Image

Չինաստանը բազմաբեւեռ աշխարհակարգում

Ներկա աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական գործընթացներում իր ուրույն դերակատարությունն ու կշիռն ունի Չինաստանը։ Այս երկրի տնտեսական, տեխնոլոգիական, մարդկային, տարածքային ռեսուրսները հնարավորություն են ընձեռում կայուն դիրք զբաղեցնել նոր ձեւավորվող աշխարհակարգում։

Մեծ Բրիտանիայի Routledge հրատարակչության կողմից վերջերս լույս է տեսել «Չինաստանը եւ Եվրասիական տերությունները բազմաբեւեռ աշխարհակարգում 2.0. անվտանգություն, դիվանագիտություն, տնտեսություն եւ կիբերտարածություն» գիրքը, որում մի շարք երկրների գիտնականներ անդրադառնում են փոփոխվող բազմաբեւեռ աշխարհակարգում եվրասիական մայրցամաքի երկրների եւ մասնավորապես Ռուսաստանի հետ Չինաստանի հարաբերություններին, որոնք առնչվում են թե քաղաքականությանը, թե տնտեսությանը, թե կիբերտիրույթին ու տեխնոլոգիաներին։ Անդրադարձ կա ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ գերիշխանության համար տեղի ունեցող պայքարին, նաեւ ուկրաինական պատերազմի հետեւանքներին բազմաբեւեռ աշխարհի վրա։

«ՀՀ թերթը» զրուցել է գրքի խմբագիր, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար Մհեր Սահակյանի հետ։ նրա խոսքով, Չինաստանը դարձել է կարեւոր բեւեռ այսօրվա բազմաբեւեռ աշխարհակարգում, այդ թվում նաեւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շնորհիվ թ՛ե Հարավային Կովկասում, թե՛ Կենտրոնական Ասիայում եւ թե՛ Մերձավոր Արեւելքում։ Դրանով Չինաստանը մեծացնում է իր տնտեսական ներկայությունը, ներդրումներ է կատարում։ Արդեն իսկ ավարտել է ենթակառուցվածքների մոդեռնիզացիան Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում։ «Այդ ամենը Չինաստանին բերում է նաեւ քաղաքական ազդեցություն տվյալ տարածաշրջաններում։ Կենտրոնական Ասիայում Չինաստանը փորձում է Ռուսաստանի հետ աշխատել։ Այստեղ որոշակի բաժանում կա, այսինքն՝ անվտանգության հարցերով Ռուսաստանն է զբաղվում, տնտեսական հարցերով՝ Չինաստանը, բայց ժամանակն աշխատում է Չինաստանի օգտին»,- ասում է գրքի խմբագիրը, ապա շարունակում․ «Եթե անդրադառնանք ուկրաինական պատերազմին, այստեղ Չինաստանը փորձում է որոշակի չեզոքություն պահպանել, այսինքն՝ մի կողմից քաղաքական հայտարարություններով չի օժանդակում Ռուսաստանին, բայց մյուս կողմից՝ գնելով ռուսական նավթը, գազը, հնարավորություն է ընձեռում, որպեսզի Ռուսաստանի տնտեսությունը չփլուզվի։ Չինաստանի համար նոր բազմաբեւեռ աշխարհակարգում Ռուսաստանը կարեւորագույն նշանակություն ունի․ Չինաստանում հասկանում են, որ եթե Արեւմուտքը Ռուսաստանին վերջնականապես պարտության մատնի Ուկրաինայում, ապա հաջորդը կլինեն իրենք եւ այդ դեպքում Չինաստանը միայնակ կմնա։ Այս ամենից բացի, Չինաստանը նաեւ հետաքրքրություններ ունի Ուկրաինայում։ Մինչեւ պատերազմի սկիզբը՝ 2021 թ-ին, Ուկրաինան 18 մլրդ դոլարի առեւտուր էր անում, այդ բալանսում ամենամեծ դերակատարությունն ուներ Չինաստանը։ Հիմա այդ ցուցանիշն իջել է շուրջ 8 մլրդ դոլարի»։

