Թուրքիայի հայացքը կրկին Կիպրոսի ուղղությամբ է
Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանն իր առաջին այցը կատարել է ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»: Դրանով նա ընդգծել է արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունը։ Ինքնահռչակ «հանրապետության» ղեկավար Էրսին Թաթարը հայտարարել է, որ Էրդողանի ժամանումը կդառնա «ուղերձ համաշխարհային հանրությանը»։ Նշենք, որ այդ ուղերձը նոր չի հնչում, Հայաստանի, այդ թվում՝ Արցախի նկատմամբ իրականացրած ռազմական ագրեսիայից եւ հաջողություններ գրանցելուց հետո, Էրդողանը անթաքույց սպառնում է Հունաստանին եւ Կիպրոսին։ Արեւմտյան ուղղությամբ ծավալվելու մտադրությունը ժամանակավորապես սառեցվել էր նախորդը «մարսելու» եւ ընտրություններին հերթական նվաճողական քայլերի համար «քվե» ստանալու նպատակով։
Էրդողանը հունիսի 12-ից կայացած այցի ժամանակ հայտարարել է, որ «Կիպրոսի թուրքերը երբեք փոքրամասնություն չեն եղել» եւ, որ «Կիպրոսի հարցով բանակցություններին վերադառնալու պայմանը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչումն է»։ Հայտարարության երկու բաղադրիչն էլ հստակ քայլեր է ենթադրում․ նախ՝ փոքրամասնություն չլինելու հարցը լուծելու թուրքերը լավ գիտեն «կարգավորել»։ Դա ենթադրում է, որ Թուրքիան նախատեսում է փոխել տվյալ շրջանի ժողովրդագրական պատկերը, մի կողմից՝ թուրքերով բնակեցնելու եւ մյուս կողմից՝ այնպիսի պայմաններ ստեղծելով, որի հետեւանքով բնիկ հույները կհեռանան։ 1974-ին, բռնազավթելով Կիպրոսի հյուսիսային հատվածը, Թուրքիան դիմեց էթնիկական զտումների՝ թուրք փոքրամասնությանը դարձնելով մեծամասնություն եւ փոխելով կղզու հյուսիսի էթնիկական հարաբերակցությունը: Մեթոդը հին է, այդպես հայաթափվել է Արեւմտյան Հայաստանը, նման ճակատագրի է արժանացել Նախիջեւանը եւ ներկայումս այդ վտանգը սպառնում է Արցախին, իսկ Արցախը չփրկելու պարագայում՝ ամբողջ Հայաստանին։ Ի դեպ, Էրդողանի երկրորդ այցը Ադրբեջան էր։ Թուրքիայում հատկապես 2020թ-ի պատերազմից հետո Ադրբեջանը համարում են իրենց պետության անբաժանելի մասը։ Այդ ընկալումներն առկա են ինչպես պետական գործիչների, այնպես էլ՝ հանրային ընկալումներում։ Թուրք գրող, լրագրող Մուրադ Աքանը «Yeni Şafak»-ի հետ զրույցում նշել էր, որ Էրդողանի Ադրբեջան կատարած պետական այցը թյուրքական Կենտրոնական Ասիան վերակենդանացնելուն ուղղված քայլ է եւ «երկու եղբայրական երկրների համագործակցությունը արժեքավոր ներդրում կունենա թյուրքական աշխարհում»։ Այլ կերպ ասած, Ադրբեջանը գործիք եւ միջոց է Թուրքիայի համար «Մեծ թուրան» նախագիծը կյանքի կոչելու ճանապարհին։
Վերադառնալով Կիպրոսի խնդրին, նշենք, որ կղզու հյուսիսային հատվածի ռազմական օկուպացիան դադարեցնելու կոչով հունիսի 13-ին Եվրախորհրդարանի (ԵՊ) լիագումար նիստում հանդես էր եկել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը։ Հիմնախնդրի լուծումը նա տեսնում է «դաշնային հատկանիշներով Եվրոպական միություն» գնալը, քանի որ «դա պահանջում է իրենց ներկայիս շահը»։ Նիկոս Խրիստոդուլիդիսի կարծիքով, թուրքական ռազմական ներկայության վերացումը հակամարտության միակ կենսունակ լուծումն է, եւ այդ նպատակին հասնելու համար ԵՄ-ն պետք է կատարի իր հիմնական դերը, իսկ ԵՄ դիվանագիտությունը Կիպրոսի հարցը պետք է դիտարկի նոր հարթությունում։ Նա նաեւ նշել է, որ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ռազմական օկուպացիան խոչընդոտում է միգրացիայի կառավարմանը, քանի որ Կիպրոս ժամանող միգրանտների 90 տոկոսը գալիս է Թուրքիայից։ Կիպրոսի նախագահը կոչ է արել նաեւ «եվրոպական մակարդակով համակարգված արձագանք» ցուցաբերել միգրացիայի կառավարման ոլորտում՝ հիմնված համերաշխության եւ միգրանտների հավասար բաշխման սկզբունքի վրա։
Հիշեցնենք, որ 1974 թվականի հուլիսի 20-ին թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս, իսկ նույն տարվա օգոստոսի 15-ին թուրքերը գրավեցին Ֆամագուստան։ Ռազմական ներխուժման արդյունքում կղզին առայսօր բաժանված է երկու մասի՝ հունական եւ թուրքական օկուպացիայի տակ գտնվող հյուսիսային հատվածի։ Կղզու բռնազավթված 37 տոկոս տարածքի վրա 1983-ին թուրքական համայնքը հայտարարեց այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» ստեղծելու մասին, իսկ Թուրքիան դարձավ աշխարհում միակ երկիրը, որը ճանաչեց ինքնահռչակ հանրապետության անկախությունը: Կղզու հունական մասում հուլիսի 20-ը համարվում է սգո օր, մինչդեռ Կիպրոսի բռնազավթված հատվածի համար տոնական է եւ պաշտոնապես նշվում է որպես «Խաղաղության եւ ազատության օր»։