Փոքրիկները՝ բանակին
Հայոց բանակի օրվան նվիրված բազում միջոցառումներ են կայանում այս օրերին հատկապես հանրակրթական դպրոցներում։ Երևանի Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցում հաճախ եմ ներկա եղել ռազմահայրենասիրական ու կրթակմշակութային ցերեկույթների, որոնք կայացել են տնօրենության աջակցությամբ, կազմակերպմամբ։ Հունվարի 30-ին իրենց պաշտպան-զինվորներին նվիրված ցերեկույթով հանդես եկան դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները՝ դասվար Գայանե Մաթևոսյանի գլխավորությամբ։
Դասվարն ասաց․ «2-րդ դասարանցիները Հայոց բանակի տոնին պատրաստվում էին վաղուց»։ «Մաղթում ենք զինվորներին բարի ծառայություն, և թող խաղաղություն լինի հայոց սահմանին» խոսքն էին գրել և ուղարկել ՀՀ ԶՈՒ N զորամաս՝ շնորհավորելով բանակի տոնը։ Հայոց երկրի միակ պահապան 32-ամյա ազգային բանակի օրվան նվիրված ցերեկույթին հրավիրված էին Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հայորդիներ Համլետ Հովհաննիսյանի և Արման Խաչատրյանի մայրերը։ Համլետն ու Արմանն սկզբում սովորել են թիվ 40 դպրոցում, որտեղ 2022թ․ սեպտեմբերի 1-ին նրանց նվիրված դասարաներ բացվեցին։ Ներկա էին զինվորականներ ՀՀ ԵԿՄ վարչության ներկայացուցիչներ՝ նախագահի գլխավորությամբ, Անմահ հերոսների հարազատներ, հոգևորականներ, հյուրեր։ Համլետի մայրը՝ Գոհար Կիրակոսյանը, աշխատում է նույն դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, եղել է նաև որդու դասղեկը։ Ցերեկույթին անդրադարձ եղավ նաև նույն պատերազմում նահատակվծ քաջորդիներ Վարդան Դավիթի Ամալյանի, Ժորա Սարգսի Սարգսյանի, Տիգրան Աշոտի Մանուկյանի, ինչպես նաև 2023թ․ Արցախում նահատակված Երվանդ Հովհաննեսի Թադևոսյանի մասին։ Ցերեկույթի սկզբում միջին դասարանցիների կողմից ներկայացվեց ՀՀ զինված ուժերի կազմավորման մասին: Փոքրիկներն իրենց ելույթներում՝ ասմունք ու երգ, հերոսներին նվիրված խոսքերով մեծարեցին նահատակ քաջորդիներին; Հակիրճ ներկայացրեցին կենսագրական տվյալներ։ Համլետ Աշոտի Հովհաննիսյանը ծնվել է 1994թ հոկտեմբերի 27-ին, Երևանում։ Ծառայում էր հատուկ նշանակության զորամասում, պայմանագրային հետախույզ էր, ջոկի հրամանատար։ Վերջին բարդ առաջադրանքին գնացել է կամավոր` լավ գիտակցելով, որ հնարավոր է` չվերադառնա։ Զոհվել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղի շրջանի հարավային թևի Սարատակ գյուղի մատույցներում՝ ԱԹՍ-ի հարվածից։ Թիվ. 40 հիմն․ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի տնտեսագիտությա ֆակուլտետը։ Փորձառու հետախույզ էր։ 2012-2014թթ. ծառայել է «Եղնիկներ» զորամասում: 2019թ. խաղաղասիրական առաքելություն է կատարել Սիրիայում։ 2016 թ. կամավոր մասնակցել է Ապրիլյան պատերազմին: Պարգևատրվել է Սիրիայում մարտական գործողություններին մասնակցության և խաղաղապահական առաքելության համար մեդալներով, իսկ հետմահու` ՀՀ նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալով։
