Image

Այսօր էլ մեզ պետք է ԱՍԱԼԱ ոչ միայն օտար ուժերի դեմ, այլև ներքին թշնամու դեմ  պայքարելու համար

«Ո՜վ նեմեսիսներ, պիտի շարունակենք ձեր կիսատ թողած գործը, բայց այս անգամ ոչ թէ վրիժառու փամփուշտները պիտի սատակեն թուրք ջարդարարները, այլ ազատագրութեան զէնքերն են, որ պիտի փշրեն թուրք ֆաշիզմն ու իմպերիալիզմը» /Լոզունգ «Հայաստան» պաշտոնաթերթի մէջ, թիվ 7, Ապրիլ 24, 1981թ, էջ 33/:

Մեջբերված լոզունգը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) գործունեության բարոյաքաղաքական հիմնավորումն ու հավատամքն է,  հույս արթնացնելու, ազգին  ուժ, կորով, ոգի, աներեր կամք   հաղորդելու ունակ հայրենասիրական մի կազմակերպության, որի ստեղծման 49-րդ տարին լրացավ հունվարի 20-ին: Լոռեցիները հավուր պատշաճի արդեն բազմաթիվ տարիներ նշում են ՀԱՀԳԲ-ի գործունեությանն  առնչվող հիշարժան տարեթվերը: Այս տարին ևս բացառություն չէր:

Հայաստանի «Ինտերկապ» ԲԿ-ի, ԵԿՄ մարզային կառույցի  համատեղ նախաձեռնությամբ   երախտիքի տուրքը վերստին  մատուցվեց Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում՝  ԱՍԱԼԱ-ի դյուցազն որդիների գործն ու հիշատակը հավերժացնող խաչքար- հուշակոթողի առջեւ։ Ի դեպ, այդ օրը միջոցառումը  վարող ասմունքի բազմավաստակ վարպետ Ջիվան Սարգսյանը հատուկ հիշեցրեց, որ խաչքար- հուշակոթողը բացվել է ուղիղ 10 տարի առաջ՝ բարերարությամբ Պողոս Հակոբյան, Վահե Միկիչյան և Ռազմիկ Մադարյան երախտագետ այրերի, օծմամբ՝ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և գերաշնորհ Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի: Այս տարի մասնակիցների թիվը առավել մեծ էր:  Մասնակցեցին դպրոցականներ ու ուսանողներ, ազատամարտիկներ, պատերազմի վետերաններ, հկ-ների, ձեռնարկությունների աշխատակիցներ, ԱՍԱԼԱ-ի մարտիկներ, քաղաքացիներ, հատուկ ընդգծենք՝ Գուգարաց թեմի մի մեծ խումբ հոգևորականներ՝ թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի առաջնորդությամբ: Խաչքար-հուշարձանի առջեւ դրոշներով պատվո պահակ էին կանգնել պատանի կամավորականները: Ձայասփյուռից հնչում էր ԱՍԱԼԱ-ի հերոսներին նվիրված նորաստեղծ]երգը, որը ոչ թե խրոխտ, ինչ-որ քայլերգային ռիթմերի շաղախ է, այլ խոնարհումով գնահատանքի պարզ ու անպաճույճ մի ձոն: Խոսքերի հեղինակը Կարո Վարդանյանն է, երաժտությանը՝ կոմպոզիտոր Արամ Սաթյանը:  Հոգեհանգստյան կարգ մատուցելուց հետո Նահատակաց պուրակում ներկաների համար երգը հրաշալի կատարեց  Վանաձորի պետական համալսարանի «Բիայնա» երգշախումբը, որը գործում է վաստակաշատ երաժիշտ, պրոֆեսոր Սերգեյ Հարությունյանի գլխավորությամբ:  Տերունական աղոթքով հոգեհանգստյան կարգը մատուցեցին հոգևոր հայրերը՝  Գուգարաց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ: Ավարտից հետո հենց նա էլ տպավորիչ խոսք ասաց և սիրով ներկայացրեց   լեգենդար բանակի գործունեության որոշ դրվագներ /200-ից ավելի գործողություններ,100-ից ավելի քաղաքական սպանություններ՝ միտված քնեած, կույր ու խուլ, հայոց եղեռնը մոռացած աշխարհին արթնության կոչելու, խորհել  մղելու ցեղասպանությունների ու դրանցից խուսափելու , կանխարգելելու ուղիների մասին: Այո, ի վերջո, աշխարհը լսեց Հայոց Ձայնը: Խոսեց այն դերի  ու նշանակության մասին, որ Բանակն ունեցել եւ ունի    նաեւ դժնդակ մեր այս օրերում:  Սրբազան հայրը հատուկ ընդգծեց . «Այսօր էլ մեզ պետք է ԱՍԱԼԱ ոչ միայն օտար ուժերի դեմ, այլև ներքին թշնամու դեմ  պայքարելու համար, որպեսզի ոչ ոք չհամարձակվի մտածել, որ մեր երկիրը ինչ որ անկլավ է»: Ո՞վ կասկածի տակ կարող է դնել առաջնորդի վստահությունը և առաջադրանքի պես հնչած սուրբ պատվիրանը՝ մեր երկիրը աստվածապարգև է, մենք Աստծուց ենք այն ժառանգել, պարտավոր ենք ամեն գնով պահել-պահպանել և անաղարտ հանձնել հաջորդ սերունդներին:

