Image

Միշտ արցախցիների կողքին

Քաշաթաղի կազմավորման առաջին տարիներից ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, Արցախյան գոյամարտի մասնակից Գուրգեն Մելիքյանը հիմնեց «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ը: Ավելի քան կես դար այդ հիմնադրամը մեծ աջակցություն ցուցաբերեց քաշաթաղցիներին: Բոլոր բազմազավակ ընտանիքներին հատկացնում էր անասուններ, այլ անհրաժեշտ պարագաներ: Անմասն չէին մնում նաև սոցիալապես անապահովները: Բացի այդ նույն տարիներին Գ. Մելիքյանի նախաձեռնությամբ տարեկան 4-5 և ավելի անգամ Արցախ էին այցելում ԵՊՀ և այլ բուհերի ուսանողներ, դասախոսներ: Հաճախ նաև ԵՊՀ ռեկտորն էր միանում նախաձեռնությանը: Համալսարանականները լինում էին զորամասերում, համերգներով հանդես գալիս զինվորների համար: Նույն այցելությունների ընթացքում նաև ծառատունկ էր կազմակերպվում:

Վերջին տարիներին միայն Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում և հարակից տարածքներում, հիմնականում Գորիս-Ստեփանակերտ մայրուղու եզրերին արդեն հաշվում էինք մոտ 30 պուրակ ու ծառուղի՝ նվիրված Արցախյան գոյամարտի նահատակ հերոսներին՝ Մոնթե Մելքոնյանին, Թաթուլ Կրպեյանին, Լեոնիդ Ազգալդյանին, Վարդան Ստեփանյանին, ԵՊՀ-ին, մշակութային գործիչների, բարերարների և այլոց: Այսօր այդ ամենը մնացել է գերության մեջ: Վերջին անգամ Գ. Մելիքյանի հետ Արախ այցելեցինք 2022թ. հունիսին: Հիմնադրամի կողմից կենցաղային տեխնիկա հատկացվեց շատ արցախցիների՝ Աղավնոյում, Բերձորում, Բերդաձորում, Ստեփանակերտում, Դահրավում և այլուր: Եղան այլ հատկացումներ ևս։ Ծրագիրը լինելու էր շարունակական, սակայն փակվեցին ճանապարհները, իսկ 2023թ. Սեպտեմբերի 19-ին սկսված ապտերազմը եղավ Արցախը հայաթափման պատճառ: Այժմ ողջ Արցախն է հայաթափ, և արցախցիները բռնի տեղահանվեցին հայրենի տներից ու ապաստան են գտել արդեն ՀՀ տարբեր մարզերում, Երևանում: Գ. Մելիքյանի նախաձեռնությամբ հիմնադրամն այս անգամ սկսել է աջակցություն ցուցաբերել տեղահանվածներին:

Դեկտեմբերի 9-ին հերթական աջակցությունը ցուցաբերեց Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 3 ընտանիքի։ Հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանի հետ Արագածոտնի մարզ՝ Աշտարակ քաղաք և Ներքին Սասնաշեն գյուղ այցելեցին հոգաբարձուների խորհրդի անդամները՝ Արծրուն Ավագյանը/հոգաբարձուների խորհրդի նախագահ/, Սամվել Մուրադյանը, Մարատ Գրիգորյանը և արցախցի ընտանիքներին հատկացրեցին նյութական աջակցություն՝ սնունդ/հայկական արտադրության տարբեր տեսակի պահածոներ/, հագուստ, կոշիկ, խաղալիքներ երեխաներին և այլն։ 4 երեխա /Արթուր, Արա, Էրիկա, Էրիկ/ ունեն ամուսիններ  Գագիկ Գասպարյանն ու Գոհար Գրիգորյանը: Նրանց ընտանիքն Ստեփանակերտից է տեղահանվել, և այժմ Գագիկի ծնողների հետ բնակվում են Աշտարակում: Առանձնատուն է, որը վարձակալել են։ Գագիկն աշխատում էր «Արցախ ուղի» ընկերությունում որպես աշխղեկ, և նրա ղեկավարությամբ մի քանի տարի հիմնանորոգվում էին Քաշաթաղի շրջանի ճանապարհները: Այնտեղ՝ Ստեփանակերտում թողել են ամեն ինչ և մի կերպ դուրս եկել։  Երեք դուստրերի մայր է Մանուշ Գրիգորյանը։ Բնակվում էին Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում՝ Ամարաս վանքի հարևանությամբ։ Այս գյուղը 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո դարձել էր սահմանամերձ և մշտապես թշնամու թիրախում էր։ 2023թ․ սեպտեմբերի 19-ին նաև Մաճկալաշենն ու նրա սահմանը հսկող մեր ռազմական հենակետերը թշնամին սկսեց ռմբակոծել։ Հարձակման էր անցել նաև հետևակը։ Չնայած մի քանի ամիս շրջափակման մեջ գտնվող ու ոչ լիարժեք սնված լինելուն՝ մեր մարտիկները կարողացել էին դիմակայել թշնամուն ու մեծ կորուստներ հասցնել։ Բայց թշնամուն թողեցինք նաև Ամարասն ու Մաճկալաշենը: Աշտարակում վարձակալած տանը հանդիպեցինք նաև Մանուշի եղբոր՝ Նվեր Գաբրիելյանի կինոջը, որդիներ Վաչագանին ու Գաբրիելին։ Հայրենի գյուղի պաշտպանության մարտերում սեպտեմբերի 19-ին հերոսաբար նահատակվել է Նվերը, հուղարկավորված է Եռաբլուրում։ 9 երեխաների /6 տղա, 3 աղջիկ/ մայր Արևիկ Գրիգորյանը ծնունդով Հրազդանից է, սակայն մանկության տարիներին բնակվել է Շուշիում, որտեղ ամուսնացել է ծնունդով ճարտարեցի Էռնեստ Խոսրովյանի հետ։ 2014թ․ նրանց բազմամյա ընտանիքը բնակություն հաստատեց Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղում։ Այստեղ ծնված որդիներից մեկին կոչեցին Ռոբերտ՝ ի պատիվ 2016թ․ Ապրիլյան քառօրյայում հերոսաբար մարտիրոսված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի, ում անունով էր կոչվում Հերիկի նորակառույց դպրոցը։  2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հերիկն էլ կրկին հայաթափ եղավ, և տեղի բնակիչները տեղափոխվեցին ՀՀ և Արցախի տարբեր բնակավայրեր։ Էռնեստի և Արևիկի ընտանիքն սկզբում տեղափոխվեց Երևան, սակայն 9 ամիս անց վերադարձան Արցախ և բնակություն հաստատեցին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում, որտեղ ծնվել է նրանց 9-րդ զավակը՝ Էռնեստը։

Բազմազավակ ընտանիքը Քաշաթաղի շրջանում, այնուհետև Ճարտարում աջակցություն էր ստանում «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ի կողմից։ Այժմ բնակվում են Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում՝ ինչպես ասացին՝ Մխոյի տանը։ Գոհ են, որ Մխոն մինչև գարուն անհատույց իրենց է հատկացրել որդու համար կառուցած առանձնատունը։ Վերադարձին Գ․ Մելիքյանն ասաց՝ իրենց համար պարտավորություն է՝ աջակցել տեղահանված մեր հայրենակիցներին, հատկապես՝ կարիքավորներին ու բազմազավակ ընտանիքներին։ Կարևորեց նաև այն հանգամանքը, որ հատկացված սնունդը, հագուստը, խաղալիքները հայկական արտադրության են։ Հիմնադրամի բարերարներին առաջարկել է՝ հատկացված գումարով գնել հայկական արտադրանք, որ ինչ-որ չափով աջակցեն նաև տեղական արտադրողին, բացի այդ տեղականն ավելի որակյալ է ու համեմատաբար էժան։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։