Ամանորյա եռօրյա հանդես արցախցի երեխաների համար
Երևանում՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի շենքում, դեկտեմբերի 14-ին սկսվեց եռօրյա ուրախ հանդես Արցախից բռնի տեղահանված 300 երեխայի համար։ Տոնական միջոցառումը կազմակերպվել է Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի /ՄՍԿ/ կողմից՝ կանադահայ բարերար Արտյոմ Թութունջյանի հովանավորությամբ, «Դեպի Հայք» հիմնադրամի, Հայ կամավորական ասոցիացիայի և Արցախի օպերատիվ շտաբի օժանդակությամբ։
Առաջին օրը արցախցի 100 երեխա մասնակից եղան տոնական ուրախ խաղերի, պարերի, շփվեցին միմյանց հետ, ծանոթացան։ Նաև ըմբոշխնեցին շրջապատման երկար ու ձիգ օրերին կարոտած քաղցրավենիք ու միրգ։ Մոտ 2 ժամ տևած հանդեսը մեծ ոգևորություն ու ուրախ պահեր նվիրեց արցախցի փոքրիկներին, ովքեր վերջերս են տեղահանվել հայրենի տնից ու դժոխային ճանապարհով հասել Մայր հայրենիք։ Երեխաների հետ խաղերին մասնակից էր նաև բարերարը՝ Արտյոմ Թութունջյանը, ով վերջերս է Կանադայից Երևան եկել հատուկ այս տոները պարգևելու արցախցի երեխաներին։ Հադրութի ՄՍԿ տնօրեն Իրա Թամրազյանը, ով դեռևս 2020թ․ վերջերին Երևանում կարողացավ պահպանել երկար տարիներ Հադրութում գործած կենտրոնի անձնակազմը և շարունակել աշխատանքը, ասաց՝ դեռևս անցած տարի, երբ գտնվում էր Ստեփանակերտում և այնտեղ նույնպես բացել էր կենտրոնի մասնաճյուղ, կապ էր հաստատել Ա․ Թութունջյանի հետ և պայմանավորվել նրա աջակցությամբ 100 երեխայի համար տոնական հանդես կազմակերպել։
Իսկ Ա․ Թութունջյանը պետք է նվերներ ուղարկեր։ Սակայն դեկտեմբերի 12-ից փակվեց Արցախը Մայր հայրենիքին կապող միակ կյանքի ճանապարհը, և այդպես էլ նվերները տեղ չհասան։ Այնուհետև սկսվեց երկար ու ձիգ շրջափակումը․․․ Այժմ Երևանում Ի․ Թամրազյանը շարունակում է ղեկավարել կենտրոնը և կազմակերպել է հանդեսը։ Գալով Երևան՝ Ա․ Թութունջյանը որոշել է արդեն 300 երեխայի համար տոնական միջոցառումներ հովանավորել։ Միասին ամեն ինչ ստացվել է։ Ամանորյա հանդեսները կշարունակվեն ևս 2 օր։ Հանդեսին ներկա էին արցախցիներ, հիմնականում երեխաների ծնողներն ու հարազատները, այցելել էին նաև հյուրեր Երևանից, այլ վայրերից՝ ներկա լինելու մեր փոքրիկների ուրախությանը։