Image

Շանհայան համագործակցությունը հասավ Հայաստանի սահման. Հեռանկարներ և մեծ հնարավորություններ

Շանհայի համագործակցության կազմակերպության(ՇՀԿ) 23-րդ գագաթնաժողովում, հուլիսի 4-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Իրանն անդամակցում է միությանը՝ դառնալով նրա 9-րդ անդամը: «Շանհայի հնգյակի»՝ Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի միության տեսքով 2011 թվականին մեկնարկելով՝ այս տարիների ընթացքում կազմակերպությանը միացել էին նաև Հնդկաստանը, Պակիստանը և Ուզբեկստանը:

Այլ կերպ ասած՝ այս խոշոր տնտեսական անվտանգային միթյունն այլևս Իրանի միջոցով սահմանակից է Հայաստանին: Հայ-իրանական սահմանն այսօր միավորող օղակ է նաև ԵԱՏՄ-Իրան ուրվագծվող միության համար: Վերոնշյալ հանգամանքներն աննախադեպ մեծացնում են Հայաստանի դերն աշխարհաքաղաքական գործընթացներում, որոնք լիովին տեղավորվում են օրվա գլոբալ գործընթացների տրամաբանության մեջ, որի էությունն այն է, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ այլ պետությունների հետ, փաստացի սառը պատերազմից հետո, ամենալարված հարաբերություններում գտնվող պետության ներկայացրած խոշոր միջպետական միությունը համալրվում է նոր խոշոր և ազդեցիկ անդամով:

Այս պետություններին առաջին հերթին միավորում է տնտեսական շահը, որը նույն տարածաշրջանում գտնվող երկրների համար միավորման բնական նախադրյալն է: Քովիդի համաճարակի հետևանքով աշխարհում արձանագրված տնտեսական ռեգրեսը պետություններին ստիպեց առաջնայնություն տալ տնտեսական ու լոգիստիկ կապերին, որտեղ, բնականաբար, կարևորագույն և բարձր արդյունավետություն ունեն մոտ շուկաները և տարածաշրջանային կապերը:

Ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները նաև հարված հասցրեցին այդ պատժամիջոցներին միացած եվրոպական և ասիական խոշոր պետությունների տնտեսություններին: Քովիդյան տնտեսական կորուստները չվերականգնած ասիական մյուս խոշոր պետությունների համար հակառուսական պատժամիջոցներին միանալն ահռելի վնասների կբերեր, իսկ ՌԴ-ի հետ համագործակցությունն ընդհակառակը՝ մեծ տնտեսական օգուտներ, ինչպիսիք ստացավ ՆԱՏՕ-ի՝ ռազմական ուժերի մեծությամբ երկրորդ անդամ պետություն Թուրքիան: Մոսկվայի հետ աբխազական և հարավօսական հակամարտություններ ունեցող Վրաստանը հրաժարվեց միանալ ՌԴ պատժամիջոցներին, ընդհակառակը՝ սերտացնելով տնտեսական համագործակցությունը՝ նաև վերականգնելով մինչ այդ դադարեցված օդային հաղորդակցությունը վերջինիս հետ: Սա այն դեպքում, երվ Թբիլիսիի և Մոսկվայի միջև արդեն տևական ժամանակ է, ինչ չկա դիվանագիտական կապեր:

Տնտեսական շահերից բացի ՇՀԿ-ի անդամներին միավորում է՝ այսօր գերնպատակ համարվող անվտանգային բաղադրիչը: Միայն անվտանգության բարձր մակարդակն է նվազեցնում ռիսկերը, որոնք տնտեսական գործընթացների վրա ահռելի ազդեցություն ունեն: Լիովին օրինաչափ էր, որ կազմակերպության վերջին համաժողովում, որը նախագահում է Հնդկաստանը քննարկվել է բազմաբևեռ աշխարհի կառուցումը, արտաքին ագրեսիայի դեմ պայքարը։ Պատահական չէ նաև, որ համաժողովին մասնակցում է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը: Մյուս հատկանշական փոստն այն է, որ ՇՀԿ-ի 9 անդամից 4-ը միջուկային տերություններ են: Համաժողովին առանձին անդրադարձ է եղել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրին (ԳՀՀԾ)՝ Թեհրանի հետ «միջուկային գործարքին», որը կանգնել է այնտեղից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով։ ՇՀԿ-ն կոչ արեց վերադառնալ համաձայնությանը:

Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնական առաքելությունը՝ բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման նպատակով հայտ ներկայացնելն է: Մյուս կողմից տնտեսական հիմնական առաջնահերթությունը՝ խոշորագույն տնտեսություններ ունեցող Չինաստանի և Հնդկաստանի՝ դեպի արևմտյան շուկաներ ճանապարհների գործադրումը: Ուկրաինական հակամարտության պատճառով Արևելք-Արևմուտք տնտեսական և լոգիստիկ կապերը Ռուսաստանի և կազմակերպությանը միանալու հայտ ներկայացրած Բելառուսի միջոցով անորոշ ժամանակով սահմանափակվել են և առաջնայնություն է ստանում նոր անդամ Իրանի միջոցով այդ խոշորագույն կապի ակտիվացումը: Այստեղ է, որ կտրուկ բարձրանում է Հայաստանի դերը՝ ինչպես Հյուսիս-Հարավ, այնպես էլ Արևելք-Արևմուտք կապերի համատեքստում, հատկապես տարածաշրջանային տրանսպորտային կապերի վերականգնման դեպքում: Հայաստանն ձևավորվող այս խոշոր միության ընձեռած բացառիկ հնարավորություններից պետք է առավելագույնս օգտվի, որը ոչ միայն տնտեսության զարգացման ահռելի խթան կդառնա, այլևկտրուկ կբարձրացնի նրա դերն աշխարհաքաղաքական գործընթացներում:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։