Image

Զոհված տղաները երկնքից կանչում են՝ վրե՛ժ․ «Վարդանանք» ջոկատի հրամանատար Մանվել Խաչատրյանի ծննդյան օրն է

Այսօր արցախյան բոլոր պատերազմների մասնակից, «Վարդանանք» ջոկատի հրամանատար, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին հանուն հայրենիքի նահատակված Մանվել Խաչատրյանի (Ճուտ) ծննդյան օրն է։

Այդ առիթով այսօր հերոսի անունը կրող հայրենասիրական հասարակական կազմակերպության բացման, ինչպես նաև ծննդյանը նվիրված միջոցառման արարողություն տեղի ունեցավ, որին ներկա էին հերոսի մարտական ընկերները, ջոկատի անդամները, ընտանիքի անդամները, հարազատները։

Հերոսի անունից պատվոգրեր հանձնվեցին ինչպես պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին, այնպես էլ մարտական գործողություններին մասնակցած անձնաց։

«Մենք էլի հաղթելու ենք։ Զոհված տղաները երկնքից կանչում են՝ վրե՛ժ»,- ասաց «Ազատամարտիկ ռազմահայրենասիրական» ՀԿ փոխնախագահ Ալլա Նիկողոսյանը։

Մանվել Միքայելի Խաչատրյան (հայտնի է՝ Ճուտ մականվամբ, հունվարի 19, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 13, 2022, Ջերմուկ, Վայոց Ձորի մարզ, Հայաստան), հայ ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն

Մանվել Խաչատրյանը ծնվել է Միքայել Խաչատրյանի և Ռուզաննա Սողոմոնյանի ընտանիքում, ավագ զավակն էր, ուներ երկու քույր՝ Գայանե Խաչատրյանը և Նարգիզ Խաչատրյանը։ Մանվելը եղել է անչափ ակտիվ և հայրենասեր երիտասարդ։ 1988 թվականին անչափահաս տարիքից, ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը։ Լինելով դպրոցական, կազմակերպել է դասադուլեր, մասնակցել ցույցերին և երթերին։

 

Ընտանիք

1999 թվականի դեկտեմբերի 11-ին ամուսնացել է Զարուհի Հարությունյանի հետ։ Ունեն երկու երեխա դուստրը՝ Ռուզաննան և որդին՝ Միքայելը։

1990-ի հունվարից մասնակցել է Երասխավանի ինքնապաշտպանական մարտերին։

Նույն թվականի մայիսի 27-ին՝ Նուբարաշենի խճուղում խորհրդային բանակի հետ ընդհարմանը։

Օգոստոսից՝ մասնակցել է Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար, Բաղանիս, Կոթի գյուղերի մարտական գործողություններին։

Հոկտեմբերից՝ Շամշադինի շրջանի Թոուզ, Նավուր, Քյոլագիր, Այգեպար, Չինարի գյուղերի ինքնապաշտպանական գործողություններին։

1991 Մարտից՝ Եղեգնաձոր շրջանի Գնիշիկ, Խաչիկ գյուղերի մարտական գործողություններին։

Մայիսից՝ Գորիսի շրջանի Խոզնավար, Կոռնիձոր, Խնձորեսկ գյուղերի մարտական գործողություններին։։

Օգոստոսից՝ Իջևանի շրջանի Աճարկուտ, Կիրանց, Բերքաբեր, Լալի, Այգեհովիտ գյուղերի պաշտպանությանը, միևնույն ժամանակ Սոֆլու, Բարխուդարլու, Խերմլու գյուղերի ազատագրական մարտական գործողություններին։

1992-ի հունվարից մասնակցել է Նոյեմբերյանի շրջանի Կոթի և Իջևանի շրջանի Կիրանց գյուղերի մարտական գործողություններին։

Մարտից՝ ԼՂՀ Շահումյանի շրջանի Կարաչինար, Մանասաշեն գյուղերի մարտական գործողություններին։

Մայիսից կամավոր զինվորագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի ԴՀԽ (Դիվերսիոն Հետախուզական Խումբ) հատուկ նշանակության ջոկատում և մասնակցել Շուշի-Լաչին օպերացիայի նախապատրաստական հետախուզական գործողություններին։

Մասնակցել է նաև Ջան Հասան, Քյոսալար գյուղերի ազատագրմանը, Լաչինի մարդասիրական միջանցքի բացմանը և հակառակորդի թափառող դիվերսիոն խմբերի ջախջախմանը։

Հունիսից մասնակցել է՝ Մարտակերտի շրջանի Մատաղիս, Կարմիրավան, Սեյսուլան, Հակոբ Կամարի, Փափրավենդ, Կուսապատ, Թալիշ, Պուշկին Յալ, Վերին Հոռաթաղ և Ներքին Հոռաթաղ, Մեհմաննա Դրնբոն, Չլդրան,Հարությունագոմեր գյուղերի պաշտպանությանը,որի ժամանակ նռնականետի երկու կրակոցով,շարքից հանեց մեր պաշտպանությունը ճեղքած հակառակորդի տանկը  և  վայր ընկնելով կոտրեց ձախ ձեռքը,սակայն չենթարկվելով մարտական ընկերների հորդորներին  և  չլքելով մարտադաշտը,շարունակել  է  մասնակցելՎանքի,Առաջաձորի,Մեծ Շենի,Վաղուհասի ինքնապաշտպանական  և  ազատագրական մարտերին։

