Image

Արցախի բարբառ

Արդեն բոլորովին հայաթափ Արցախն սպսում է իր զավակներին։ Անհնար է թշնամուն թողնել Մռավն ու Դիզափայտը, Քիրսնու Հոչանցասարը, Թարթառն ու Հակարին, Կարկառը։ Հայոց սրբավայրերը՝ Դադիվանքն ու Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը, Ծիծեռնավանքն ու Վարազգոմը, Մկնատամի խաչը, Կատարոն ու Ամուտեղը... բոլորը կանչում ու կանչում են։ Իսկ արցախցին, որ 30 և ավելի տարիներ դարձել էր իր երկրի տերը, վերակառուցել իր սրբատները, կառուցել աշխարհի ամենաժողովրդավար պետությունը, բարիք էր ստեղծում իր այգում ու հանդում, այսօր դարձել է բռնի տեղահանված և ապաստան գտել ՀՀ տարբեր մարզերում, Երևանում, կան արդեն արտերկիր գնացողներ։

Երկիր վերադառնալու, արցախահայությանը մշտապես համախումբ պահելն այսօր կարևոր երևույթ է, և յուրաքանչյուր ոք պետք է աշխատի այդ ուղղությամբ։ Այս առումով կարևոր դեր ունեն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Երևանում և այլ վայրերում տեղահանված արցախցիների կողմից ստեղծած մշակութային ու հասարակական, գիտական կազմակերպությունները։ Դեկտեմբերի 11-ին Երևանում՝ Հայ բարեգործական ընդհանուր միության դահլիճում, կայացավ «Քաթ-քաթ հեքիաթ» նախագիծը, որը միտված է Արցախի մշակութային ժառանգության պահպանումը և կազմակերպվել էր Lamedia.am-ի և ԱՅՅՈՒՎԻ հասարակական կազմակերպության կողմից։ Ծրագրի կայացմանն աջակցել էին Yeremyan Products-ը («Երեմյան Փրոջեքթսի»), ԱՀ Կառավարության օպերատիվ շտաբը և «ԴիզակԱրտ» մշակութային երիտասարդական կենտրոնը/ՄԵԿ/։ Երեկոն վարում էր նախագծի կազմակերպչներից «ԵսԴուՄենք» ՀԿ նախագահ Լիաննա Ադամյանը։ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ  Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ողջունեց ներկաներին, կարևորեց նման ծրագրերի դերը՝ արցախահայությանը համախումբ պահելու և մշտապես երկիր վերադառնալու մասին երազելու համար։ Արցախյան բարբառով ներկայացրեց Տերունական աղոթքը՝ հավատ հայտնելով՝ Տերը զորավիգ է լինելու մեր երազանքներին։ Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, «ԴիզակԱրտ» ՄԵԿ համահիմնադիր Երազիկ Ավանեսյանը, «Երեմյան Փրոջեքթսի»-ի ներկայացուցիչը։ Ընթացքում էկրանին հադրութցի մանուկները, ովքեր հիմնականում «ԴիզակԱրտ» ՄԵԿ սաներ են, պատմում են հայկական ժողովրդական հեքիաթները Հադրութի բառ ու բանով, ավարտում անիմացիոն լուծումներով։ Եղավ նաև համերգային մաս. «ԴիզակԱրտ» ՄԵԿ-ի սաները նվագախմբի ուղեկցությամբ կատարեցին արցախյան ժողովրդական երգեր։ Հանդիպումը եզրափակվեց Արցախյան խնդրի ներկա վիճակի քննարկմամբ։ Հանդես եկան Արցախի Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ)  Գեղամ Ստեփանյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը, մշակութաբան Արմինե Տիգրանյանը, Փիլիսոփայական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը և ԱՀ նախկին ՄԻՊ, պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Լուսինե Ղարախանյանը ներկայացրեց «Մշակույթը առաջնային տիրապետման իրավունքի առանցքում» բանախոսությունը։ Իր ֆեսբուքյան էջում գրել է. «Մեր ինքնության խորը և արխայիկ շերտերը մեզ հանգիստ չեն տալիս։ Մենք իսկապես հոգեբանական ծանր վիճակում ենք։ Այսօր մասնակցել եմ Քաթ_Քաթ նախագծի բացմանը, որտեղ կարևորել եմ Արցախի մշակույթի, մասնավորապես բարբառի առաջնային տիրապետման իրավունքի դերն ու այն օրակարգ մտցնելը։ Արցախի բարբառը վտանգված է։ Հադրութի երեխաները բարբառով հեքիաթներ ներկայացրեցին։ Խոսվեց Արցախի մշակույթի, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին։ Այս պայքարը և այս բնագիծը շատ կարևոր է, բայց բարբառն առանց ֆիզիկական Հայրենիքի աշխարհագրության, լանդշաֆտի ու հողի հետ մերձեցման չի կարող պահպանվել։ Տու'ն պետք է գնանք։ Շնորհակալ եմ «DizakArt» կենտրոնին` գաղափարականության և կատարած աշխատանքի, իսկ Լիանա Ադամյանին` մտահղացման, ծրագրի իրականացման և հրավերի համար»։ Մշակութաբան Արմինե Տիգրանյանը հանդես եկավ «Արցախահայության լեզվի և ինքնության պահպանության խնդիրը մշակույթի իրավունքի համատեքստում» զեկույցով։ Իր խոսքում նաև ասաց. «Շնորհակալ եմ բոլոր յան մարդկանց,ովքեր կենսունակ են պահում արցախյան բանն ու բառը, այդ թվում առանձնահատուկ երախտիքս «DizakArt» ՄԵԿ-ին Երազիկ Ավանեսյանի և Լիաննա Պետրոսյանի ղեկավարությամբ, ովքեր այսօր և հավետ նպաստել և նպաստում են Հադրութ աշխարհի և ողջ Արցախի մշակութային ինքնության պահպանությանը։ Կենտրոնի սաները այսօր հուզեցին բոլորիս իրենց հողն ու ջրի , բնության ու հայրենիքի կարոտը մեզ փոխանցելով Հադրութի բարբառով հեքիաթների միջոցով»։ Նախագծի հեղինակները հատկապես կարևորել էին, արցախյան ինքնության ու բարբառի առանցքային գաղափարների կենսունակության խնդիրը։ Եվ պատահական չէր, որ երեկոյի ողջ ընթացքում հնչեց Արցախի բարբառը։ Առանձնապես ներկաներին հուզեցին «ԴիզակԱրտ» կենտրոնի սաների ելույթները։ Շնորհաշատ մեր երեխաները ներկաներին հայրենի Արցախի իրենց հող ու ջրի, բնության ու հայրենիքի կարոտը փոխանցեցին Հադրութի բարբառով հեքիաթների ու երգերի միջոցով։ Բարբառով կարոտի երգ հնչեցրեց նաև փիլիսոփա Ալ. Մանասյանը։ Դահլիճւմ մոտ 2 ժամ տիրում էր բռնի տեղահանման ծանր իրողությունը և հայրենի Արցախ վերադառնալու փափագը, հույսը, հավատը։ Իսկ դրան հասնելու համար նախ չպետք է մոռանալ հայրենի մշակույթը, պապերի թողած մշակութային ժառանգությունը, որի կարևոր տարրերից է տեղական բարբառն ու խոսվածքը, սովորույթները, կենցաղը։ Ներկա էին հիմնականում արցախցիներ՝ մտավորականներ, նախկին զինվորականներ, մշակութային ու հասարակական գործիչներ, ուսուցիչներ, լրագրողներ, պետական այրեր, հյուրեր։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։