Արման Խաչատուրի Խաչատրյանը ծնվել է 2001 թ. մարտի 7-ին, Երևանում: 2014 թվականից եղել է ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի անդամ: Ցուցաբերել է բարձր առաջադիմություն մարտական պատրաստության ընթացքում: Հայոց բանակ զորակոչվել է 2019թ. ամռանը՝ ծառայության անցնելով Մարտակերտի շրջանի Հորաթաղ գյուղում՝ որպես տանկի նշանառու: 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ, տեղափոխվելով Մատաղիս, մասնակցել է ծանր մարտերին: Նահատակվել է հոկտեմբերի 13-ին՝ օգնության հասնելով զինակից ընկերներին։ Ժորա Սարգսի Սարգսյանը Հայոց բանակ էր մեկնել 2019թ․ հուլիսի 15-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից։ Նույն թվին էր ավարտել Բերձորի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ թիվ 1 դպրոցը։ Չհասցրեց որևէ տեղ ընդունվեր։ Լավ ֆուտբոլ էր խաղում։ Նույն դպրոցի և Բերձորի քաղաքային թիմի անդամ էր և միշտ աչքի էր ընկնում իր լավ խաղով, անպայման խփած գոլով։ Որոշել էր ծառայությունն ավարտելուց հետո մտածել արհեստավարժ ֆուտբոլիստ դառնալու մասին։ Հերոսաբար նահատակվել է 2020-ի հոկտեմբերի 23-ին, հուղարկավորված է Եռաբլուրում:
2001թ. հունվարի 18-ին է ծնվել Վարդան Ամալյանը՝ ճանաչված երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի ավագ որդին: Լինելով ազատամարտիկ ու Հայաստանի հերոս Դուշման Վարդանի զինվորն ու զինակիցը՝ Դավիթն իր առաջնեկին Վարդան կոչեց՝ ի հիշատակ 1992թ․ հուլիսի 3-ին Արցախի Միրուշեն գյուղում նահատակված հրամանատար-զինակցի։ Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասում գործող Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցի(Վարդանի անվան դասարան կա այս դպրոցում) 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջի ռեժիսուրայի բաժինը։ Քոլեջն ավարտելուց հետո՝ 2019 թ., ընդունվել էր Երեւանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի բռնցքամարտի բաժին, սակայն այդպես էլ չհասցրեց դասի գնալ։ Ամռանը զորակոչվեց հայոց բանակ և ծառայության անցավ Արցախում: Պատերազմի ողջ ընթացքում մասնակցել է մարտերին։ Նոյեմբերի 7-ին բարձրացրել էին Ավագ Վարդանի ազատագրած Շուշիի մատույցներ, այդտեղ էլ զոհվել էր Վարդանը։ Հուղարկավորված է Դուշման Վարդանի շիրիմի մոտ՝ Եռաբլուրում: Տիգրան Աշոտի Մանուկյանը ծնվել է Սիսիանում 2000թ. ապրիլի 12-ին:
Զինվորական պարտականությունը կատարում էր Արցախի պաշտպանության բանակում՝ ծառայելով Ջրականի զորամասում: Զոհվել է 2020թ. հոկտեմբերի 3-ին: Հերոսին վայել հուղարկավորել են Սիսիան քաղաքի զինվորական պանթեոնում: Երվանդ Հովհաննեսի Թադևոսյանը ծնվել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում 2003 թ․ մայիսի 27-ին։ Հաճախել է Բերձորի Վ․ Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Հիմնական կրթությունն ավարտել է 2018 թվականին։ Զորակոչվել է Քաշաթաղի զինվորական կոմիսարիատից։ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո Երվանդ Թադևոսյանի ընտանիքը՝ որպես բռնի տեղահանված ընտանիք, ապաստան է գտել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում՝ շարունակելով պահպանել Արցախի Հանրապետության քաղաքացիությունը։ Միջնակարգ կրթություն Երվանդն ստացավ Արարատի մարզի Այնթապ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Ծառայում էր Արցախում: Հերոսաբար նահատակվել է 2023թ. հուլիսի 28-ին: Հուղարկավորված է Եռաբլուրում: Ցերեկույթն ավարտվեց դպրոցի տնօրենի ամփոփիչ խոսքով: Գոհունակություն հայտնեց կայացած հանդեսի համար և շնորհակալություն՝ նահատակ հերոսների ծնողներին: