Մշակույթը նույնպես զենքի տեսակ է
Հունվարի 29-ին, ՀՀ բանակի կազմավորման օրվա առթիվ, Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում, կայացավ «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարի հերթական «Պատվո արահետ» փաստագրական ֆիլմը, որի սցենարի հեղինակն ու ռժիսորը Սամվել Թադևոսյանն է։ «Խոնարհ հերոսներ», «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարերն ազատամարտիկ-ռեժիսոր Սամվել Թադևոսյանի այն ստեղծագործություններն են, որոնց միջոցով ճանաչում ենք Արցախյան գոյամարտերի ողջ ու նահատակ շատ իրական հերոսներին։
«Պատվո արահետ» կինոպատումը նվիրված է Արցախյան երեք պատերազմների մասնակից, ՀՀ և ԱՀ «Մարտական խաչ» երկրորդ և առաջին աստիճանի Ասպետ, բազում այլ պարգևների արժանացած գնդապետ Նորայր Ասլանյանի մարտական ուղուն և բացառիկ սխրանքներին։ Լեցուն դահլիճում «Պատվո արահետ»-ի ցուցադրությանը ներկա էին գնդապետ Ն․ Ասլանյանի հարազատները, մարտական ընկերներ, աջակիցներ, տեղահանված արցախցիներ, մշակույթի ու արվեստի գործիչներ, այլոք։ Մինչ ֆիլմի ցուցադրումը, եղան ելույթներ։ Ֆիլմի խմբագիր Սամվել Հարոյանն իր խոսքում ներկայացրեց 63 կինոպատումների հեղինակ, Հայաստանի կինոգործիչների միության անդամ, սցենարիստ ու ռեժիսոր Սամվել Թադևոսյանին։ Խոսելով ներկայացվող ֆիլմի մասին ասաց․ «Յուրաքանչյուր հայ երիտասարդ պարտավոր է իմանալ մեր հերոսներին, և նրանց անցած ուղին պետք է ուղենիշ լինի երիտասարդների համար։ Արցախում ծնված Նորայր Ասլանյանն այդ հերոսներից մեկն է, ով սովորել է նաև Ռուսաստանի զինվորական ակադեմիաներում և ունի մարտական հարուստ ուղի։ Այդ ընթացքում կարողացել է համախմբել իր զինակիցներին, ռազմի դաշտում գործել անվրեպ և միշտ անառիկ պահել իր դիրքերը»։
Անդրադարձ եղավ, որ 2021 թվականից Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի անվտանգության վարչության պետի տեղակալ, գնադապետ Նորայր Ասլանյանը հանիրավի հինգ ամիս կալանքի տակ մնալուց հետո այժմ գտնվում է տնային կալանքում։ Ֆիլմի հեղինակի նպատակն է՝ որ բոլորը ճանաչեն Նորայր Ասլանյան հերոսին, և ազգովի տեր կանգնենք մեր արժեքներին, որից ամենակարևորը մարդն է։ Ինչ վերաբերում է գնդապետ Ն․ Ասլանյանին, նա արժանավոր հայորդի է ու զինվորական։ Գնդապետի եղբայր Հայկ Ասլանյանի ասելով հայրենիք ունենալու համար պետք է կրենք այն պահելու հատկանիշներ, պետք է իմանանք՝ ում հետ պետք է ձևավորվի հայրենապահությունը։ Իսկ եղբայրը՝ Նորայրը, այդ անհատներից է ու կարող է համախումբ պահել հայրենիքի նվիրյալներին։ Ֆիլմի ընթացքում ցուցադրվեցին մարտական պահեր, որոնց մասնակից է Նորայրն իր զինակիցներով։
Իրենց մարտական ընկերոջն են ներկայացնում ծառայակիցները՝ փոխգնդապետներ Գարիկ Գրիգորյանը, Իվան Պողոսյանը, Արցախյան գոյամարտի առաջին հրամանատարներից Արկադի Կարապետյանը՝ Ագոն, մարտական և այլ հանգամանքներում Նորայրին ճանաչողներ Նաիրի Սարգսյանը, Վահագն Պողոսյանը, այլոք։ Բոլորի խոսքում մեծարվում է Նորայրը՝ որպես մարդ ու զինվորական, հրամանատար ու հայրենիքի պաշտպան։ Նորայր Նելսոնի Ասլանյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական հրամանատար է, ով Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչև 2022 թվականները, պաշտպանել հայրենի սահմանները, իսկ այսօր նա բոլորիս աջակցության կարիքն ունի։ «Պատվո արահետ»-ը ներկաների կողմից ընդունվեց ծափողջույններով։ Հեղինակը շնորհակալություն հայտնեց իր թիմին։ Ցուցադրությունից հետո շատերն էին մոտենում Ս․ Թադևոսյանին, շնորհավորում կայացած ֆիլմի առթիվ, հայտնում շնորհակալություն։