Image

Հուշաքարերի բացում Եռաբլուրում

1992թ. հունիսին Սյունիքի և ՀՀ տարբեր շրջանների կամավորականներից (հիմնականում ԱԻՄ-ականներ) ստեղծվեց «Սյունիք աշխարհազոր» կամավորական զորամիավորումը՝ Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) նախագահ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ: 1992-1993 թթ. «Սյունիք աշխարհազոր»-ի մարտիկները մասնակցել են ՀՀ և Արցախի պաշտպանական ու ազատագրական մարտերին: Հատկապես տեղակայված էին նոր ազատագրված Քաշաթաղի շրջանում՝ պաշտպանելով Կյանքի ճանապարհը, բացի այդ նաև ձեռնարկվել էր ազատագրված հայրենիքի պատմական բնակավայրերի վերաբնակեցումը: Այդ գյուղերից էր Հոչանցը, որտեղ 1992թ. հուլիսին տեղակայված էր ԱԻՄ-ի ջոկատներից մեկը:

1992թ. մայիսի 18-ին, չնայած ազատագրվել էին Լաչին-Բերձորն ու Զաբուխ-Աղավնոն, բացվել էր Կյանքի ճանապարհը, սակայն թշնամին դեռ տարածքում էր և հաճախ էր փորձում փակել միջազգայնորեն այսպես կոչված «Լաչինի միջանցք»-ը: Ու մեր ջոկատները հաճախ էին ստիպված մարտի մեջ մտնում թշնամու հանկարծակի հայտնված ռազմական ուժերի հետ: Թշնամուն 1992թ. հուլիսի 28-29-ին հաջողվեց գաղտագողի մոտենալ Հոչանց գյուղին, որտեղ նոր էին տեղակայմել ԱԻՄ-ի ջոկատի մարտիկները: Առավոտյան անսպասելի հարձակումը ծանր եղավ. 2 տասնյակից ավելի մարտիկ զոհվեցին: Նույն թվականի դեկտեմբերին դարձյալ Հոչանց գյուղի մոտ մեր մարտիկներն ընկան թշնամու ծուղակը: Ունեցանք զոհեր ու անհայտ կորածներ: 1992-93թթ ընթացքում «Սյունիք աշխարհազոր»-ից զոհվել է ավելի քան 50 ազատամարտիկ։ Երբ սկսվեց Քաշաթաղի վերաբնակեցման գործընթացը, առաջին վերահայացող բնակավայրերից էր Զաբուխը՝ Աղավնոն: Աիմավան-1, հետագայում Աղավնո կոչված գյուղի՝ 2002թ. արդեն կանգուն Սրբոց Նահատակաց եկեղեցու(ճարտարապետ՝ Բաղդասար Արզումանյան) կառուցումը նախաձեռնել է ԱԻՄ կուսակցությունն իր անդամների և բարերարների հովանավորությամբ, այդ թվում՝ ամերիկահայ Վահե Կարապետյանի։ 2002 թ. հուլիսին օծվեց սրբատունը՝ նվիրված Քաշաթաղի շրջանի տարածքում ազատագրական և ինքնապաշտպանական մարտերում զոհված ազատամարտիկների հիշատակին: 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կրկին հայաթափ եղավ նաև Քաշաթաղի շրջանը, սակայն Բերձորում ու Աղավնոյում դեռ բնակվում էին տեղի բնակիչները: 2 տարի նույնիսկ գործեց Աղավնոյի Գարեդին Նժդեհի անվան միջնակարգ դպրոցը, որտեղ 2022թ. մայիսի 26-ին կայացավ «Վերջին զանգ»-ի արարողություն:

