Image

Խաղաղապահը թուրք զինվորականի կերպարո՞վ

ՆԱՏՕ-ի խնդրանքով Թուրքիան հատուկ նշանակության ուժերի գումարտակ է ուղարկել Կոսովո։ Արդեն իսկ այնտեղ է գտնվում 65-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարական գումարտակի առաջին շարասյունը։ Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ ստորաբաժանումը կտեղավայվի ինքնահռչակ հանրապետությունում գտնվող «Սուլթան Մուրադ» զորանոցում։ Նշենք, որ օրեր առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը հայտարարել էր, որ դաշինքի 700 զինվորականներ տեղակայվելու են Կոսովոյում։ Ստոլտենբերգը նաեւ նշել էր, որ ՆԱՏՕ-ն կբարձրացնի զինվորականների եւս մեկ գումարտակի պատրաստության մակարդակը, որպեսզի նրանք պատրաստ լինեն տեղակայվելու Կոսովոյում:

Անդրադառնալով իրավիճակի սրման հանգամանքներին, նշենք որ Կոսովոյի եւ Մեթոխիայի հյուսիսային շրջանում իրավիճակը սրվել է մայիսի 26-ին, երբ ալբանացի քաղաքապետները փորձել են ստանձնել իրենց պաշտոնները մի շարք մունիցիպալիտետներում, որտեղ բնակչության մեծամասնությունը սերբեր են: Ապրիլին սերբերը բոյկոտել էին ընտրությունները, ինչի պատճառով ընտրություններին մասնակցությունը կազմել էր 3,47 տոկոս։ Կոսովոյի ոստիկանության հատուկ ջոկատայինները փորձել են ապահովել ընտրություններում հաղթած մունիցիպալիտետների ղեկավարների մուտքը վարչական շենքեր (Զվեչան, Զուբին-Պոտոկ, Լեպոսավիչ մունիցիպալիտետներում), ինչից սկսվել են տեղի բնակիչների բողոքի ակցիաները, որոնք հետագայում վերաճել են բախումների։ Ֆրանսիան, Գերմանիան, Հյուսիսային Մակեդոնիան հանդես են սերբերի մասնակցությամբ նոր քաղաքային ընտրություններ անցկացնելու առաջարկով, սակայն Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կասկածում է, որ կրկնակի ընտրությունների անցկացումը կնպաստի լարվածության կարգավորմանը։

Սերբիայում եւ մասնավորապես Կոսովոյում իրավիճակի սրումը սպասելի էր, զարգացումները հուշում էին, որ վաղ թե ուշ լարվածությունը հասնելու է այն աստիճանի, որից հետո շահագրգիռ կողմերը փորձելու են ամրապնդել իրենց ներկայությունը տարածաշրջանում տարբեր ձեւաչափերով՝ սկսած ռազմականից։ Ուշագրավ է, որ Արեւմուտքի համար «ոստիկանի» դերում հանդես է գալիս Թուրքիան։ Թուրքական բանակի մուտքը տարածաշրջան կարելի է պատմական համարել նրանով, որ երկար ընդմիջումից հետո սուլթանի կերպարում ներկայացող Էրդողանը վերադարձնում է իր երկիրը Բալկաններ։ Եթե Արցախյան երկրորդ պատերազմը հնարավորություն տվեց «սուլթանի» մուտքը Անդրկովկաս, ապա թուրք զինվորականը Բալկաններում հաստատվում է Կոսովոյում «կարգուկանոն» հաստատելու անվան տակ։ Նման հանգամանքը պետք է մտահոգիչ լիներ նաեւ Եվրոպայի համար, սակայն ինչպես տեսնում ենք այսրոպեական շահերը գերակա են համարվում հեռանկարային ապագայում Թուրքիայի կշռի եւ ազդեցության մեծացման վտանգի առջեւ։ Այդ համատեքստում Թուրքիան ի դեմս Էրդողանի իր աշխարհաքաղաքական հավակնություններն է նյութականացնում։ Չմոռանանք, որ նա միջազգային գերտերություն դառնալու հայտ էր ներկայացրել։ 

Տխուր զուհագեռներ կարելի է անցկացնել մեր տարածաշրջանի հետ, որտեղ նույնպես Արեւմուտքի համար կենսական նշանակության գոտում խաղաղապահի մուտքը լինելու է թուրքական զինվորականի տեսքով։ Հետեւաբար սին են այն հույսերը, թե ռուսական զորքերի հեռանալով խաղաղապահ առաքելություն իրականացնելու նպատակով տարածաշրջան կգան քաղաքակիրթ եվրոպական պետություններից որեւէ մեկի կամ մի քանիսի զինված ուժերի ներկայացուցիչները․ «խաղաղապահն» ունենալու է թուրք զինվորի կերպար։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։