Image

Նահատակվել է հերոսին վայել

Օրերս «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ի նախագահ Գուրգեն Մելիքյանի և հոգաբարձուների խրհրդի անդամների հետ այցելեցինք Արագածոտնի մարզ։ Հիմնադրամի կողմից աջակցություն ցուցաբերվեց Արցախից այս տարվա սեպտեմբերին բռնի տեղահանված 3 ընտանիքի։ Աշտարակ քաղաքում է բնակվում Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշենից հեռացած Գրիգորյանների ընտանիքը՝ ծնողներն ու 3 դուստրերը։ Այցելեցինք նրանց՝ հատկացնելու աջակցությունը։ Սենյակի պահարանին զինվորական համազգեստով տղամարդու լուսանկար կար։ Պարզվեց ընտանիքի մոր Մանուշ Գրիգորյանի եղբոր Նվեր Գաբրիելյանի լուսանկարն է։ Այստեղ էին նաև Նվերի կինն ու որդիները՝ Վաչագանն ու Գաբրիելը։

Մաճկալաշենը 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո դարձել էր սահմանամերձ և մշտապես թշնամու թիրախում էր։ Սակայն գյուղն ուներ հուսալի պաշտպաններ։ 2023թ․ սեպտեմբերի 19-ին նաև Մաճկալաշենն ու նրա սահմանը հսկող մեր ռազմական հենակետերը թշնամին սկսեց ռմբակոծել։ Հարձակման էր անցել նաև հետևակը։ Չնայած մոտ 10 ամիս շրջափակման մեջ գտնվող ու ոչ լիարժեք սնված լինելուն՝ մեր մարտիկները կարողացել էին դիմակայել թշնամուն ու մեծ կորուստներ հասցնել։ Հայրենի գյուղի պաշտպանության մարտերում սեպտեմբերի 19-ին հերոսաբար նահատակվել է Նվերը, հուղարկավորված է Եռաբլուրում։ Մաճկալաշենցի Անմահ հերոսը ծնվել է 1988թ․ նոյեմբերի 3-ին։ 2007թ․ ավարտել է հայրենի գյուղի Արմեն Մելքումյանի անվան միջնակարգ դպրոցը։ Ունենալով առողջական խնդիրներ՝ բանակ չի զորակոչվել, սակայն ընտանիքի հոգսը թեթևացնելու նպատակով սկսել է աշխատել շինարարությունում։ 2012-ին ամուսնացել է։ Զավակներից ավագը՝ Վաչագանը, ծնվել է 2013թ․ հունվարի 18-ին, կրտսերը՝ Գաբրիելը՝ 2015թ․ հունիսի 15-ին։ Նվերի ծնվելու տարուց սկսած՝ Արցախը մշտապես եղել է պատերազմների ու այլ ցնցումների մեջ։ 2016թ․ Ապրիլյան քառօրյա պատերազմը շատ արցախցիների կամավոր առաջնագիծ տարավ։ Հայրենիքի պաշտպանության գործին անմասն չմնաց նաև Նվերն ու կամավոր համալրեց Հայոց բանակի շարքերը։ Թշնամուն հետ շպրտեցինք, կարճ ժամանակ խաղաղություն տիրեց Արցախում։ Նվերն զբաղված էր խաղաղ աշխատանքով, սակայն 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը, որի ընթացքում կորցրեցինք Արցախի մեծ մասը։ Այս պատերազմի առաջին օրվանից դարձյալ մարտերի մեջ էր Նվերն ու կարողացավ պաշտպանել հայրենի Մաճկալաշենը։ Զգալով՝ թշնամին կրկին հարձակման է անցնելու, կամավոր զինվորագրվեց Արցախի Պաշտպանության բանակին։ 2022թ․ դեկտեմբերի կեսերից շրջափակվեց Արցախն ամբողջությամբ, սակայն մեր զինվորները, թեկուզ ոչ լիարժեք սնվելուն, պաշտպանում էին հայրենի երկրի սահմանը և հաճախ հետ շպրտում թշնամուն՝ պատճառելով զգալի կորուստներ։ Նվերը մշտապես դիրքերում էր՝ հերթափոխով։ Թշնամին 2023թ․ սեպտեմբերի 19-ին նորից անցավ հարձակման սահմանի ողջ երկայնքով՝ մինչ այդ փակելով Արցախի Կյանքի ճանապարհը։ Նվերն այդ ժամանակ գտնվում էր տանը։ Առնելով հարձակման լուրը՝ շտապեց դիրքեր՝ մարտական ընկերների մոտ։

Մեծ ուժերով թշնամին հարձակման էր անցել նաև Մաճկալաշենի ուղղությամբ։ Սակայն հերոսաբար էին կռվում մեր քաջերը, ու թուրքերին չհաջողվեց մտնել Մաճկալաշեն։ Այս մարտում էլ Անմահ հերոսի ճամփան բռնեց 35-ամյա Նվեր Գաբրիելյանը։ Տնից դուրս գալիս հրաժեշտ էր տվել կնոջն ու զավակներին՝ երևի զգալով՝ հետ չի վերադառնա։ Ընտանիքն առաջին օրերին չէր կարողացել կապ հաստատել Նվերի հետ, սակայն նրա մարտական ընկերներից իմացել էին՝ հերոսաբար էր կռվել նա, իր վրա վերցրել ծանր հարված, վիրավորվել մի քանի տեղից, շարունակել պաշտպանել հայրենի գյուղը և նահատակվել։ Գաղթի վերջին օրը կայացրել էին որոշում և հերոսին հուղարկավորեցին Եռաբլուրում։ Այժմ Արագածոտնի մարզում է տեղավորվել Նվերի ընտանիքը, սակայն կինն ու որդիները մշտապես կարոտով են հիշում հայրենի տունը, այն պահը, երբ Նվերը դիրքերից տուն էր գալիս, այցելում էին Ամարասի վանք։ Կարոտն ու տխրությունը փարատելու համար հաճախ են այցելում հարազատներին, մտքով միասին հասնում Մաճկալաշեն, շրջում իրենց այգիներում․․․ Ու կա հավատ ու հույս՝ կգա տուն վերադարձի օրը։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։