Գործում էին նաև Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին և Աղավնոյի Սրբոց Նահատակացը, որոնցում կազմակերպվում էին հոգևոր արարողություններ: Սրբոց Նահատակացում 2021 թ. հոկտեմբերի 3-ին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, թեմի քահանաների, այդ թվում՝ Տեր Բենիամին քահանա Ծատուրյաին կողմից, Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանի կնքահայրությամբ, համայնքի 60 բնակիչ մկրտվեց:  2022թ. օգոստոսին հայաթափ եղան նաև Բերձոր և Աղավնո բնակավայրերը, փակվեց Գորիս-Ստեփանակերտ կյանքի ճանապարհը, և ընդամենը 1 տարի անց դատարկվեց ողջ Արցախը: Ինչպես գիտենք՝ թշնամի Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական եկեղեցիները կամ ավերվում են, կամ ենթարկվում ձևափոխման՝ իբր ալբանական են, ուդիական: Իսկ մնացած հուշարձանները՝ խաչքարեր, տապանաքարեր, հուշակոթողներ, անհատների հուշարձաններ և այլն, ենթարկվում են վանդալիզմի: Այս առումով, մինչ տարածքը թշնամուն հանձնելը, «Սյունիք աշխարհազոր»-ից զոհված տղաների հարազատների ու մարտական ընկերների, հատկապես հին աիմական ու քաշաթաղցի Մհեր Մազմանյանի, ով դեռևս պատանի, զինվորագրվել էր Արցախյան պատերազմին, և 1992թ․Հոչանցում նահատակված ազատամարտիկ Լյովա Կատվալյանի որդու՝ Մալաթիա-Սեբաստիա վարչ․ շրջանի նախկին ղեկավար Սաշա Կատվալյանի նախաձեռնությամբ,  հնարավոր եղավ Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցու մոտ տեղակայված հուշակոթող-սալաքարերը տեղափոխել Երևան։ Հուշակոթող-սալաքարերի վերին մասում «Նրանք հավերժ մեզ հետ են» խոսքն է, իսկ ներքևի մասում նահատակված ազատամարտիկների անուններն են քանդակված։ 4 հուշակոթող և մեկ նորաքանդակ խաչքար, որը դարձյալ նվիրված է նահատակ քաջորդիների հիշատակին, ՀՀ ՊՆ և Եռաբլուր զինվորական պանթեոնի տնօրենության աջակցությամբ, տեղադրվել են Եռաբլուրում: Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ հուշաքարերի բացման արարողությունը, որին ներկա էին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, նախկին ղեկավար Ս․ Կատվալյանը, «Սյունիք աշխարհազոր»-ի մարտիկ-ազատամարտիկներ, նահատակների հարազատներ, ընկերներ, բարեկամներ: Ներկաներին ողջունեց ԱԻՄ նախագահը՝ անդրադարձավ 30 և ավելի տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին, իր նախաձեռնությամբ Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցմանը, սրբատան բակում հուշակոթողների և խաչքարի տեղադրմանը: Նշեց՝ իր ղեկավարած զորամիավորումն առաջին ծանր հարվածն ստացել է 1992-ի հուլիսի 29-ին: Այդ օրը կորցրել են 24 հոգու, որից մեկը գերի էր ընկել, հետո վերադարձվեց: Սպանվածներից երկուսը կանայք էին: Հավելեց նաև՝ դեռևս այն ժամանակ են մամուլում և առանձին գրքերով անդրադարձել տեղի ունեցածի մասին: Ելույթից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշաքարերի մոտ, խնկարկեցին՝ ի հիշատակ նահատակ քաջորդիների հոգիների: Արարողությանը ներկա էր նաև Աշխարհազորի այն ժամանակվա երիտասարդ մարտիկներից Մհեր Մազմանյանը, ով 1992 թ. հուլիսի 28-ին տեղի ունեցած անսպասելի հարձակման ժամանակ ծանր վիրավորվել էր և մի կերպ էր դուրս եկել շրջափակումից: Հետագայում Մ. Մազմանյանը բնակություն հաստատեց Քաշաթաղի շրջանում: Երբ վերահայացավ Հոչանցը, և այստեղ բացվեց դպրոց, այն անվանակոչեցինք բանաստեղծուհի-մանկավարժ Ալվարդ Վարդանյանի անունով, ով այդ օրվա նահատակներից էր: Յուրաքանչյուր տարի՝ հուլիսի 28-ին, Հոչանցում կազմակերպում էինք հիշատակի արարողություն՝ նվիրված այդ օրը նահատակված մեր մարտիկներին: Ցավ է՝ այսօր դարձյալ հայաթափ է պատմական Հոչանց գյուղը, որտեղ կանգուն էր 17-րդ դարում կառուցված Սուրբ Ստեփանոս եկեղեցին՝ մոտակայքում միջնադարյան տասնյակ խաչքար ու տապանաքար, իսկ մոտակա ձորում պահպանվել էր ավելի վաղ շրջանի անապատ եկեղեցին: Ընթացքում Մհերի և նրա մարտական ընկերների հետ այցելեցինք 30-31 տարի առաջ Եռաբլուրում հուղարկավորված «Սյունիք աշխարհազոր»-ից նահատակների շիրիմներին: Տղերքը հիշողություններ պատմեցին այդ օրերի մասին և մեծ ցավ է՝ դարձյալ գերության մեջ է նրանց ազատագրած հող-հայրենին։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։