Image

Վերակառուցվում, հիմնանորոգվում  է Վանաձորի տիկնիկային թատրոնի շենքը

«մշակութային» շինարարն  ամեն ինչ անում է բարեխղճորեն

Մինչև տարեվերջ կավարտվի Վանաձորի տիկնիկային թատրոնի շենքի վերակառուցում-հիմնանորոգումը: Նախատոնական այս  օրերին շինարարները վերջին «վրձնահարվածներն» են տալիս՝ օր առաջ օրինական տերերին՝ մանուկներին և դերասանական  հանրույթին,  հանձնելու Լոռու մարզի համար անչափ կարևոր, Լոռու մարզում իր տեսակի մեջ միակ մշակութային այդ օջախը: Գործի կարևորությունն ընդգծելու համար նշենք, որ հանրապետությունում էլ տիկնիկային թատրոնները կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել:

Ինչո՞ւ էր անհրաժեշտ թատրոնի վերակառուցումը: Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը հիմնադրվեց 1992թ-ին Վանաձորի Հավհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի առաջատար դերասան Սերգեյ Մելիքյանի համառ հետևողականության և ջանքերի շնորհիվ: Քաղաքային իշխանությունները հավանության արժանացրին, ընդառաջեցին նրան և այն դժվարին տարիներին, որ մենք հաճախ բնութագրում ենք որպես խավարի ու ցրտի տարիներ, թատրոնի համար քաղաքի կենտրոնական հատվածում, Սայաթ Նովայի անվան մանկական այգու մոտակայքում տրամադրեցին նոր կառուցված ծաղկի վաճառք կազմակերպելու նպատակով կառուցված «համատարած» ապակեպատ /շինարարները դրանց ալյումինե վիտրաժներ են անվանում/ շինությունը: Թատրոնի կարիքներին ծառայեցնելու նպատակով սրահում կատարվեց որոշակի նորոգում-հավելումներ, և առաջնամուտը տոնվեց  1994թ. թումանյանական մոտիվներով մանկական պիեսի բեմադրությունով: «Մետակ» ապակիներով այդ շենքը, որ տառապել է ամռանը շոգից, ձմռանը՝ ցրտից,   ջեռուցվել է գազի և էլեկտրական վառարաններով, տանիքը բազմիցս մասնակի նորոգումներից հետո էլ «կաթացել է»:Ես սառույցապատ լճակներ եմ տեսել  դահլիճում, էլ չենք նշում անհրաժեշտ այլևայլ պայմանների բացակայությունը, սառչող դերասանների հանդերձարան չունենալը... Թատրոնի հոգսերով բառացիորեն տառապող Սերգեյ Մելիքյանից գրեթե երեսուն տարիների ընթացքում միայն դժգոհություն եմ լսել: Տեղին, արդարացի դժգոհություններ: Չենք ասի, թե նրա հետևողականության շնորհիվ քիչ գործ է արվել: Նորոգումներ եղել են, գույքով ու հանդերձանքով ապահովվել են:  Այնուամենայինիվ, երբ շենքը «կաղում է, երբ  հիվանդությունները անթիվ են», հրատապ միջոցների դիմելու կարիքը հրամայական է դառնում: Ահա, այդ հրամայականը ըմբռնումով ընդունեցին քաղաքային իշխանությունները:  Դրանում, ինչ խոսք, «մեղք» ունեն նաև նորանշանակ, եռանդուն տնօրեն Սևակ Սարգսյանի և դերասանական հանրույթի տրտունջները: Քաղաքապետարանը առաջարկություն ներկայացրեց  ՀՀ կառավարություն՝ պատրաստակամություն հայտնելով քաղաքային բյուջեից անհրաժեշտ չափով միջոցներ տրամադրել  վերակառուցման համար: ՀՀ կառավարությունը առաջարկը կենսագործելու նպատակով այն ընդունեց զարգացման /սուբվենցիոն/ ծրագրերում, Վանաձորի «Շինէքսպրտ»  ՍՊԸ-ն կազմեց նախագիծը, իսկ հունիսից շինարարներն անցան գործի:Նախ ապամոնտաժեցին ապակիները, քանդեցին եղած պատերը, բեմը, սանհանգույցները, ամեն, ամեն ինչ՝ չորս հենասյուների վրա թողնելով միայն տանիքը: Տուֆից հիմնապատեր շարեցին՝շենքի մակերեսը մեծացնելով  մոտ 70 քմ-ով, նոր բեմ կառուցեցին, հանդերձարաններ, սանհանգույցներ, պահեստներ, աշխատասենյակներ, միջանցքներ, օժանդակ, անհրաժեշտ այլ սենյակներ և ավելի մեծ, հարմարավետ  կինոխցիկ ձևավորեցին, գազամատակարարման նոր խողովակաշար մոնտաժեցին, որակյալ դռներ ու պատուհաններ տեղադրեցին և, ամենագլխավորը, ջեռուցման նոր համակարգ անցկացրին: Մեր այցելության օրը շինարարները կախովի առաստաղներն էին հավաքում, հատակներն էին  լամինապատում, էլեկտրիկները էլեկտրակամատակարարման խնդիրն  էին կարգավորում: Հարցրեցի գրեթե շինարար դարձած տնօրեն Ս. Սարգսյանին՝ ամեն ինչ ձեր սրտո՞վ է: -Իհարկե,-պատասխանեց նա,- մարդիկ հիանալի գիտեն, որ մանուկների համար է, ամեն ինչ անում են բարեխղճորեն: Բարեխղճորեն են իրենց գործը կատարել նաև նախագծողները, նրանք մեր նկատառումները, առաջարկությունները հաշվի են առել, ամեն ինչ արել են, որ բավարարվեն այսօրվա թատրոնին ներկայացվող պահանջները, մեր մանուկ հանդիսատեսի պահանջները: Ախր...

