Թուրքիան անփոխարինելի չէ

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում սեպտեմբերի 9-10-ը անցկացված G20-ի գագաթնաժողովի շրջանակներում քննարկվել են ներկա մարտահրավերների լուծման ուղիներն ու տարբերակները։ Հետաքրքիրություն է ներկայացնում նաեւ ամփոփիչ հռչակագիրը, որտեղ 7 պարբերություն նվիրված է եղել Ուկրաինային, սակայն պատերազմին վերաբերող պարբերությունում Ռուսաստանն ընդհանրապես նշված չէ։ Ուշագրավ է, որ գագաթնաժողովին չեն մասնակցել Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդները։
Գագաթնաժողովի արդյունքներից առանձնացնենք Հնդկաստան-Մերձավոր Արեւելք-Եվրոպա տնտեսական միջանցքի (IMEC) մեկնարկի մասին փոխըմբռման հուշագրի ստորագրումը Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Եվրամիության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Միացյալ Նահանգների ղեկավարներ կողմից։ Այն միջնորդավորված ձեւով առնչվում է նաեւ մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Հնդկաստան-Մերձավոր Արեւելք-Եվրոպա տնտեսական միջանցքը ներառելու է ծովային կապը Հնդկաստանից դեպի Պարսից ծոցի տարածաշրջան, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի երկրները Եվրոպային կապող երկաթուղային ցանցը: Տնտեսական միջանցքի ստեղծման նպատակն է պարզեցնել, նվազեցնել ծախսերը եւ արագացնել ապրանքների փոխանակումը Հնդկաստանի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Իսրայելի եւ Եվրոպայի միջեւ: Միաժամանակ նախատեսվում է ձեւավորել երկու անկախ մուլտիմոդալ միջանցք՝ հարավայինը Հնդկաստանի եւ Պարսից ծոցի երկրների միջեւ եւ հյուսիսայինը՝ Պարսից ծոցի երկրներից դեպի Եվրոպա։
Նման զարգացումը լավ հնարավորություն է Հնդկաստանի համար դառնալու կարեւոր օղակ տնտեսական հարթությունում, ինչն ինքնըստինքյան ավելի կբարձրացնի նաեւ երկրի քաղաքական դերակատարությունը համաշխարհային շղթայում։ Սա ձեռնտու է Արեմուտքի համար, քանի որ տարածաշրջանում եւ մասնավորապես դեպի համար ազդեցության ընդլայնման ճանապարհին Հնդկաստանը կարող է հանդես գալ Չինաստանին որպես այլընտրանք։ Նշենք, որ վերջին շրջանում Հնդկաստանը հանդես է եկել «Համաշխարհային հարավի» շահերի ձայնը լսելի դարձնելու դիրքերից եւ կարծում է, որ կարող է կամուրջ դառնալ տնտեսապես զարգացած եւ զարգացող երկրների միջեւ։ Նյու Դելին առաջարկում է G20-ի լիիրավ անդամ դարձնել Աֆրիկյան միությունը, որը ներկայացնում է աֆրիկյան 55 երկրներ: Ծրագիրը լայն աջակցություն է վայելում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի կողմից։ Նման հեռանկարին թերահավատ են վերաբերում G20-ի որոշ անդամներ, ներառյալ Ավստրալիան եւ Ինդոնեզիան: Աֆրիկայի նկատմամբ հետարքրքություն են ներկայացնում նաեւ Չինաստանը, Ռուսաստանն ու Թուրքիան։
Վերադառնալով Հնդկաստան-Մերձավոր Արեւելք-Եվրոպա տնտեսական միջանցքին, նշենք, որ որոշ փորձագետներ նախագծի իրագործելիության մասով թերահավատություն ունեն ֆինանսավորման հետ կապված, ինչպես նաեւ միջանցքի հատվածականությամբ պայմանավորված բեռնման եւ բեռնաթափման ծախսերի մեծացման հետ։ Ամեն դեպքում, այն Արեւելքն ու Արեւմուտքը տնտեսապես միմյանց կապող այլընտրանքային ուղի է։ Միեւնույն ժամանակ այն հարված է Թուրքիային, քանի որ շրջանցում է այս երկիրը։ Էրդողանն արտաքին քաղաքական մեգածրագրերն իրականացնելիս շեշտը դնում է աշխարհագրական դիրքից բխող առավելությունների եւ դրա արդյունքում կոմունիկացիոն, էներգետիկ, տնտեսական, հացահատիկային հանգույց լինելու բացառիկ կարեւորության վրա։ Եվ ահա Թուրքիան շրջանցող վերոնշյալ համաշխարհային տարանցիկ երթուղին երկրորդն է, որով հարված է հասցվում թուրքակենտրոն միջանցքների թեզին։ Ինչպես ջրի ակունքին նստած վիշապը, Թուրքիան ոչինչ չտալով ձգտում է քաղաքական, տնտեսական դիվիդենտներ հավաքել եւ օգտվել ուրիշների ստեղծած ռեսուրսներից։ Թուրքիան առանցքային օղակ չհամարող մյուս նախագիծը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությունն է։ Ի դեպ, G20-ի գագաթնաժողովից հետո վերադառնալով Թուրքիա, Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը պետք է մաս կազմի չինական նախագծին: «Չինաստանը մեծ առաջընթաց է գրանցել այս նախաձեռնության իրականացման հարցում, եւ նա շարունակում է առաջ շարժվել: Բայց մենք նաեւ աշխատում ենք այս ուղղությամբ: Նպատակն է երկարացնել ճանապարհը դեպի Մարմարա։ Առանց Թուրքիայի, տրանսպորտային միջանցքը չի կարող գոյություն ունենալ: Թուրքիան կարեւոր արտադրական եւ առեւտրային բազա է: Արեւելքից արեւմուտք ամենահարմար ճանապարհը պետք է անցնի Թուրքիայով»,- Էրդողանի խոսքերն է մեջբերել թուրքական պետական հեռուստաալիքը։ Անփոխարինելի լինելու միֆականության կորուստը թերեւս կնպաստի, որպեսզի Թուրքիան զսպի իր ծավալապաշտական քաղաքականության դրսեւորումները։