Պատերազմի պատճառով փակվել են նաեւ տրանսպորտային ճանապարհները, որոնք Ռուսաստանից դեպի Եվրոպա են անցնում Ուկրաինայի եւ Բելառուսի տարածքներով։ Ներկայումս Արեւմոտւքը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի բեռնափոխադրող եւ մյուս ընկերությունների վրա, Ռուսաստանն էլ իր հերթին է պատժամիջոցներով պատասխանել։ Արդյունքում Ռուսաստանով անցնող երկաթուղիների եւ ճանապարհների չգործելու հետեւանքով Չինաստանի առեւտուրը դեպի ԵՄ կրճատվել է 40 տոկոսով։ Այդ համատեքստում մեծանում է Կենտրոնական Ասիայով Հարավային Կովկաս անցնող ճանապարհների նշանակությունը։ Գրքում նշվում է, որ այդ պարագայում անհրաժեշտ է, որպեսզի Հարավային Կովկասում վերջնական խաղաղություն հաստատվի, այնինչ Արցախի հարցը լուծված չէ եւ հնարավոր է նոր պատերազմ։ Սահակյանը նշում է, որ դրա համար Չինաստանն ու միջազգային հանրությունը պետք է հետաքրքրված լինեն այս տարածաշրջանի խաղաղությամբ, որպեսզի տրանսպորտային հանգույցները չհայտնվեն պատերազմական գործողությունների թիրախում։

Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ BRICS-ի երկրները ձգտում են ոսկու հիմնան վրա արժույթ ստեղծել։ Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է դա իրակատեսական ներկա պայմաններում, զրուցակիցս նշեց, որ նման խոսակցությունները ընթանում են արդեն որոշակի ժամանակ, քանի որ Ռուսաստանը պատժամիջոցների է ենթարկվում, հնարավոր է նաեւ նման պատժամիջոցների կիրառելու փորձեր արվեն Չինաստանի եւ այն երկրների նկատմամբ, որոնք BRICS-ում են կամ ցանկություն ունեն մտնելու կառույց․ «Այդ երկրները փորձում են նման օրակարգեր առաջ տանել, բայց ներկա փուլում, կարծում եմ՝ դրանք դեռ կմնան խոսակցությունների մակարդակում։ Խնդիրն այն է, որ երկրների միջեւ կա տնտեսական անհամապատասխանելիություն․ Ռուսաստանը ԵԱՏՄ-ի տարածքում է գործում, Չինաստանը մեկ այլ տնտեսություն է, որի հզորության եւ չափերի հետ չի կարող համեմատվել BRICS-ի մեկ այլ երկիր։ Հնդկաստանը թեեւ մեծ շուկա է, բայց որոշակիորեն այլ ֆինանսաբանկային համակարգում է գործում»։

Վերադառնալով գրքին, նշենք, որ հատուկ անդրադարձ կա կիբերանվտանգությանը։ Սահակյանի խոսքով, այսօրվա բազմաբեւեռ աշխարհակարգը տարբերվում է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ եղած բազմաբեւեռ աշխարհակարգից, որի հիմնական պատճառներից մեկն էլ կիբերտիրույթն է։ Այսինքն՝ մեր օրերում պետությունները փորձելու են առճակատման գնալ նաեւ կիբերտիրույթում այն ազդեցության գոտիների բաժանելու համար, ինչն էլ՝ կհանգեցնի նոր հակամարտությունների եւ խնդիրների։

Գիրքն անգլերենով է, այն ներկայացնում է հայ, ավստրիացի, չինացի, ռուս, թուրք, իսպանացի, սերբ, հույն, իտալացի գիտնականների աշխատանքները։ Ներկա դրությամբ գիրքն իր պատվավոր տեղն է գտել աշխարհի լավագույն համալսարանների՝ Օքսֆորդի, Քեմբրիջի, Հարվադի, Վիեննայի, Սորբոնի, Կոլումբիայի եւ այլ համալսարանների գրադարաններում։ Զրուցակիցս նշեց, որ գրքի ստեղծման նախաձեռնությունն ամբողջովին հայկական կողմին է պատկանում։ Այն նախաձեռնվել է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհրդի կողմից, որոշակիորեն կապ ունի «Չինաստան-Եվրասիա» գիտաժողովի հետ։ «Դրանով հնարավորություն է ընձեռվում Հայաստանը եւս ամրագրել համաշխարհային գիտական քարտեզի վրա։ Սա արդեն երկրորդ գիրքն է։ Մենք շնորհավորական նամակ ենք ստացել Շանհայի համագործակցության կազմակերպության չինական կոմիտեից, ինչը նշանակում է, որ գործնական աշխատանք կատարող մեր գործընկերները նույնպես հետաքրքված են գրքով»,- ընդգծեց գրքի խմբագիրը՝ հույս հայտնելով, որ իրենց առաջարկությունները որոշակի ազդեցություն ունենալ։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։