Image

Միջազգային հարթակներում մուրացկաններին չեն օգնում

Գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո երեկ Սոչիում կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Բանակցությունների օրակարգում էր հացահատիկի գործարքի վերսկսումը, ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները, Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը։

Պուտին- Էրդողան հանդիպումն այնուամենայնիվ չհանգեցրեց սեւծովյան հացահատիկի գործարքի վերսկսմանը․ Ռուսաստանն այն վերաձեւակերպեց՝ մտադրություն հայտնելով մինչեւ մեկ միլիոն տոննա հացահատիկ ուղարկել Թուրքիա՝ իջեցված գներով, որպեսզի վերամշակվի թուրքական գործարաններում եւ ուղարկվի առավել կարիքավոր երկրներին, մասնավորապես Պուտինը միջնորդել է հացահատիկի անվճար առաքում իրականացնել աֆրիկյան վեց երկրներ: Նկատենք, որ աֆրիկյան ուղղությունը վերջին շրջանում հետաքրքրություն է ներկայացնում թե Թուրքիայի, թե Ռուսաստանի համար, որտեղ երկու պետություններն էլ փորձում են փափուկ ուժի միջոցով ընդլայնել իրենց ազդեցությունը։ Դա քաղաքական կապիտալ է, որը կարող է զարգանալ եւ քաղաքական շահույթ ապահովել։ Հիշեցնենք, որ հացահատիկի գործարքը դադարեցվել էր հուլիսի 18-ին, որպես հիմնավորում Ռուսաստանը նշում էր, որ հացահատիկի մեծ մասն արտահանվում է արեւմտյան երկրներ, այլ ոչ թե կարիքավոր երկրներին, այդ թվում, աֆրիկյան։ Իրականում Ռուսաստանն ակնկալում է, որ Արեւմուտքը կթուլացնի պատժամիջոցները, կհրաժարվի SWIFT-ի արգելափակումից եւ թույլ կտա ռուսական հացահատիկին ու պարարտանյութին մուտք գործել համաշխարհային շուկաներ: Ինչպես միշտ շահողի դերում հայտնվում է Թուրքիան՝ լավագույնս կարողանալով օգտագործել հակառակորդ կողմերի տարաձայնություններն ու հակասությունները։

Երկու երկրները Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը ձգտում են ներկայացնել միայն դրական լույսի ներքո, սակայն հայտարարությունները հուշում են, որ տնտեսական, ֆինանսական, առեւտրային ոլորտներում արձանագրված պայմանավորվածությունների կողքին խնդրահարույց են մնում քաղաքական, տարածաշրջանային խնդիրներում առկա տարաձայնությունները։ Դաշնային խորհրդի միջազգային քաղաքականության կոմիտեի անդամ Նատալյա Նիկոնորովան՝ մեկնաբանելով հանդիպման արդյունքները ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել էր, որ Մոսկվան եւ Անկարան ունեն համագործակցության բավարար ոլորտներ՝ զբոսաշրջություն, առեւտուր, ատոմային էներգիա եւ շատ այլ ոլորտներ, բայց չնայած երկու «երկրների փոխգործակցության անհերքելի փոխադարձ առավելություններին, Թուրքիան պետք է խստորեն հարգի Ռուսաստանի ազգային շահերը»: Պուտինի հետ հանդիպումից հետո Էրդողանը գրառում է կատարել, կրկին նշելով «Մոսկվայի եւ Անկարայի համագործակցությունը առեւտրի, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տնտեսության եւ ֆինանսների ոլորտներում»։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրներին, ապա դրանց լուծումը պայմանավորել է Ռուսաստանի հետ սերտ շփումներով։

Ուկրաինայի մասով Էրդողանը հերթական անգամ վերահաստատել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ որպես միջնորդ հանդես գալու իր պատրաստակամությունը։ Թուրքիայի նախագահը բազմիցս է առաջարկել հանդես գալ այդ կարգավիճակով, սկսած 2022 թվականի մարտի վերջից, երբ Ստամբուլում անցկացվեցին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղված բանակցությունները։ Սակայն Պուտինը չի շտապում ընդունել Թուրքիայի միջնորդական ծառայությունները միանձնյա դիրքից եւ իր երախտագիտությունն է հայտնել ոչ միայն Թուրքիային, այլեւ Չինաստանին եւ աֆրիկյան այն երկրներին, որոնք նույնպես առաջարկել են իրենց միջնորդական ծառայությունները։ Էրդողանը չի մոռանում նաեւ իր օրակարգը զարգացնել․ դեռեւս օգոստոսի 24-ին, տեսաուղերձ էր հղել Կիեւում անցկացվող Ղրիմի պլատֆորմի առաջնորդների 3-րդ գագաթնաժողովին՝ նշելով, որ Ղրիմը չի ճանաչում Ռուսաստանի կազմում։ «Ղրիմի բնիկ ժողովուրդներից թաթար թուրք ազգականների անվտանգության եւ բարեկեցության ապահովումը նույնպես Թուրքիայի առաջնահերթություններից է», -ասել էր Էրդողանը։

Մեզ համար ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ օգոստոսին կառավարամետ «Hurriyet» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ բանակցությունների օրակարգում ի թիվս վերոնշյալ հարցերի, քննարկվելու են նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները։ Սակայն երեկ եւ այսօր թուրքական եւ ռուսական լրատվական հոսքերում մեզ հետաքրքրող հարցի մասին նշումներ չկան, ինչը կարող է հուշել, որ այս ուղղությամբ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Եթե դրան ավելացնենք Ադրբեջանի կողմից տեղեկատվական ահաբեկչությունը, մասնավորապես, ադրբեջանական սոցցանցերում տարածվող տեսանյութերը ռազմական տեխնիկայի շարասյունների տեղաշարժի ու մոբլիզացիայի մասին, ինչպես նաեւ փաստացի սպառնալիքը, այն է՝ գրեթե ամենօրյա ռեժիմով Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից կրակի բացումը հայկական դիրքերի ուղղությամբ, ապա պարզ է դառնում, որ մեր շուրջ իրավիճակը վտանգավոր զարգացումներ կարող է ունենալ հաշված օրերի, անգամ ժամերի ընթացքում։

Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունն այսքան վտանգավոր եւ մտաոգիչ չէր լինի, եթե Հայաստանի գործող իշխանությունը երկրի անվտանգային միջավայրը բարելավելու փոխարեն խաղաղություն չմուրար մեր իսկ թշնամուց։ Ադրբեջանն էլ շարունակում է ապատեղեկատվություն տարածել իբր հայկական կողմն է կրակ բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այստեղ են ասել, ուր էր մեզ նման բախտ, որ հայկական կողմը «ատամ ցույց տար»։ Դրան զուգահեռ Ադրբեջանն ըստ տարբեր աղբյուրների, զորքեր է կուտակում Նախիջեւանի, Վայոց Ձորի, այդ թվում՝ Ջերմուկի ուղղությամբ, միաժամանակ մեծաքանակ զենք է ներկրում Թուրքիայից եւ Իսրայելից։ Հայաստանի դեմ պատերազմելու համար ներկրվող զենքը երբեմն անցնում է Հայաստանի օդային սահմանով։ Հանրային լայն շրջանակներ ակնկալում են, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ քայլեր կձեռնարկեն Հայաստանի միջազգային գործընկերները, չհասկանալով պարզ ճշմարտություն, որ միջազգային հարթակներում մուրացկաններին չեն օգնում։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։