Մասնակցել է Առաջաձորի, Մեծ Շենի, Վաղուհասի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, այնուհետև Ասկերանի շրջան Դահրազ,Աղբուլաղ, Գյուլափլու գյուղերի ազատագրական մարտական գործողություններին։

Հոկտեմբերից՝ Լաչինի շրջանի Սուս, Ղոջազ ռազմական մեծ նշանակություն ունեցող գյուղերի և հարակից բարձունքների ազատագրմանը,որտեղ հրետակեծության հետևանքով,արկի պայթյունից ստացել  է  բեկորային թեթև վնասվածքներ և  գանգուղեղային տրավմա։

1993-ի հունվարից մասնակցել է Գորիսի շրջանի Շուռնուխ, այնուհետև ԼՂՀ Մարտակերտի շրջանի Կարմիրավանի և Լենինավանի ազատագրման մարտերին, որից հետո Քելբաջարի շրջանի Յանշաղ, Չոփռլու գյուղերի ազատագրական մարտական գործողություններին, այնուհետև տարբեր հատվածներում մինչև պատերազմի հաղթական զինադադարը։

1996-ի հոկտեմբերից, որպես պատրաստի հետախույզ, ծառայության է անցել Հայաստանի ԶՈՒ N զ/մ-ի հետախուզական վաշտում՝ ջոկի, այնուհետև, որպես դասակի հրամանատար և մասնակցել Շամշադինի շրջանի՝ Ներքին Կարմիրաղբյուր, Արծվաբերդր, Մովսես, Այգեձոր, Պառավաքար գյուղերի պաշտպանությանը։

Զինվորական ծառայությունից զորացրվել  է  1998թ.-ին  սերժանտի զինվորական կոչումով։

2018 թվականից «ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ»-ի Միավորում

Հ/Կ-ի հետ համատեղ ղեկավարել է՝ «ԵՐԴՎՅԱԼ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ»-ի միություն Հ/Կ-ի Էրեբունու տարածքային բաժանմունքը։Շարունակելով ակտիվ համագործակցությունը մի շարք հասարակական կազմակերպությունների  և  Պաշտպանության Նախարարության հետ:Կազմակերպել  և  իրականացրել  է  տարբեր հայրենասիրական միջոցառումներ:Այցելել զորամասներ,ռազմամարզական վարժարաններ,նպաստել երիտասարդ  և  մատաղ սերնդի ճիշտ հայեցի դաստիրակությանը հայրենասիրական գաղափարի սերմանն ու ամրապնդմանը,ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը։

2020 թվականի Սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսելուն պես, հավաքագրելով իր ջոկատը և միանալով «Աշխարհազորային կամավորական ջոկատներ» Հ/Կ-ին մեկնում են Արցախի Հանրապետության Հադրութի շրջան Կարախանբեյլի գյուղ։ Թեժ մարտերի է մասնակցել, շրջափակման մեջ է ընկել կամավորների հետ,և իր գիտելիքների շնորհիվ ողջ ու առողջ դուրս են եկել։ Ապա հետ են քաշվել Մարտունու շրջան Ճարտար գյուղ։Պատերազմն ավարտվելուց հետո հետ են վերադարձել տուն առանց զոհեր ունենալու,մի քանի վիրավորներ ունենալով։

2021 թվականի օգոստոսի 25- ից մինչև նոյեմբերի 25-ը իր ջոկատի հետ ակտիվորեն մասնակցել է եռամսյա հավաքներին Կապանում, իրականացրել է մարտական հերթապահություն՝ Ներքին Հանդ գյուղի դիրքերում։

2022 թվականի ապրիլի 1-ից մինչև հուլիսի 1-ը մասնակցել են եռամսյա հավաքներին Ջերմուկում, իրականացրել է մարտական հերթապահություն Գորհայք գյուղի դիրքերում։

2022 թվականի սեպտեմբերի 13-ին իր ջոկատի կազմով մեկնել է Ջերմուկ ի համար մղվող ինքնապաշտպանության մարտերին մասնակցելու։ Նույն օրը երեկոյան ժամերին Դավագյոզ լեռան հատվածում զոհվել է ջոկատի 7 անդամների հետ միասին։

Այժմ նա և իր ջոկատի 5 անդամները գտնվում են Եռաբլուր պանթեոնում։

 

Պարգևներ

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է մի շարք մեդալներով և պատվոգրերով․

  • Հայաստանի Հանրապետության Մարտական Խաչ շքանշան
  • Արցախի Հանրապետության Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։