Հայոց ԶՒ կազմավորման օրվա առթիվ
ՀՀ ԵԿՄ Էրեբունու տարածքային բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի սաներն իրենց հրամանատար, պահեստի ավագ ենթասպա Սամվել Խաչատրյանի ղեկավարությամբ հաճախ են հանդես գալիս Երկրապահի և այլ կառույցների կողմից կազմակերպված ռազմամարզական ու կրթամշակութային միջոցառումների ժամանակ։
Տարբեր առիթներով ներկա եմ եղել պատանի երկրապահների ելույթներին, և միշտ էլ նրանք աչքի են ընկել իրենց նվիրվածությամբ, պատրաստակամությամբ, կազմակերպվածությամբ։ Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32 ամյակին նվիրված՝ հունվարի 29-ին Էրեբունու պատանի երկրապահները հանդես եկան մարզական վարժանքներով՝ շարային, հրաձգություն օդամղիչ հրացանով, հակագազի օգտագործում և այլն։
Մինչ մարզական վարժանքների կատարումը, պատանի երկրապահները, ովքեր հիմնականում Էրեբունիում գործող թիվ 160 հիմնական դպրոցի աշակերտներն են, ինչպես նաև արդեն ուսանողներ, ծաղիկներ խոնարհեցին ԵԿՄ տարածքային բաժանմունքի բակում կանգուն հուշարձանի մոտ՝ նվիրված Արցախյան գոյամարտում մարտիրոսված քաջորդիներին։ Պատանի երկրապահներից Աննա Ճաղարյանը, ով մի քանի տարի է, ինչ ԵԿՄ պատանիների շարքերում է, ողջունեց միջոցառման մասնակիցներին, հակիրճ անդրադարձավ ՀՀ զինված ուժերի կազմավորման պատմությանը և կոչ արեց, որ բոլորն իրենց սրտերում վառ պահեն հայրենիքի ազատության ու պաշտպանության համար մարտնչած ու նահատակված քաջորդիների հիշատակը՝ մաղթելով՝ Հայոց բանակը միշտ կանգուն մնա։ Պատանի երկրապահների հրամանատարը գոհ մնաց իր սաների վարժանքներից, հատկապես՝ կրակայինից։ Կային լավ նշանառուներ։ Գրագետ էին գործածում նաև հակագազը։ Միջոցառման վերջում ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի սաները խոստովանեցին՝ լինելու են հայրենիքին նվիրված ու արժանի զավակներ։