Լավագույն դասերն իրենց կյանքում
Հայաստանի Հանրապետության բանակը կազմավորվեց Արցախյան գոյամարտի տարբեր կամավորական ջոկատների միավորումով։ 1991 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով պաշտպանության առաջին նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Շատ չանցած՝ 1992թ․ հունվարի 28-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` դրանով իսկ ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Իհարկե՝ Հայոց բանակը հազարամյակների պատմություն ունի՝ սկսած Հայկ Նահապետի՝ Բելին հաղթելու օրվանից։ Այս մասին ասվեց նաև Երևանի Դավթաշեն վարչական շրջանի հանրակրթական դպրոցների համատեղ ցերեկույթի ժամանակ՝ նվիրված Հայոց բանակի 32-ամյա տարեդարձին։
Ցերեկույթը, որը կայացավ Դավթաշենի 2-րդ թաղամասում գործող Գևորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոցում, կազմակերպվել էր վարչական շրջանի աշխատակազմի կողմից։ Տոնական ցերեկույթին ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը տարածքի հանրակրթական 5 դպրոցների տնօրեններ․ Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանը, ծնողներ, ուսուցիչներ, այլ հյուրեր։ Ցերեկույթի սկիզբն ազդարարվեց բակում՝ նույն դպրոցների միջին ու բարձր դասարանների աշակերտների զինվորական շքերթով, որը ղեկավարում էր Ս․ Գևորգյանի անվան թիվ 198 ավագ դպրոցի զինղեկ, փոխգնդապետ Կարապետ Գևոևգյանը։ Ընթացքում կայացավ երդման արարողութուն, ինչպես նաև ինքնաձիգի քանդման-հավաքման ու զինվորական այլ վարժություններ։ Հայոց Զինված ուժերին նվիրված ցերեկույթի երկրորդ մասը կայացավ դպրոցի դահլիճում, որի բեմը ձևավորված էր համաձայն օրվա խորհրդի, իսկ էկրանին ցուցադրվում էին մեր բանակի անցած ճանապարհի մասին պատմող դրվագներ։ Դերասան Արմեն Քուշկյանը նշեց՝ Հայոց բանակը վաղնջական ժամանակներից է եղել ու մնում է մեր ժողովրդի պաշտպանն ու անցել է փառավոր ճանապարհ դարերի ընթացքում։ Իսկ վերջին պարտությունները ժամանակավոր են։ Գեղարվեստական մասին մասնակից եղան արդեն նաև կրտսեր տարիքի աշակերտները՝ ասմունքով, ազգագրական ու ռազմահայրենասիրական երգով, բանակի մասին ներկայացումներով։ Եվ ամենակարևորը՝ հավատ ներշնչեցին վաղվա օրվա հանդեպ։
Բացի վարչական շրջանի հանրակարթական դպրոցների սաներից, միջոցառմանը մասնակից եղան նաև Դավթաշենի վարչական շրջանի 4-րդ թաղամասում գործով Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաները։ Գեղեցիկ կատարումով հանդես եկան երգչախմբի և դհոլահարների խմբերը։ Իսկ նկարչական խմբի սաներն ընթացքում նկարում էին օրվա խորհրդին համահունչ, և արդեն պատրաստի նկարները նվիրեցին հյուրերին։ Ազգագրական պարային կատարումով ներկաներին ոգևորեց նաև «Մուշ» պարային համույթը։ Ելույթներից հետո ներկաներին ողջունեց, օրվա առթիվ շնորհավորեց Դավթաշենի վարչական շրջանի ղեկավար Ա․ Հովասափյանը՝ հայտնելով շնորհակալություն կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներին՝ կայացած ցերեկույթի համար։ Կարևորեց օրվա խորհուրդը՝ հավատ հայտնելով՝ ցերեկույթի ժամանակ հանդես եկած մեր երեխաներն ու պատանիները դառնալու են երկրի տերն ու բանակի նեցումը։ Ա․ Հովասափյանը, Աշակերտներին հայեցի դաստիարակության և ռազմահայրենասիրության գործում ցուցաբերած բարեղիխճ և նվիրված աշխատանքի համար, վարչական շրջանում գործող հանրակրթական դպրոցների զինղեկներին հանձնեց շնորհակալագիր։
Միջոցառումից հետո վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Մարիամ Մկրտչյանը նշեց, որ իր նպատակը դպրոցների միջև ամուր համագործակցությունն է, համախմբվածությունը։ Նա հավելեց, որ միջոցառմանը նպատակային ընդգրկվել էին նաև հանրակրթական դպրոցների աշակերտները, քանի որ այսպիսի միջոցառումները դպրոցականների մեջ ավելի են ամրապնդում սերը առ հայրենիք, ավելի են մոտեցնում մեր պատմությանը, ազգային արժեքներին, նրանց մեջ ակամա ձևավորվում է պետականամետ, հայրենասեր և հայրենատեր լինելու գաղափարը։ Այսպիսի միջոցառումները լավագույն դասերն են իրենց կյանքում։