Թուրանի կառուցումը մնում է թուրքական քաղաքականության հիմնաքարը

Թյուրքական աշխարհում գերիշխող դիրքն ամրապնդելու Էրդողանի նպատակը շարունակելու է գերակա լինել Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգում։ Թուրանի կառուցումը թուրքական քաղաքականության հիմնաքարերից մեկն է, եւ այդ համատեքստում այն բախվելու է հայ-իրանական կենսական շահերին՝ միաժամանակ համընկնելով հակաիրանական քաղաքական գիծ որդեգրած երկրների շահերին։ Նորություն չէ, որ այդ ճանապարհին ընկած առաջին «պատնեշը» Հայաստանն ու հայկական գործոնն է, որի «խաղից դուրս» կարգավիճակում հայտնվելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում։
Պանթուրանական գաղափարի առաջնայնությունն ընդգծվեց նաեւ Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ․ գորգը ոչ թե կարմիր էր, ինչպես կարելի էր սպասել, այլ «փիրուզագույն», որը կիրառվում է թյուրքական ժողովուրդների կողմից, նրանց պետական դրոշների, ինչպես նաեւ «Գորշ գայլեր» ազգայնամոլական եւ Թյուրքական պետությունների կազմակերպությունների դրոշների վրա։ Վերջինս հիշեցնում է թյուրքական խագանատի դրոշը, միայն այն տարբերությամբ, որ բաց երախով գայլի գլխի փոխարեն ԹՊԿ-ի դրոշին պատկերված է կիսալուսինն աստղով։ Թյուրքական աշխարհի կարեւորության մասին էր հուշում առաջին շարքում նստած պետությունների ղեկավարների ընտրությունը։ Նշենք, որ թյուրքական աշխարհում որոշակի գույներ կիրառվում են աշխարհաքաղաքական սիմվոլիզմի շրջանակներում, այսպես՝ կարմիր գույնը փոխկապակցված է հարավի հետ, արեւելքը՝ «փիրուզագույնի» (կապտականաչ երանգ), հյուսիսը՝ սեւի, իսկ արեւմուտքը՝ սպիտակի (դեղին):
«Մեծ Թուրան» նախագծի կյանքի կոչման շրջանակներում կարելի է դիտարկել նաեւ Ազգային հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի նշանակումը ԱԳ նախարարի պաշտոնում, որը համարվում է այդ գերատեսչության ամենահաջողակ ղեկավարներից մեկը։ Թուրքական հետախուզությունը՝ Ֆիդանի գլխավորությամբ, ակտիվորեն առաջ է մղել «Մեծ Թուրան» նախագիծը, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում, հետեւաբար կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ նախագիծն այսուհետ ոչ միայն շարունակվելու է, այլեւ ավելի ակտիվորեն կյանքի կոչվելու ։ Ֆիդանի թեկնածությունը «հարմար» է նաեւ Էրդողանին փոխարինող դառնալու առումով՝ հաշվի առնելով նորընտիր նախագահի առողջական վիճակի շուրջ եղած խոսակցությունները։
Իսկ «թուրքական դարաշրջանին» ընդառաջ Թուրքիան մետաստազների նման փորձում է տարածվել բոլոր այն երկրներում, որտեղ բնակվում են թյուրքական ծագում ունեցող քաղաքացիներ։ Օրեր առաջ Սանկտ Պետերբուրգում Անվտանգության դաշնային ծառայության սպաները բացահայտել են մասնավոր իսլամական դպրոց, որի նպատակը «Մեծ Թուրան» ստեղծելու համար համապատասխան կադրերի պատրաստումն է եղել։ Ուսումնական հաստատությունը կազմակերպել են երեք օտարերկրյացիներ, որոնցից երկուսը Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիներ են եղել։ «Դպրոցի» «ծխականներին» ներգրավել են թուրքական կրոնական-ազգայնական «Suleymancilar» կազմակերպության մեջ։
Դանիլեւսկու անվան ռուս-սլավոնական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բուրենկովը գրում է, որ պանթուրքիստական գաղափարներն ակտիվորեն քարոզվում են նաեւ ուսանողների շրջանում։ Բացի այդ, Թուրքիան հասկանում է հետխորհրդային տարածքում ապագա թուրքամետ էլիտայի ստեղծման կարեւորությունը եւ ակտիվորեն խրախուսում է այդ երկրների երիտասարդների կրթությունը Թուրքիայում։ «Ղազախստանից տարեկան միջինը 10 հազար թեկնածու է դիմում Թուրքիայում սովորելու համար, իսկ այս տարի Թուրքիայի արտասահմանյան հայրենակիցների եւ հարազատ համայնքների գրասենյակի կողմից իրականացվող կրթաթոշակային ծրագրի շրջանակներում ռեկորդային թվով հայտեր են ներկայացվել»,- մանրամասնում է Բուրենկովը: Արձանագրելով հանդերձ առկա մարտահրավերները, որն է՝ Թուրքիայի կողմից հետխորհրդային տարածքը «խլելու» մտադրությունը, ինստիտուտի տնօրենը ոչ միանշանակ լուծում է առաջարկում․ «Ռուսաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու համար, որպեսզի այնտեղ վերահսկի Թուրքիայի գործունեությունը եւ այդ կազմակերպությունը վերածի ռուս-թուրքական միության, ինչպես նաեւ զարգացնի երկկողմ հարաբերությունները թյուրքական պետությունների հետ, ներդրումներ կատարի նրանց տնտեսություններում եւ զարգացնի համատեղ նախագծեր»։ Մնում է միայն նշել, որ թուրքի հետ հարաբերվելու առումով պատմությունից ոչ միայն մենք, այլեւ ռուսները դասեր չեն քաղում։