Image

ԱՄՆ-ի խաղադրույքը Հնդկաստանի վրա է

Միացյալ Նահանգներ-Չինաստան մրցակցությունը հետաքրքիր զարգացումներ է գրանցում․ ուղիղ առճակատման մեջ մտնելու փոխարեն Միացյալ Նահանգները նախընտրում է տարածաշրջանում ապահովել այնպիսի երկրորդ ուժի առկայություն, որը լիարժեք կմրցակցի Չինաստանի հետ կամ/եւ կհակակշռի վերջինիս։ Հնդկաստանն արդեն իսկ խոշոր խաղացողի հայտ է ներկայացրել աշխարհաքաղաքական եւ տնտեսական հարթակներում։ Անցած տարվա սեպտեմբերին հրապարակված Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, Հնդկաստանն աշխարհի հինգերորդ խոշոր տնտեսությունն է ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Գերմանիայից հետո՝ առաջ անցնելով Մեծ Բրիտանիայից։ Ինչ խոսք, միջազգային քաղաքական թատերաբեմում նոր որակով Հնդկաստանի մուտքը էապես կփոխի քաղաքական խճանկարը եւ ուժերի դասավորությունը։ Դրա համար ասիական այս երկրի համար պայքարը կենսական է դառնում։

Այսօր Սպիտակ տունը հրապարակել էր ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի կառավարությունների համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է հունիսի 22-ին  երկու երկրների ղեկավարների՝ նախագահ Ջոզեֆ Բայդենի եւ վարչապետ Նարենդրա Մոդիի բանակցությունների արդյունքների հիման վրա։ Դրանից պարզ է դառնում, որ Միացյալ Նահանգներն աջակցում է բարեփոխված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանին մշտական անդամի կարգավիճակ տրամադրելուն: «ԱՄՆ-ն եւ Հնդկաստանը հաստատել են իրենց վճռականությունը՝ դիմակայելու բազմակողմ համակարգը միակողմանիորեն խարխլելու ցանկացած փորձի: Առաջնորդներն ընդգծել են բազմակողմ համակարգն ամրապնդելու եւ բարեփոխելու անհրաժեշտությունը, որպեսզի այն կարողանա ավելի լավ արտացոլել արդի իրողությունները: Այս համատեքստում երկու կողմերը հավատարիմ են մնում ՄԱԿ-ի բարեփոխման համապարփակ օրակարգին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական եւ ոչ մշտական անդամների կատեգորիաների ընդլայնման ճանապարհով», - նշվում է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ դառնալու ցանկության մասին Հնդկաստանը հայտարարել էր դեռեւս անցած տարի սեպտեմբերի 19-26-ը կայացած ՄԱԿ-ի 77-րդ նստաշրջանի ժամանակ։ Երկրի ԱԳ նախարար Սուբրամանիամ Ջայշանքարն այդ ժամանակ նշել էր, որ Անվտանգության խորհրդի այսօրվա կառուցվածքն անարդյունավետ է, քանի որ ամբողջական մայրցամաքներ են զրկված ձայնի իրավունքից։ Գլխավոր ասամբլեայի քվեարկության արդյունքներով մինչեւ անցած տարվա վերջը Հնդկաստանը նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների տասնյակում էր, թեեւ չուներ վետոյի իրավունք։ Վերոնշյալ փաստաթղթում նշվում է, որ Անվտանգության շուրջ Քառակողմ երկխոսության գագաթնաժողովը (Ավստրալիա, Հնդկաստան, ԱՄՆ եւ Ճապոնիա) կանցկացվի 2024 թ.-ին Հնդկաստանում եւ «կդառնա երկխոսությունը շարունակելու եւ համագործակցությունն ամրապնդելու եւս մեկ հնարավորություն»։

Հնդկաստանի վարչապետի Վաշինգտոն կատարած այցից հետո ձեռք են բերվել մի շարք կարեւոր պայմանավորվածություններ եւս՝ համաձայնեցնելով ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի միջեւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության ճանապարհային քարտեզը։ Այսպես, ամերիկյան General Electric կորպորացիան հնդկական Hindustan Aeronautics-ի հետ միասին Հնդկաստանում կարտադրի F414 ինքնաթիռների շարժիչներ տեղական «The HAL Tejas» կործանիչների համար։ Հնդկաստանը ԱՄՆ-ից գնելու է նաեւ «31 MQ-9B Sea Guardian» ծովային անօդաչու թռչող սարք, ինչպես նաեւ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը հնդկական նավաշինարաններում ստանալու են վերանորոգում իրականացնելու իրավունք։ Որպես «Artemis Accords» նախագծի մի մաս, երկու երկրները զբաղվելու են տիեզերքի հետախուզմամբ եւ 2024 թվականին դեպի Միջազգային տիեզերական կայան ուղարկվող առաքելությամբ: «ՏԱՍՍ» գործակալությունը փոխանցում է, որ Չինաստանի հետ սահմանը պարեկելու համար Հնդկաստանը կօգտագործի ամերիկյան արտադրության հետախուզական եւ հարվածներ հասցնելու անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) MQ-9B: Գործակալության տվյալներով՝ ներկայումս Հնդկաստանի զինված ուժերն օգտագործում են ունեն տեղական եւ իսրայելական արտադրության անօդաչու սարքեր։ Նրանցից շատերը հագեցած են «առաջադեմ սենսորներով եւ տեսախցիկներով, ինչպես նաեւ արբանյակային պատկերներ են օգտագործում սահմանամերձ շրջաններում Չինաստանի գործունեությունը վերահսկելու համար»: Հաղորդվում է, որ անօդաչուները տեղեկություններ են հավաքում չինական զորքի եւ զենքի տեղակայման, հրետանային դիրքերի եւ սահմանային նոր ենթակառուցվածքների մասին:

Այսպիսով, Միացյալ Նահանգներն աջակցում է Հնդկաստանի քաղաքական կշռի մեծացմանը, ինչը հնարավորություն է տալիս «պատերազմել» Չինաստանի հետ միջնորդավորված ձեւով։ Ուժերի հավասարակշռման, ինչպես նաեւ զսպման ու հակակշռման միջոցով ԱՄՆ-ը ձգտում է պահպանել իր գերակայությունը։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։