 Այդուհետ Ջիվան Սարգսյանը  հնարավորություն ընձեռնեց գնահատանքի ու արժևորման խոսք  ասելու ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԱՍԱԼԱ-ի գործունեության մասին եզակի, առասպելապատում «Պայթյուններ Թուրքիայում եւ ոչ միայն…» գրքի հեղինակ, անդրանիկագետ, բանասիրական գիտությունների թեկնածու  Կարո Վարդանյանին: Իրեն հատուկ իմացությամբ ու  համոզիչ փաստերով  բացառիկ  գնահատականի արժանացրեց Բանակի մարտիկների անօրինակ գործողություններն ու դրանցից բխող ցանկալի արդյունք-հետևանքները, 

Արցախյան հերոսամարտում մեր խենթ վրիժառուների անսասան մասնակցությունն ու քաջագործություններն էլ շաղկապված են եղել նրանց ոգու հետ: Կարեւորեց հատկապես կազմակերպության դերն ազգային ինքնապաշտպանական ոգու վերածնման գործում,  վստահություն հայտնեց, որ   հայոց արգանդը դեռ ծնելու է նման որդիներ, ովքեր վառ կպահեն քաջերի պարզած ջահը: Նման լավատեսությամբ շնչող խոսքերով էլ Ջիվան Սարգսյանն ազդարարեց միջոցառման ավարտը:

 

Խոսք՝ ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Երաժշտությունը՝ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԻ

Կատարում է ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ

 

ՀԱՎԵՐԺԻ ՈՒՂԻ

(ԱՍԱԼԱ-Ի նահատակներին)

 

Բոց ու կրակից ծնված ասպետներ,

Զենքը դարձաք զինաթափ ազգի,

Ձեզ ուժ տվողը Անդրանիկն էր մեր,

Եվ նա օրհնեց զարկը ձեր բազկի։

 

Պայթյունի նման կարճ էր կյանքը ձեր,

Ձեր սուրբ պայքարում մնացիք մենակ,

Կերտեցիք նորից զենքի փառքը մեր,

Փառքը, որ կոչվեց Հայ Գաղտնի Բանակ:

 

Հող ու մոխրից զատված փյունիկներ,

Թևը դարձաք թևաթափ ազգի,

Ձեր սեգ երամը սավառնեց միշտ վեր

Ու մեզ հանեց հավերժի ուղի:

 

Սուգ ու արցունք մերժած արծիվներ,

Հույսը դարձաք հուսահատ ազգի,

Զարկը ուժգին ձեր կայծակեց շանթեր,

Ու լույս բացվեց հայության ճամփին:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։