանը գրեց Արամ Խաչատրյանի հիշատակին նվիրված «Եղերերգը», որի հիմքում Սայաթ-Նովայի անմահ երգի մեղեդին է: Պարզվում է՝ ժամանակին կոմպոզիտորը ներկա է եղել Արամ Խաչատրյանի և ճանաչված դուդուկահար Մարգար Մարգարյանի հանդիպմանը: Արամ Խաչատրյանը հուզվել է դուդուկահարի՝ «Քանի վուր ջան իմ» երգի կատարումից:

Արամ Խաչատրյանի անձը, գործունեությունը և անմահ ստեղծագործությունները եղել ու այսօր էլ մնում են երաժշտագետների, երաժշտասերների ուշադրության կենտրոնում: Դրա վկայություններից մեկն էլ Արամ Խաչատրյանի անվան միջազգային ամենամյա մրցույթն է, որ հիմնադրվել է 2003 թվականին և գործում է մինչև հիմա:

* * *

Արամ Խաչատրյանը հինգ հազար տարեկան էր, ինչպես Մարտիրոս Սարյանն է ասում: Դա երևում է հատկապես հայոց հոգևոր ակունքներից ունեցած ազդեցությունից, մեր մշակույթի ռահվիրանների ժառանգության հետ առնչություններից՝ Գողթան երգերից ու երգիչներից մինչև մեր աստվածասկիզբ շարականներ, մինչև հայ միջնադարյան քնարերգության մարգարիտներ, մինչև Սայաթ-Նովա ու Նաղաշ Հովնաթան, մինչև Կոմիտաս ու Սպենդիարյան, մինչև Իսահակյան ու Թումանյան, մինչև Սունդուկյան, Պեշիկթաշլյան ու Պարոնյան, մինչև Դերենիկ Դեմիրճյան, Բակունց, Չարենց ու Աշոտ Գրաշի (Գրիգորյան), մինչև...

Եվ առհասարակ՝ նա բազում թելերով էր կապված իր հայրենիքի հետ: Դա արտացոլված է նրա ստեղծագործություններում, գեղարվեստական մտածելակերպում, խառնվածքում, երաժշտական-հասարակական գործունեության մեջ, հոդվածներում, նամակներում, ելույթներում, զրույցներում...

Ավելի ու ավելի խորն եմ ես թափանցում դարերի մեջ՝ պատմության գիրքն էջ առ էջ կարդալու համար: Ավելի ու ավելի վեր եմ բարձրանում դեղնող լույսով պարուրված սարերը՝ տեսնելու համար ծաղիկների գարնանային փոթորկվող օվկիանոսն ու հովիտների թափանցիկ երկնագույն օդը: Ու գնում եմ մարդկանց մոտ, իմ Հայաստանի՝ իրենց պարզության մեջ մեծ մարդկանց մոտ, նրանց աշխատանքի անսահման տաղանդավորությամբ ուրախանալու համար... Իմ նախնիների հայրենիք, իմ ոգեշնչման հայրենիք, - գրել է Արամ Խաչատրյանը:

Մեկ ուրիշ առիթով էլ ասում է՝ «Այն, որ կոմպոզիտոր եմ դարձել, պարտական եմ ոչ միայն իմ ժողովրդին, նույնպես պարտական եմ Մոսկվային և իմ ուսուցիչներին: Բայց ես հայ եմ, եղել եմ, կամ և կլինեմ հայ, և իմ ստեղծագործությունը, իմ ամբողջ գործունեությունը ամենից առաջ պատկանում է իմ հարազատ ժողովրդին, իմ հայրենիքին...»:

Հայաստանի հանդեպ սիրո վառ արտահայտություն էր Հայկական ԽՍՀ օրհներգի երաժշտությունը, որը հեղինակեց ինքը՝ 1944-ին (տեքստի հեղինակ՝ Սարմեն), որը համեմված է «Պատարագի» «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ»-ի և Տիգրան Չուխաջյանի «Զեյթունցիների քայլերգի» մեղեդիների ինտոնացիաներով։

Ի վերջո Արամ Խաչատրյանը ստիպեց աշխարհին, որ ճանաչեն Հայաստանը, որ լսեն Հայաստանին:

Նրա չիրականացված ծրագրերի մեջ էլ քիչ չէին հայոց աշխարհին առնչվող մտադրությունները՝ «Վարդանանքը» վերածել օպերայի, գրել «Սայաթ-Նովա» օպերա և այլն:

Արամ Խաչատրյանի մեջ, հիրավի, տեղավորված էին հայ ժողովրդի կենսագրությունն ու պատմությունը։

– Երբ ես մտածում եմ Խաչատրյանի ստեղծագործության մասին, իմ դեմ ելնում է հզոր ու սքանչելի մի ծառի պատկեր, որի հուժկու արմատները խորը մտած են հողի մեջ, ներքաշել են այդ հողի լավագույն հյութերը: Նրա պտուղների ու սաղարթի մեջ հողի ուժ կա: Խաչատրյանի ստեղծագործության մեջ մարմնավորված են հարազատ ժողովրդի լավագույն զգացմունքն ու մտքերը: - Գրում է Մարտիրոս Սարյանը:

* * *

Անշուշտ, հնարավոր չէր թերթային կամ ամսագրային ձևաչափով լիարժեք ներկայացնել Արամ Խաչատրյան երևույթը, խաչատրյանական տաղանդի փայլուն թռիչքները, հագեցած երաժշտական-հասարակական գործունեությունը: Նման խնդիր չէինք էլ դրել մեր առջև: Եվ, այդուհանդերձ, ձգտել ենք համարում զետեղել հոդվածներ, լուսանկարներ, քանդակների պատկերներ ու գեղանկարներ, որոնք հնարավորություն կտան ընթերցողին՝ շատ թե քիչ ամբողջական պատկերացում կազմել կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին: Այդ առումով կարող ենք վստահաբար փաստել՝ համարը կատարել է իրեն՝ ի սկզբանե վերապահված առաքելությունը:

Միևնույն ժամանակ՝ պատրաստ ենք ընդունելու հիմնավոր դիտողություններ, նկատառումներ, որոնք կարտահայտեն ընթերցողները և հատկապես երաժշտագետները:

Հանդեսի սույն համարը ծնվեց մեր խմբագրակազմի նվիրական աշխատանքի և պրպտումների շնորհիվ:

Իրենց խորհրդատվությամբ և մասնագիտական նկատառումներով մեզ աջակցեցին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, երաժշտագետ, կոմիտասագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Լուսինե Սահակյանը, Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի աշխատակազմը (տնօրեն՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արմինե Գրիգորյան, տուն–թանգարանի ֆոնդերի գլխավոր պահապան՝ Անահիտ Շահմանյան), ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը, ինչպես և համարի մյուս գործընկերները, որոնց մեր երախտագիտությունն ենք հայտնում:

Սամվել Ալեքսանյան

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։