Ինչպիսի՞ պետության օգտին քվեարկեց թուրքական էլեկտորատը

Երբ պետության դիվանագիտության ոլորտը գլխավորում է հետախուզության ղեկավարը
Որպեսզի կանխատեսվի, թե ինչպես կփոխվի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Էրդողանի վերընտրվելուց հետո, պետք է ի մի բերվի, թե ինչին է կողմ քվեարկել թուրքական հասարակությունը: Ընտրարշավի ժամանակ Էրդողանի քաղաքական թիմը շեշտը դրեց տնտեսության ռազմական բաղադրիչի վրա, որը նրա կառավարման տարիներին իրոք աննախադեպ ծավալների է հասել: Էական անկում ապրած տնտեսական ոլորտի խնդիրները դրանով հաջողվեց եկրորդ պլան մղել և, ըստ էության, դուրս թողնել թուրքական էլեկտորատի ընտրության առաջնային չափանիշներից:
Երկրորդ խաղաքարտը, որը հաջողությամբ օգտագործվեց՝ Սիրիայում, Իրաքում և Արցախում Թուրքիայի «հաղթանակներն» էին՝ որը մատուցվեց «ուժեղ Թուրքիա» սոուսի ներքո: Արդյունավետությամբ օգտագործվեց նաև հակաամերիկյան խաղաքարտը՝ հաշվի առնելով թուրքական հասարակության մեջ՝ նույն էրդողանի վարչախմբի ձևավորած նմանատիպ տրամադրությունները:
Վերոշարադրյալից միանշանակ կարելի է գալ եզրահանգման, որ այդ երկրի քաղաքացիները քվեարկել են Թուրքիայի հետագա ռազմականացման, ագրեսիվ ու ծավալապաշտական արտաքին քաղաքականության օգտին: Հետևաբար՝ այդ երկրի քաղաքական ղեկավարությունն առաջիկա 5 տարիներին կրկին շեշտը դնելու է արդյունաբերության ռազմական ոլորտի զարգացման, սպառազինության մեծացման վրա, իսկ արտաքին քաղաքականությունում փորձելու է զարգացնել ծավալապաշտական ձգտումները:
Այդ մասին են խոսում նոր ձևավորված կառավարությունում արձանագրված փոխատեղումները: Թուրքիայի ազգային հետախուզության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելը պայմանավորված է հենց այդ՝ ապագայում վարվելիք արտաքին քաղաքականության հիմնական շեշտադրումով: Անկարան փաստորեն դիվանագիտության ոլորտի ղեկավար է նշանակում անվտանգության կառույցի ղեկավարին, ինչն առավել քան խոսուն փաստ է: Այն փաստում է առաջին հերթին տարածաշրջանում և աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակի՝ էլ ավելի լարման հեռանկարի մասին: Մյուս կողմից էլ էրդողանը ուժեղացնում է նաև իր անվտանգությունը՝ սեփական խոսնակին և արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընին նշանակելով ազգային հետախուզական ծառայության ղեկավար:
Թուրքիայի արտաքին քաղաքականության այս առաջնահրեթություններն առաջիկայում իրենց վրա զգալու են առաջին հերթին նրա հարևան պետությունները, որոնց թվում է նաև Հայաստանը: Այս նոր իրաղությունների դիտարկումը մեզ համար կարևոր են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններն արդյունավետ առաջ տանելու համար, քանզի միանշանակ կանխատեսելի է, որ Թուրքիան դրանք կփորձի օգտագործել իր ծավալապաշտական նպատակները քողարկված և բացեիբաց առաջ տանելու քաղաքականության համար՝ նաև այդ նպատակին ծառայեցնելով Ադրբեջանին: