Image

Հերթական աջակցությունը տեղահանված արցախցիներին

Բազում անգամ եմ անդրադարձել «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ի կատարած բարեգործական ու հայրենանվեր աշխատանքներին: Հիմնադրամը 30 տարի Արցախում մեծ աշխատանքներ է կատարել: Իսկ այսօր արդեն աջակցում է 2020 և 2023 թվականներին Արցախից բռնի տեղահանված ու աջակցության կարիք ունեցող մեր հայրենակիցներին: Այժմ հիմնադրամը ՀՀ տարբեր մարզերում ու Երևանում պատսպարված արցախցիներին օժանդակում է սննդով, որը հայրենական արտադրանք է, երեխաներին հատկացնում է հագուստ՝ դարձյալ հայկական արտադրության, խաղալիքներ, կոշիկներ:

Կենցաղային տեխնիկայի կարիք ունեցողներին էլ հնարավորության դեպքում հատկացնում է անհրաժեշտ տեխնիկան՝ հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա և այլն: Որաշակի աջակցություն են ստանում նաև ուսանողները՝ կապված վարձավճարի հետ: Դեկտեմբերի 21-ին «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արծրուն Ավագյանը(նախագահ) և Մարատ Գրիգորյանը հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանի ուղեկցությամբ այցելեցին Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաք ու Ջրառատ գյուղ և հերթական աջակցությունը ցուցաբերեցին մի քանի ընտանիքի՝ Հաթերքից(6 անչափահաս երեխա), Եղցահողից(5 անչափահաս երեխա), Բերձորիցև այլն: Եղցահողցիներին հատկացվեց նաև հեռուստացույց:

Սիմոն և Արսեն Ամիրշատյան եղբայրներն Արցախի Շուշիի շրջանի Բերդաձոր ենթաշրջանի Եղցահող գյուղից են: 2016 թվականին միասին Քաշաթաղի շրջանի կամավորականների շարքերում մասնակցեցին Ապրիլյան պատերազմին: Մատաղիսում էին: Մասնակցել են նաև 2020թ. 44-օրյային: Արսենն ունի 5 երեխա: Դեկտեմբերի 21-ին Սաթենիկ դստեր ծննդյան օրն էր, և հարազատները հյուր էին եկել: Ցավով են պատմում՝ ինչ դժվարություններ են քաշել հատկապես այս տարվա ընթացում, երբ Բերդաձորը կտրված էր և’ Ստեփանակերտից, և’ Գորսից: Առավել դժվար է եղել բռնագաղթը. ոչինչ չեն կարողացել բերել: Արսենն այնտեղ է թողել նույնիսկ իր մեքենան՝ բենզին չլինելու պատճառով: Մեծ դժվարությամբ է դուրս բերել իր 5 փոքրիկներին: Ու ծնողների հետ կարոտով Եղցահողն են հիշում՝ հայրենի շեն ու լի տունը:

 -Հերթական, բայց ոչ վերջին պարտավորությունը կատարեցինք, -ասաց Գ. Մելիքյանը՝ -կարևորելով նաև այն, որ հնարավորինս պետք է հայրենական արտադրույան ապրանք՝ սնունդ, հագուստ, խաղալիք և այլն, գնվի և հատկացվի կարիքավորներին, որոնք, ցավոք, դեռ կան: Մինչ 2024թ. գալուստը, նոր այցեր նույնպես լինելու են:

 

   Զոհրաբ Ըռքոյան

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։