Բառացիորեն չկրկնեմ տնօրենի խոսքերը, ախր՝ իրոք դժվար, գրեթե անհնար է եղել անհրապույր, ցրտահար, տարրական պայմաններից զուրկ մի թատրոնում թեկուզ տեխնիկական զանազան միջոցների, դեկորների ու հանդերձների օգտագործմամբ  «էսօրվան համահունչ էֆեկտներ» ստանալ և գերել «էսօրվա» զարգացած մանուկներին:

 Իմացա շինարարությունն իրականացնող կազմակերպության անունը՝  «Այպոշին» ՍՊԸ: Տնօրեն Հովհաննես Պողոսյանին լավ էի ճանաչում, ծանոթ էի նախկինում նրա կառուցումների մասին լրատվություն ներկայացնելու առիթներով: Նա երկար տարիների շինարարական ստաժ ունեցող  բազմափորձ, շնորհալի ու բարեխիղճ շինարար է: Մեր տեսած-նկարագրածին նա ավյունով ավելացրեց.-Այ, արտաքին փայտե կամարաշարերը երբ հավաքենք ու   գեղեցիկ նստարանները տեղադրենք, նոր միայն, դե, մինչև տարեվերջ,  շենքը թե դրսից, թե ներսից կշողա-կգերի ոչ միայն մեծերիս, այլև անչափ պահանջկոտ փոքրիկ հանդիսատեսներին: Անհնար է չհավատալ: Նրան երկու հարց տվեցի՝ ի՞նչ է նշանակում «Այպոշին»: Ընկերությունն ի՞նչ կառուցումներ է արել այս տարի: «Այպոշին»՝ ընկերոջ՝ Այվազյան, և իր՝ Պողոսյան,  ազգանվան առաջին երկու տառերն են՝ շին հավելումով: Ընկերությունն այս օրերին տիկնիկային թատրոնից բացի Ստեփանավանում ևս ավարտին է հասցնում Ստեփան Շահումյանի անվան մշակույթի պալատի և Մեծ Պարնիում՝ մշակույթի տան հիմնանորոգումները:

-Բոլորն իրոք կարևոր և բոլորն էլ  մշակույթի օբյեկտներ են, որոնց մասին հնարավորության դեպքում կարելի է անդրադառնալ, հիմա Ձեզ կարելի՞ է  «մշակութային շինարար» անվանել,-կատակեցի ես:

- Թեկուզ: Էդպես է ստացվել՝ մասնակցել եմ մրցույթներին և հաջողվել է շահել շինարարությունը, - պատասխանեց նա և ամիջապես ավելացրեց,- հարգելի լրագրող, եթե մեր մասին գրելու եք, անպայման նշեքնաև, որ մենք՝ շինարարներս, երբեմն շատ  դժվարություններ ենք ունենում, բայց դրանք հեշտորեն հաղթահարվում են, երբ հոգատարության ու բարյացակամության ենք արժանանում: Տիկնիկային թատրոնի վերակառուցման ընթացքում  մենք մարզային, քաղաքային իշխանությունների կողմից  զգացել և զգում ենք ամենօրյա ուշադրություն և անհրաժեշտ  օգնություն:

Զրույցին ներկա տնօրեն Սևակ Սարգսյանն անմիջապես հավելեց՝ նաև քաղաքապետարանի մշակույթի բաժնի կողմից:

Եթե այդպես է՝ ինչու՞ չնշել: Չէ՞ որ  անզեն աչքով էլ տեսանելի եղավ, թե մանուկների գեղագիտական դաստիարակության կարևոր օջախներից մեկի շուտափույթ վերագործարկման  ցանկությունն ունեցող  մարդկանց ինչպես է միավորել ընդհանուր հոգատարությունը:  

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։